Աշխարհի «թայմ աութը» եվ Հայաստանը

Երրորդ համաշխարհային պատերազմը, կարելի է ասել, մոտենում է ավարտին: Մարդկությանն այս անգամ հաջողվեց խուսափել միջուկային հանգուցալուծումից, որին շատ մոտ էր կանգնած` այս անգամ Ճապոնիայից ոչ հեռու` Կորեական թերակղզում: Դժվար է ասել` ինչը նպաստեց դրան: Գերտերությունների առաջնորդների խոհեմությո՞ւնը, թե՞ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ի հայտ եկած հանգամանքները, որոնք արդյունք էին գերտերություններից բացի մնացյալ աշխարհի զարգացման: Մեզ ավելի հավանական է թվում երկրորդը: Խորհրդային Միության փլուզումից հետո իրեն վերագտած Ռուսաստանը, ինչպես նաեւ Չինաստանը, Իրանը, միջուկային պատասխան հասցնելու պատրաստ Հյուսիսային Կորեան խիստ որոշակի դերակատարություն ունեցան աշխարհում իրադրության հավասարակշռման գործում եւ մեծապես չափավորեցին, Պուտինի բնորոշմամբ` միակ գերտերության` ԱՄՆ-ի աշխարհակալ ախորժակը: Վերջապես, կարեւոր դերակատարություն ունեցավ Եվրոպան, որն այս անգամ ամբողջությամբ չներքաշվեց անգլո-ամերիկյան ծրագրերի մեջ: ԵՄ պահվածքն Ուկրաինայի հարցում` ԱՄՆ հակառուսական պատժամիջոցներին խստությամբ չհետեւելը, Ռուսաստանի հետ բանակցային նոր հարթակների ձեւավորումը (նորմանդական քառյակ, «Հյուսիսային հոսք-2» գազատարի շինարարություն, ի տարբերություն ԱՄՆ-ի` Ուկրաինային ռազմական աջակցություն ցուցաբերելուց հրաժարվելը, ԱՄՆ հակաահաբեկչական կոալիցիային չափավոր մասնակցություն եւ այլն) դրա վկայությունն է: Եվրոպային առանձնապես «չհուզեց» նաեւ Մեծ Բրիտանիայում տեղի ունեցած հանրաքվեն, որով այդ երկիրը որոշեց դուրս գալ ԵՄ կազմից: Մեծ Բրիտանիային այսօր ոչ ոք չի խնդրում մնալ Եվրամիության մեջ, ինչը Միացյալ Թագավորությանը զրկում է Brexit-ի հարցով բանակցություններում թելադրող դիրքեր նվաճելու հնարավորությունից:

Երբ Ռուսաստանն ուղղակի կերպով ներգրավվեց սիրիական ճգնաժամի մեջ, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հստակ հայտարարեց, որ դրա համար Ռուսաստանն ստիպված կլինի մեծ գին վճարել: Օբաման չէր սխալվում: Ռուսաստանը վճարեց այդ գինը, գուցե նույնիսկ մի քանի անգամ ավելի, քան պատկերացնում էր Օբաման: Նա, հավանաբար, հաշվի չէր առել այն հանգամանքը, որ Ռուսաստանն այլեւս «մեծ բենզալցակայան չէ բաց երկնքի տակ», ինչպես սիրում էին ասել Արեւմուտքում: Չինաստանի, Իրանի, մի շարք այլ երկրների հետ համագործակցության արդյունքում Ռուսաստանին հաջողվեց Սիրիայում ծանրության նժարը թեքել իր կողմը, իսկ քրդական հանրաքվեով նույնիսկ բեկանել Իրաքում եւ Թուրքիայում ԱՄՆ գերիշխանության մասին միֆը:

Ռուսաստանի հանդեպ ԱՄՆ քաղաքականության մեջ վերջին մեկ տարում ի հայտ եկած «մեղմացմանը» նպաստեց նաեւ Ուկրաինայում ՄԱԿ խաղաղարարներ տեղակայելու հարցում ռուսական կողմի համաձայնությունը, ինչը թույլ չտվեց ԱՄՆ-ին Սիրիայում մարած պատերազմական գործողությունները տեղափոխել Դոնբաս:

Սիրիայի քաղաքական կարգավորման հարցում ԱՄՆ-Ռուսաստան պայմանավորվածությունները ենթադրում են լարվածության հետագա թուլացում ոչ միայն Սիրիայում: Այդ պայմանավորվածության հետ կապված երկխոսությունը հրաշալի հնարավորություն է հակամարտությունների մյուս օջախներում եւս շունչ առնելու համար, մանավանդ, որ վերջին 8-9 տարիներին պակաս գին չի վճարել նաեւ ԱՄՆ-ն` սկսյալ «արաբական գարուններից»:

ԱՄՆ-ն նոյեմբերի 9-ին Վիեննայի մշտական կոմիտեի նիստում հստակ հայտարարեց Ղարաբաղում ներկայիս ստատուս-քվոն պահպանելու մասին, որից հետո դրան իր համաձայնությունը տվեց նաեւ Ռուսաստանը: Սա, իհարկե, չի նշանակում հակամարտության վերջնական սառեցում, առավել եւս` կարգավորում: Այս փուլում ստատուս-քվոյի պահպանումը, որին, կարծես, դեմ չէ նաեւ ՄԽ համանախագահ երրորդ երկիրը` Ֆրանսիան, միանգամայն համահունչ է բոլոր համաշխարհային պատերազմներին հետեւող կարգավորումների անշտապ ընթացքին, երբ ավելորդ լարումներ պետք չեն ոչ մեկին: Այլ խոսքով` վրա է հասել պատերազմից հետո գույքագրում կատարելու ժամանակը, որի ընթացքում մի կողմ են դրվում հակամարտությունների միակողմանի կարգավորման (օրինակ` «Լավրովի պլան») բոլոր տարբերակներն ու ծրագրերը:

Ինչո՞ւ Պուտինը հույս չունի, որ, չնայած ղարաբաղյան կարգավորման 25 տարիների ընթացքում ձեռք բերված, այսպես կոչված, պայմանավորվածություններին` 5 շրջան կվերադարձվի Ադրբեջանին: Չենք կարծում, որ Էրդողանն առաջին մարդն էր, որ Պուտինից լսեց այդ մասին: Ռուսաստանում եւ Ադրբեջանում խնամքով քողարկեցին Թեհրանում Պուտին-Ալիեւ-Ռոուհանի հանդիպման շատ նրբություններ եւ այն ներկայացրին որպես տարածաշրջանային կոմունիկացիաներին նվիրված քննարկում: Սակայն փաստ է, որ հենց այդ եռակողմ հանդիպումից հետո Էրդողանը հայտարարեց, որ պատրաստվում է Սոչիում Պուտինի հետ քննարկել Ղարաբաղի հարցը: Այն, ինչ դժվար էր հայտարարել Ալիեւի համար, Պուտինի հետ հանդիպումից հետո հայտարարեց Էրդողանը, իսկ Երեւանում նրան լրացրեց նաեւ Լավրովը` ընդգծելով, որ դեռ երկար ժամանակ կպահանջվի Պուտինի մեջ ղարաբաղյան խնդրի ադրբեջանահաճո կարգավորման «հույս» արթնացնելու համար:

Ձեռնտո՞ւ է մեզ ստատուս-քվոյի պահպանումը: Ավելի շատ՝ այո, քան` ոչ: Այո, որովհետեւ դե ֆակտո ունենք անկախ Արցախի Հանրապետություն, ոչ` որովհետեւ խնդրի սառեցմանը զուգահեռ որոշակիորեն կդանդաղի նաեւ Արցախի անկախության դե յուրե ճանաչման գործընթացը: Այո, որովհետեւ Ալիեւն այլեւս չի կարող լայնածավալ ռազմական արշավանք սկսել Արցախի Հանրապետության դեմ, ոչ` որովհետեւ այդ ճակատում պարտության զգացումը լարվածության մեջ է պահելու Ադրբեջանի հասարակությանը` անկայունության նոր օջախ ստեղծելով Հարավային Կովկասում:

ԵԱՏՄ եւ ՀԱՊԿ անդամ Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական Միության միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը եւս պետք է դիտել որպես գլոբալ հակամարտություններից խաղաղության անցման շրջանին ներհատուկ երեւույթ: Եթե 2013 թվականին այդ հարցը դրված էր «կամ-կամ»-ի սկզբունքով, ապա 2017-ին մենք ականատես դարձանք «եւ-եւ» սկզբունքուվ հարցի լուծմանը: Պատահակա՞ն էին ռուս քաղաքագետների հայտարարություններն այն մասին, որ Հայաստանը կարող է կամուրջ դառնալ ԵՄ-ի եւ ԵԱՏՄ-ի միջեւ: Իհարկե` ոչ, որովհետեւ խոսքն իսկապես մեծ ճեղքման մասին է: Հայաստանի կողմից ԵՄ-ի հետ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը, թող մեծադղորդ չհնչի, բաց համեմատելի է մեկ էլ Բեռլինի պատի քանդման հետ, որով «սառը պատերազմից» հետո սկիզբ առավ մեծ «հալոցքն» Արեւմուտքի եւ Արեւելքի հարաբերություններում: Տա Աստված, որ դա լինի երկարատեւ, եւ Հայաստանին, որպես Եվրոպայի եւ Ասիայի միջեւ սահմանային երկրի, իսկապես բաժին հասնի կամուրջ լինելու ծանր եւ միեւնույն ժամանակ կարեւոր եւ ազդեցիկ դերակատարությունը:

Lragir.am-ը նկատել է, որ այս իրադարձությունները ժամանակային առումով համընկան ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի 1920 թ. նոյեմբերի 22-ի իրավարար վճռին, որով որոշվում էր հայ-թուրքական սահմանը: Հավելենք, որ այդ իրավարար վճիռը նույնպես հետեւանք էր հետպատերազմյան «ինվենտարիզացիա» իրականացնելու եւ ստատուս-քվոյի ամրագրման ձգտումների: Թե Հայաստանում ինչ իրադարձություններ տեղի ունեցան 1920 թ. նոյեմբերի 22-ից շատ չանցած` բոլորին է հայտնի: Այսօր իրավիճակն այլ է: Առնվազն առկա չէ Սովետական Ռուսաստան-Թուրքիա հանցավոր դաշինքը, իսկ մյուս կողմից էլ աշխարհը գործ ունի իր անկախության 30-ամյակը բոլորող Հայաստանի Հանրապետության հետ, որ հայտարարել է Արցախի Հանրապետության անվտանգության եւ անկախության երաշխավորը լինելու մասին:

30 տարի, քարը քարին դնելով, հասել ենք այս իրավիճակին: Ավերիչ երկրաշարժ, Արցախյան պատերազմ, Հոկտեմբերի 27, Մարտի մեկ, կեղծված ընտրություններ, արտագաղթ, հասարակության մեջ անարդարության հսկայական բեռ… Հեշտ չի եղել այդ ընթացքը: Բայցեւ փաստ է, որ այսօր գտնվում ենք մի հանգրվանում, որ պետք է հրաժարվենք գրեթե վարքագիծ դարձած ներքին խոտորումներից, որոնք հանգեցրել են հասարակություն-իշխանություն այս անջրպետին:

Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

Մեկնաբանություն
X