Ինչպես հարցազրույց չվերցնել վարչապետից

Եթե մի օր Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողների հետ խոսելու առիթ ունենամ, ապա տարատեսակ հարցերից զատ նրանց կփորձեմ բացատրել, թե ինչ չանել հարցազրույց վերցնելու ժամանակ։ Այո՛, ոչ թե ինչ անել, այլ ինչ չանել, որովհետև արդի լրագրողների մի զգալի մասը հիմնականում անում են այն, ինչ չպետք է անեն՝ հայ լրագրության մեջ տիրապետող դարձնելով ժուռնալիստիկայի տրամաբանությանը հակասող բազմաթիվ երևույթներ։ Հարցազրույցի ընթացքում «ինչ չանելու» մասին զրույցը ես կփորձեմ հիմնավորել «Մեդիամաքսին» վարչապետ Կարեն Կարապետյանի տված հարցազրույցի միջոցով։ Ճիշտն ասած, գործընկերների աշխատանքը քննադատելու երևույթը չափազանց բարդ է և ոչ այնքան հաճելի, բայց «Մեդիամաքսի» խմբագիրն ու տնօրենը հաճախ են իրենց աշխատանքը ներկայացնում որպես «իսկական» լրագրություն՝ անուղղակիորեն հեգնելով այլ լրատվամիջոցներին։ Իբրև թե մենք բարձր նշաձող ենք սահմանել, որին մյուս լրատվամիջոցները չեն ձգում։ Այս տեսանկյունից թերևս արժի հասկանալ, թե այդ ինչ «պրոֆեսիոնալ» գործունեություն է ծավալում «Մեդիամաքսը», որից մյուս լրատվամիջոցները անմասն են մնացել։

Եվ այսպես, անցնենք բուն թեմային, որն է՝ «Մեդիամաքսին» տված Կարեն Կարապետյանի «բացառիկ» հարցազրույցը։ Իհարկե հասկանալի չէ, թե ինչու է լրատվամիջոցն այդ հարցազրույցը դիտարկում որպես բացառիկ։ Բացառիկ է, որովհետև վարչապետն է տվե՞լ, թե՞ հարցազրույցի բովանդակությունն է բացառիկ։ Ինձ թվում է անհասկանալի «բացառիկությունը» պայմանավորված է զուտ այն պատճառով, որ խոսողը վարչապետն է, չկա ուրիշ պատճառ, քանի որ Հայաստանում իսկապես բացառիկ երևույթ է, երբ պետության առաջին դեմքերը հարցազրույց են տալիս։ Իսկ բովանդակությո՞ւնը Դա կարևոր չէ, դրա մասին ոչ ոք չի մտածում, կարևորը վարչապետի գործոնն է։ Իսկ ինչու՞ է վարչապետը հարցազրույց տվել հենց «Մեդիամաքսին», այլ ոչ թե օրինակ Հրապարակ օրաթերթին։ Պարզից էլ պարզ է, նա նախապես իմացել է, որ լրատվամիջոցի տնօրեն Արա Թադևոսյանը բացառապես բարի, պոզիտիվ հարցեր է տալու, իսկ Հրապարակի հարցերը կստիպեին վարչապետին մտածել, ծանր ու թեթև անել, հարցերին զգույշ պատասխանել՝ ունենալով այն գիտակցությունը, թե մի սխալ նախադասությունը կարող է թանկ նստել իր քաղաքական կարիերայի վրա։ Հրապարակի փոխարեն կարող եք առաջարկել ցանկացած այլ լրատվամիջոց։

Ընդհանրապես լրագրողական նյութ պատրաստելուց առաջ պետք է ճշտվեն դրա առաջնային թիրախներն ու նպատակները։ Ո՞րն է հարցազրույցի նպատակը։ Եթե ժուռնալիստիկայի ֆակուլտետի որևէ կամայական ուսանողի տանք այս հարցը, ապա նա կպատասխանի, որ նյութի առաջնային նպատակը ճշմարտության և իրականության բացահայտումն է։ Իսկ ո՞րն է «Մեդիամաքսի» հարցազրույցի նպատակը։ Ի՞նչ ճշմարտություն է այն բացահայտում, ի՞նչ է տալիս հանրությանը։ Խոստովանենք բավականին տարօրինակ է, երբ լրագրողը հանդիպում է վարչապետի հետ ու ընդհանրապես հարց չի տալիս տնտեսության մասին, առավել ևս, որ երկրի տնտեսությունը չափազանց ծանր վիճակում է։ Ինչո՞ ւ լրագրողը չի հարցնում ներդրումների, կոռուպցիայի, ներիշխանական խմորումների, ինտրիգների և տարատեսակ այլ հարցերի մասին, որոնք իսկապես հետաքրքրում են հանրությանը։ Ո՞ւր է լրագրողական համարձակությունը, ցինիզմը, անսանձ հետաքրքրությունը, ինչ-որ մի բան փնտրելու, «քրքրելու», պաշտոնյային նեղը գցելու միտումը, թե՞ «Մեդիամաքսի» «պրոֆեսիոնալ» լրագրությունը քարոզում է տալ միայն պոզիտիվ, անվնաս, նույնիսկ այնպիսի հարցեր, որոնց պատասխաններն ինքնին ակնհայտ են։

Չի կարելի տալ այնպիսի հարցեր, որոնց պատասխանները արդեն նախապես պարզ են։ Օրինակ՝ Արա Թադևոսյանը վարչապետից հարցնում է, թե «․․․Կարելի՞ է պնդել, որ Արցախը հատուկ նշանակություն ունի Ձեր կյանքում»: Այս հարցը տալիս լրագրողը ի՞նչ պատասխան է ակնկալում, որ վարչապետը կասի՝ ոչ, նշանակություն չունի։ Ի դեպ, գրեթե բոլոր հարցերը այս նույն տրամաբանությամբ են, այսինքն՝ դրանց պատասխանները այլընտրանք չունեն և բոլորի համար էլ ակնհայտ է, թե ինչ է ասելու հարցազրույց տվողը։ Կամ ի՞նչ է նշանակում հարց տալ չարի և բարու մասին։ Հարգելիներս, հարցազրույց տվողը Հայաստանի վարչապետն է, մի երկրի կառավարության ղեկավարը, որը թաղված է հարյուրավոր անլուծելի թվացող խնդիրների մեջ։ Լա՛վ, հարցազրույց վերցնող լրագրողը կասի, թե զերծ է մնացել քաղաքական հիմնախնդիրներից և փորձել է «դիմանկարային» նյութ պատրաստել։ Բայց նույնիսկ այդ դեպքում հարցերը պարզունակ են։ Արդյո՞ք լրագրողին հաջողվել է հանրության համար բացահայտել Կարեն Կարապետյան անհատին։ Չեմ կարծում, որ այդ պարզունակ հարցերի միջոցով հնարավոր է որևէ պատկերացում կազմել գործչի ու անհատի մասին։ Տպավորությունն այն է, որ «Մեդիամաքսը» «Հ1»-ի տպագիր տարբերակն է և պրոպագանդիստական նյութ է հրապարակել՝ վարչապետին ներկայացնելով բարի, պոզիտիվ, ապաքաղաքական դիրքերից, իսկ Հայաստանում ամեն ինչ լավ է ու գեղեցիկ։ Սա է «Մեդիամաքսի» «պրոֆեսիոնալ» լրագրությունը, որն այդքան գովազդվում է։ Ահա այս ամենը կբացատրեի Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողներին, եթե ուզում են իսկապես պրոֆեսիոնալ լրագրությամբ զբաղվել, ապա չպետք է անեն այն ամենը, ինչ արել է Արա Թադևոսյանը վարչապետի հետ հարցազրույցի ժամանակ։ Չտալ այնպիսի հարցեր, որոնց պատասխաններն ակնհայտ են։ Քանի որ վարչապետը խոստացել է անհատական հարցազրույցներ տալ լրատվամիջոցներին, ապա նրան առաջարկում եմ լինել խոստման տերը եւ հարցազրույց տալ Հրապարակի որեւէ լրագրողի։ Խոստանում ենք սուր և անկանխատեսելի զրույց, որի ժամանակ հարցերի պատասխանները ակնհայտ չեն լինի։

Կարպիս Փաշոյան

Մեկնաբանություն
X