Ճիշտ ժամանակին, ճշտված ուղղությամբ

Այսօր քառամյա ոդիսականից հետո վերջապես Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ստորագրվեց: Երեկ գրել էինք, որ համաձայնագիրը կստորագրվի, նաեւ նշել էինք, որ որքան էլ Սերժ Սարգսյանը մարդկանց թյուրիմացության մեջ գցի, իրականում համաձայնագիրը պարունակում է տնտեսությանը վերաբերող տասնյակ, եթե ոչ հարյուրավոր հոդվածներ: Այն առհասարակ ուղղված է ՀՀ տնտեսական դաշտը ԵՄ օրենսդրությանը, պահանջներին եւ չափանիշներին մոտեցնելուն` թե հարկային, մաքսային, վիճակագրական, ֆինանսական եւ մյուս հարթություններում եւ թե տնտեսության ու ենթակառուցվածքների առանձին ոլորտներում, ինչպիսիք են էներգետիկան, տրանսպորտը, թվային հաղորդակցությունը, մտավոր սեփականությունը, գյուղատնտեսությունը եւ այլն: Հետեւաբար այժմ նորից չանդրադառնանք համաձայնագրի բովանդակությանը, մանավանդ որ այլեւս մի քանի տարի, եթե ոչ ամբողջ մի տասնամյակ այդ համաձայնագիրն է որոշելու Հայաստանի զարգացման վեկտորն ու ուղին, հետեւաբար դրան անվերջ անդրադարձ է լինելու:

Այսօր արժե խոսել ՀՀ-ԵՄ համաձայնագրի քաղաքական նշանակության մասին: Այդ նշանակությունը դժվար է գերագնահատել, քանի որ այս Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը անվանումից սկսած ցույց տվեց Հայաստանի կշիռը եւ արժեքը քաղաքակիրթ աշխարհի համար: Չլիներ Հայաստանի եւ հայ ժողովրդի չորս հազարամյա փառահեղ պատմությունը, դավանած արժեքներն ու ստեղծած քաղաքակրթությունը, 2013-ի սեպտեմբերին կատարվածից հետո, ոչ ոք այս խորության ու ընդգրկման նոր համաձայնագիր չէր բանակցի Հայաստանի հետ: Ինչպես Հունաստանի դեպքում Անգելա Մերկելն էր հրաշալիորեն ասել, թե Հունաստանից երես թեքելը համազոր է Եվրոպայի ծննդյան վկայականից հրաժարվելուն, այնպես էլ Հայաստանից երես թեքելը համազոր կլիներ հելլենական, քրիստոնեական եւ եվրոպական արժեքների հազարամյա բաստիոնը բարբարոսների հանձնելուն, ինչը նույնքան աններելի է: Բարեբախտաբար հայ ժողովրդի եւ Հայաստանի հետ հազարամյակների հարաբերություններ ունեն եւ Հայաստանի արժեքը գիտեն թե Ֆրանսիան, թե Մեծ Բրիտանիան, թե Գերմանիան, թե Իտալիան, թե մյուս ազդեցիկ եվրոպական երկրները, ինչն էլ Հայաստանի հանդեպ առանձնահատուկ բարեհաճ վերաբերմունք է ձեւավորել, չնայած Հայաստանի ներքին անկատարությանն ու թուլությանը, ղարաբաղյան թնջուկին, Հայաստանը ռուսական ուղեծրում պահելու Կրեմլի մտասեւեռմանն ու ոտնձգություններին: Այդպիսով նախ մեր պատմությանը եւ արժեքին պետք է շնորհակալ լինենք ԵՄ բարեհաճության եւ ներկա համաձայնագրի ստորագրման համար, բայց նաեւ ընդհանուր Արեւելյան գործընկերության տարածաշրջանում արձանագրված իրադարձություններին:

Եթե համեմատենք 2013-ի Վիլնյուսի, 2015-ի Ռիգայի եւ ներկա Բրյուսելի ԱլԳ գագաթնաժողովների հռչակագրերը, ապա էվոլյուցիան ակնբախ է: Եթե 2013-ին կար ինչ-որ տեսլական, թե ահա Ասոցացման համաձայնագրերի կնքումով եւ դրանց իրագործմանը սատարելով հնարավոր է Մոլդովայում, Վրաստանում եւ մանավանդ Ուկրաինայում արագ բարեփոխումներ կատարել, հաջողություններ արձանագրել եւ այդ երկրները իրենց կառավարման մշակույթով, տնտեսության արդյունավետությամբ քաղաքացիների կենսամակարդակով եւ պաշտպանվածությամբ կանգնեցնել Եվրոպային մոտենալու ճանապարհի թեկուզ սկզբին, ապա անցած երեք-չորս տարիները ցույց տվեցին, որ դա տեղապտույտ տվող խնդիր է: Հետխորհրդային տարածքում պետություների դեֆորմացիան այնքան խորն է, որ մարդկանց խանդավառությունը եւ պոռթկումը քիչ է պետության դեֆորմացիաներն ուղղելու համար: Դա պահանջում է ջանքեր եւ ժամանակ, մեծ ջանքեր եւ երկար ժամանակ, արտաքին օժանդակությունը, նույնիսկ Ասոցացման համաձայնագրի տեսքով ոչինչ չի փոխում: Դրա համար այժմ, 2017-ի գագաթնաժողովում, եւ հռչակագրում այլեւս ԱլԳ բոլոր վեց երկրներին վերաբերող ծրագրեր եւ դատողություններն են՝ համարյա առանց տարբերակման: Ակնհայտորեն Ուկրաինան, Վրաստանը կամ Մոլդովան մի այնպիսի առաջընթաց կամ հաջողություն չեն արձանագրել եւ օբյեկտիվորեն էլ չէին կարող արձանագրել, որ որեւէ մեկի համար օրինակ ծառայեն: Հետեւաբար այժմ Բրյուսելը ընտրել է տարբերակված մոտեցումների եւ ընդհանուր նպատակների ռազմավարություն, ինչի շրջանակում էլ Հայաստանի հետ համաձայնագրի կնքումը ճիշտ ժամանակին եւ ճշտված ուղղությամբ կատարված քայլ է:

Լուսինե Պետրոսյան

Մեկնաբանություն
X