«Ելք»-ը քաղաքական աջակցություն է ցուցաբերում իշխանություններին

ԱԺ «Ելք» խմբակցությունը կամ քաղաքական աջակցություն է ցուցաբերում Սերժ Սարգսյանին, կամ էլ չի պատկերացնում, թե ուժերի ինչպիսի հարաբերակցություն է ձևավորվել տարածաշրջանում։ Կա նաև երրորդ տարբերակը՝ «Ելք»-ի մեր գործընկերները իշխանության գալու նպատակ ու ցանկություն չունեն և որոշել են բավարարվել ընդդիմադիրի հավերժ կարգավիճակով։ Այսինքն՝ միշտ ընդդիմություն աշխատել։ Հակառակ դեպքում քաղաքական այդ դաշինքը Եվրասիական տնտեսական միությունից (ԵԱՏՄ) դուրս գալու գործընթաց ներկայումս չէր նախաձեռնի։

Բոլորի համար էլ հասկանալի է, որ ԵԱՏՄ-ի անդամ լինելը Հայաստանի շահերից չի բխում, շրջանցենք քաղաքական էթիկայի բոլոր նորմերը և արձանագրենք, որ դա ապագա չունեցող, փտած, չկայացած և կայանալու հեռանկարներ չունեցող կառույց է։ Այլ խոսքով ասած՝ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է դարձել իր կամքին հակառակ՝ նկատի ունենալով ապագայում հարմար առիթի դեպքում դրանից ձերբազատվելու հեռանկարը։

Բայց այդ կառույցից դուրս գալու գործընթացը պետք է այնքան նուրբ և անցնցում կազմակերպվի, որ հանկարծ Հայաստանը տարածաշրջանում նոր թշնամիներ ձեռք չբերի, խուսափի հնարավոր ցնցումներից և շրջանցի Ղարաբաղը հարվածի տակ դնելու սպառնալիքը։

Առանց այն էլ Հայաստանը շրջապատված է իր դեմ թշնամաբար տրամադրված պետություններով։ Ադրբեջանը սպառնում է գոյությանը, Թուրքիան, մեղմ ասած, բարեկամաբար տրամադրված չէ, Վրաստանը Հայաստանին դիտարկում է որպես մրցակից, իսկ Իրանն էլ բարեկամության քողի ներքո փոխհարաբերությունների երկակի համակարգ է ձևավորել Հայաստանի ու Ադրբեջանի հետ։ Եվ այս զգայուն, ամեն րոպե պայթելու սպառնալիքի տակ գտնվող տարածաշրջանում արդյոք արդարացված կլինի՞ ձեռք բերել մի նոր թշնամի, որն ունի ռևանշիստական տրամադրություններ ու դրանից ելնելով դարձել է շատ ավելի վտանգավոր, քան Խորհրդային Միությունն էր։

Արդյոք հնարավո՞ր է հույս դնել ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի վրա։ Երիցս ո՛չ։ Նույնիսկ այդ կառույցներն են հասկանում, որ Հայաստանը այս փուլում այլընտրանք չունի, և փորձում են էլ ավելի չսրել իրավիճակը, քանի որ ո՛չ ՆԱՏՕ-ն և ո՛չ էլ ԵՄ-ն այդքան ռեսուրս չունեն տարածաշրջանում ուժերի հարաբերակցությունը փոխելու համար։ Նրանք բավարարվում են միայն Հայաստանի հետ գործընկերային փոխհարաբերություններով, ինչը բխում է բոլորի շահերից և՛ Հայաստանի, և արևմտյան կառույցների, իսկ Ռուսաստանն էլ դեմ չէ։

Այսպիսի պայմաններում «Ելք»-ը ինչպե՞ս է պատկերացնում Հայաստանի անվտանգության կազմակերպումը։ Ինչո՞ւ դաշինքի մեր գործընկերները չեն հասկանում, որ այս փուլում առանց այն էլ գրեթե բոլոր ոլորտներում Ռուսաստանից կախվածության մեջ գտնվող Հայաստանը չի կարող իրեն թույլ տալ «Կրեմլի» պես թշնամի ձեռք բերել։ Առհասարակ ոչ մի պետության հետ չի կարելի թշնամանալ, բայց Հայաստանը Ռուսաստանին կկարողանա հակադրվել միայն այն ժամանակ, երբ կարգավորվի ղարաբաղյան հակամարտությունը և բացվի Թուրքիայի հետ փակ սահմանը։ Բաց նույնիսկ այդ դեպքում կտրուկ գործողությունները արդարացված չեն լինի։ Իսկ հիմա՞, մի՞թե հիմա հնարավոր է այդ ճանապարհով ընթանալ։ Ոչ միայն հնարավոր չէ, այլ նաև այս անհեռանկար նախաձեռնությամբ «Ելք»-ը արժեզրկում է ապագայում ԵԱՏՄ-ից դուրս գալու հեռանկարը։

Ինչպե՞ս է «Ելք»-ը ապահովելու Հայաստանի անվտանգությունը։ Տպավորություն է, որ «Ելք-»-ը ոչ իշխանության գալու խնդիր է դրել և ո՛չ էլ հասկանում է Հայաստանի անվտանգության համակարգի առանձնահատկությունները։

Խնդիրն այն է, որ Սերժ Սարգսյանին ձեռնտու է ունենալ հակառուսական ընդդիմություն։ Շատ դեպքերում իշխանությունները ռուսական ճնշումներին դիմագրավելու կամ էլ ռուսներից ինչ-որ մի բան կորզելու համար կիրառում են երկրի հակառուսական մարգինալ ուժերի պատրվակը։ Դա չափազանց արդյունավետ մեխանիզմ է, որի միջոցով փաստորեն «Ելք»-ը նույնիսկ իր կամքից անկախ քաղաքական աջակցություն է ցույց տալիս Բաղրամյան 26-ին։ Այսինքն Սերժ Սարգսյանը և՛ հակառուսական, և՛ հակաարևմտյան ուժերի միջոցով մանևրելու լայն հնարավորություններ է ստանում՝ միևնույն ժամանակ ապահովելով իր իշխանության շարունակականությունը։

Հայաստանում իշխանություններ ձևավորվում են գերտերությունների կոնսենսունսի արդյունքում։ Սերժ Սարգսյանի իշխանությունը նույնպես ձևավորվել է Ռուսաստանի, ԵՄ-ի և ԱՄՆ-ի համաձայնության արդյունքում։ Եվ այսպիսի պայմաններում «Ելք»-ը ինչպե՞ս է պատրաստվում գալ իշխանության, եթե թշնամանում է այդ ուժերից տարածաշրջանում ամենամեծ ազդեցություն ունեցողի հետ։

Կրկնենք նորից։ Հայաստանի և Ռուսաստանի փոխհարաբերությունները բավականին բարդ են, բայց դրանք պետք է կարգավորվեն աստիճանաբար ու առանց ցնցումների։ Ներկա փուլում ցանկացած կտրուկ գործողություն մեծապես վնասելու ինչպես Հայաստանին, այնպես էլ Արցախին։

Եթե «Ելք»-ը իսկապես ցանկանում է իշխանության հասնել, ապա պետք է վերանայի իր այդ պոպուլիստական կեցվածքը և հանդես գա քաղաքական պրագմատիզմի դիրքերից՝ հաշվի նստելով իրականության հետ։ Հակառակ պարագայում ամեն անգամ ԵԱՏՄ-ից դուրս գալու ձախողված փորձ նախաձեռնելով՝ դաշինքը արժեզրկելու է այդ գործընթացի բովանդակությունը։

Կարպիս Փաշոյան

Մեկնաբանություն
X