Դեպի Եվրոպա. Լրագրային շանսոն

Իբր արդեն մտանք Եվրամիություն, Էդմոն Մարուքյանն ասում է` անհապաղ դուրս գանք ԵԱՏՄ-ից: Ինչո՞ւ, եղբայր, չէ՞ որ ԵՄ մտնելու ողջ հմայքը մեր ԵԱՏՄ անդամ լինելն է:

***

Արամ Զավենիչն ասում է` համոզված եմ, որ մի երկու տարուց մենք դուրս կգանք ԵԱՏՄ-ից: Չէ, հա… Դու ասա այդ երկու տարում մենք ԵՄ-ն չմտցնենք ԵԱՏՄ:

***

Դեռ ԵՄ հետ համաձայնագրի ստորագրման արարողությունից ուշքի չենք եկել, իսկ Հայաստանում ԵՄ դեսպան Սվիտալսկին արդեն ասուլիս է տալիս, շտապեցնում, որ առաջ շարժվենք: Մարդ Աստծո, սպասիր` մի հատ ծխենք, նոր…

***

Հայաստանի արևմտամետների և Սերժ Սարգսյանի` այս օրերի համերաշխությունը աչք է շոյում, իսկ Facebook-ում նույնիսկ Պուտինին առանձնապես բան ասող չկա:

***

Գալուստ Գրիգորիչին հարցրեցին` ի՞նչ կասեք Եվրոպայի մասին, երբ արդեն համաձայնագիրը ստորագրված է:

-Էնպես էլ չի, որ սատանան ավելի վախենալու է, քան մենք էինք պատկերացնում,- հնչեց Գրիգորիչի պատասխանը:

***

Եվ վերջում մեկ մարզական լուր: Հայտնի է դարձել Հայաստանի ազգային հավաքականի ավագ, «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ապագա ակումբի անունը: Ասում են` դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ հայ միլիարդատեր Սամվել Ալեքսանյանը հայտարարեց «Մանչեսթեր սիթին» սեփականաշնորհելու իր մտադրության մասին:

Էդիկ Անդրեասյան

Մեկնաբանություն
X