Նա սիրում էր Մարտունին, իսկ մարտունեցիներն էլ սիրում են նրան

Ես հերոս բառը չեմ սիրում։ Հատկապես հայկական իրականության մեջ այն արժեզրկվել է։ Ընդհանրապես շատ հերոսներ ունենում են այն հանրույթները, որոնք տառապում են հավաքական տարատեսակ բարդույթներով և իրենց ձախողումները փորձում են քողարկել արհեստական հերոսների զգացմունքային ծխածածկույթով։ Պատահական չէ, որ հայ իրականության մեջ հերոսացվում են նույնիսկ այնպիսի մարդիկ, որոնք ընդամենը կատարել են իրենց մասնագիտական օրինաչափ պարտականությունները։ Այսինքն արտասովոր ոչինչ չեն արել։ Օրինակ՝ զինվորը հերոսացվում է զուտ այն բանի համար, որ գնացել է բանակ ծառայելու, այն դեպքում, երբ իր կամքին հակառակ է հայտնվել բանակում։ Իսկ Ղարաբաղյան պատերազմն ընդհանրապես փակ տիրույթ է, ռազմաճակատում եղած ամեն երկրորդը տառապում է հերոսի սինդրոմով՝ չարաշահելով իր կարգավիճակը, ինչպես նաև չարիք ու փորձանք դառնալով հանրության համար։

Այդ արհեստական հերոսները անձեռնմխելի են, նրանց չի կարելի քննադատել, կասկածել և նույնիսկ քննարկել, քանի որ կուռքերի շիզոֆրենիկ պաշտամունքով տարված գորշ զանգվածները պատրաստ են ինքնահրկիզվել ու հրկիզել հանուն իրենց «սրբազան կովերի»։

Հայ հանրությունը տառապում է էլիտիզմով։ Ինչ-որ հերոսների ու սրբերի էլիտա է ստեղծվել, որը կարող ենք անվանել «հայ մեծերի դիցարան»։ Սա հոգեբանական բարդագույն ախտանիշ է, որի գաղափարական ներգործության արդյունքում հանրությունը նույնպես ենթարկվել է շերտավորման ու դասակարգման։ «Հայ մեծ»-ի կողքին «շարքային հայ»-ն է։ Առաջինը անձեռնմխելի է, իսկ երկրորդը՝ ձայնազուրկ ու ոչ պիտանի։ Նույն տրամաբանությունը գործում է նաև արդի իրականության մեջ․ մի կողմում էլիտան է, իսկ մյուս կողմում աղքատ ու ձայնազուրկ հանրույթը։ Այս երկու խմբերին կապող ու միավորող ոչինչ չկա։ Հասարակությունը ծայրից ծայր բևեռացված է։ Պատահական չէ, որ դպրոցներում ու համալսարաններում ուսուցանում են էլիտաների պատմությունը, կարծես թե ժողովուրդ հասկացությունը գոյություն չունի։ Կան միայն հերոսներ ու սրբեր։ Նույն տրամաբանությունը գործում է նաև համաշխարհային պատմության դասավանդման մեջ։ Երեխաները կայսրությունների պատմությունն են սովորում։

Ահա սա է պատճառը, թե ինչու չեմ սիրում մանրադրամի կարգավիճակ ունեցող հերոս բառը, որը բևեռացնում ու շերտավորում է ինչպես մեր գաղափարական միջավայրը, այնպես էլ՝ հանրային կյանքը։ Միգուցե մի փոքր երկար նախաբան ստացվեց, բայց առանց դրա հնարավոր չէր լինի խոսել ըստ էության։

Բայց Երևանի էլիտար միջավայրերում չարչրկված ու մաշված հերոս բառն ունի նաև բոլորովին այլ բովանդակություն։ Արժի մի փոքր խոսել նաև այդ բովանդակության մասին, որն ես գտել եմ Ղարաբաղի Մարտունի քաղաքում։ Ընդհանրապես Մարտունին զիլ քաղաք է, այսինքն քաղաք էլ չի, բայց ասում են քաղաք է. անընդհատ պտտվում ես նույն քարի շուրջը՝ դարձ ի շրջանս յուր: Մի սիրուն շենք ունեն, որը կառուցված է Երևանի օպերայի և բալետի թատրոնի ճիշտ նմանությամբ։ Ինչպես նաև կա մի սրճարան, որտեղ սուրճն արժի ընդամենը 100 դրամ։

Մարտունու հերոսը Ավոն է՝ Մոնթե Մելքոնյանը։ Պատերազմից այսքան տարիներ անց նա ապրում է բացառապես բոլոր մարդկանց տներում, նրա ներկայությունը ամենուրեք է։ Ավոյին հիշում են միշտ՝ պատերազմ գնալուց, ուտել-խմելուց, ցախ կոտրելուց և հումոր անելուց։ Ինձ չի հետաքրքրում, թե ինչ են պատմում հերոսների մասին Երևանում, կարևոր չէ։ Երևանում չարչրկված ճշմարտություններն այլևս արժեք չունեն Մարտունիում հյուսված ժողովրդական լեգենդների կողքին , որոնք վերարժևորվում ու վերակենդանացվում են ամեն օր։ Որովհետև այդ հերոսի և գյուղական բնակչության փոխհարաբերությունների հիմքում սերն է, գործը շարունակելու ժառանգականությունը, այսինքն՝ օրգանական կապ կա, որը բացառում է ամեն մի արհեստական դրսևորում։

Ինձ միշտ զարմացրել է Մոնթեի բազմազանությունը, մի կողմից նա գիտնական էր՝ ուրարտագետ, բազմաթիվ լեզուներ գիտեր, այդ թվում և ճապոներեն, զբաղվում էր արևելյան մարտարվեստով, մյուս կողմից «ԱՍԱԼԱ»-ի զինյալ էր և վերջում դարձավ Ղարաբաղյան պատերազմի առանցքային հրամանատարներից մեկը: Իսկ այս ամենի հետ միասին նաև սիրող ամուսին էր: Սեդան միշտ Մոնթեի հետ էր և հենց դա էր նրան մոտիվացնում, ուժ տալիս:

Հնարավոր է և մի փոքր զգացմունքային է հնչում, բայց իրոք, Հայաստանը և Արցախը Մոնթեի կարիքը շատ են զգում, մի հրամանատարի, որն մարտունեցիների վստահությունը շահել էր ազնվությամբ, սիրով և պրոֆեսիոնալիզմով, այլ ոչ թե մեզ հայտնի այլ մոտեցումներով: Նա սիրում էր Մարտունին, իսկ մարտունեցիներն էլ սիրում են նրան։ Այդ սիրո մեջ էլիտիզմ ու շերտավորում չկա։

Կարպիս Փաշոյան

Մեկնաբանություն
X