Լոս Անջելեսում տեղի ունեցավ «Երկիր Ծիրանի» կուսակցության բողոքի ցույցը

>

Նոյեմբերի 26-ին Լոս Անջելեսի ժամանակով ժամը 12:00-ին, ԱՄՆ-ի Լոս Անջելեսի Գլենդել քաղաքի քաղաքապետարանի դիմաց տեղի ունեցավ համայակական ընդվզմանն ընդառաջ «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի մասնակցությամբ բողոքի ցույց: Բացման խոսքով հանդես եկավ Աշոտ Գեղամյանը, ով ներկայացրեց հավաքի նպատակը և խոսքը փոխանցեց Զարուհի Փոստանջյանին: Ցույցին ելույթ ունեցան նաև հայ համայնքի ներկայացուցիչ Սահակ Միքայելյանը, «Բարև» հեռուստահաղորդման հեղինակ և վարող Նունե Ավետիսյանը, «Մարտիրոս Սարյան» ստեղծագործական միության տնօրեն Աշոտ Գեղամյանը, գիտնական, ԽՍՀՄ-ի տարիների գիտական մտքի տաղանդավոր ներկայացուցիչ՝ «Նաիրի» համակարգիչների առաջին սերնդի նախագծող ու ստեղծող Հրաչյա Հովսեփյանը, Միացյալ Նահագների Կոնգրեսի 2018 թվականի ընտրություններում 28 շրջանի թեկնածու Ջոն Նալբանդյանը, «Երկիր Ծիրանի» կուսակցության փոխնախագահ, փաստաբան Կարապետ Աղաջանյանը և վերջում ամփոփիչ խոսքով հանդես եկավ Զարուհի Փոստանջյանը ով նաև ընթերցեց ցույցի մասնակիցների կողմից ընդունված «Սփյուռքահայության քաղաքական մանդատի վերականգնման պահանջագիրը»:

Ցույցն ավարտվեց երթով, որի մասնակիցները Զարուհի Փոստանջյանի գլխավորությամբ շարժվեցին դեպի Լոս Անջելեսում Հայաստանի Հանրապետության հյուպատոսարան՝ հանձնելու պահանջագիրը: Հյուպատոսարանի առջև, որը փակ էր և չկար նույնիսկ հերթապահ, որ ընդուներ ցույցի մասնակիցների անունից ներկայացվող պահանջագիրը, տեղի ունեցավ փոքր հավաք, որտեղ ևս ելույթ ունեցավ Զարուհի Փոստանջյանը: Դեպի հյուպտոսարան երթի ճանապարհին «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը և երթի մասնակիցները հարգանքի տուրք մատուցեցին և ծաղկեպսակ դրեցին Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմների զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողին: Այսքանով ավարտվեց նոյեմբերի 26-ի ցույցը և կազմակերպիչները հայտարարեցին, որ հաջորդ հանդիպումը «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի հետ տեղի կունենա Լոս Անջելեսի Գլենդել քաղաքի քաղաքային գրադարանում՝ նոյեմբերի 27-ին ժամը 19:00-ին, որի ժամանակ քաղաքացիները կարող են հարցերով դիմել Զարուհի Փոստանջյանին և ստանալ պարզաբանումներ:

Մեկնաբանություն
X