Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցն է, բայց և նրա թշնամիների բարեկամը։

ԵՄ Արևելյան գործընկերության 5-րդ գագաթնաժողովի թերևս ամենակարևոր իրադարձությունը Հայաստանի հետ կնքված համաձայնագիրն է։ Այսօր՝ նոյեմբերի 24-ին, ստորագրվեց շուրջ երկու տարվա բանակցությունների արդյունքում կյանքի կոչված Համապարփակ և ընդլայնված գործակցության համաձայնագիրը, որ նախաստորագրվել էր 2017 թ․ մարտ ամսին։ Այս համաձայնագիրը նոր էջ է բացում Հայաստան-ԵՄ փոխհարաբերություններում, ինչը չափազանց կարևոր ու ելակետային նշանակություն ունի շրջափակման մեջ գտնվող և աշխարհաքաղաքական բարդ իրավիճակում հայտնված Հայաստանի համար։ Բայց որքան էլ Համապարփակ ու ընդլայնված գործակցության համաձայնագիրը կարևոր լինի այն ընդամենը փաստաթուղթ է։ Իհարկե դրա մեջ առկա է պետության կյանքի գրեթե բոլոր ոլորտներն ներառող լայնածավալ ու շղթայական բարեփոխումների ճանապարհային քարտեզ, բայց, այնուամենայնիվ, օրակարգային է այն հարցադրումը, թե արդյոք համաձայնագրի ստորագրումը կփոխի՞ հայաստանցիների կյանքի որակը, թե՞ ոչ։ Չի բացառվում նաև, որ այն այդպես էլ մնա թղթի վրա և իրական բարեփոխումների փոխարեն կյանքի կոչվի բարեփոխումների պատրանքը, այսինքն՝ հայաստանցիների չարքաշ ու ծանր կյանքում ընդամենը կավելանա թղթաբանությունը և՝ ոչ ավելին։ Խնդիրն այն է, որ այդ համաձայնագիրը ստորագրել է մի մարդ, որը շուրջ 10 տարիների պաշտոնավարման ընթացքում որևէ ռեալ բարեփոխում չի իրականացրել։

Այո՛, Սերժ Սարգսյանի նախագահության շրջափուլը կյանքի բոլոր ոլորտներում հետընթացի պատճառ է դարձել, ավելին՝ հայաստանցիների մի զգալի մասը այդ տարիների ընթացքում կորցրել է հավատը պետության զարգացման հեռանկարների վերաբերյալ։ Ոչ ոքի համար էլ գաղտնիք չէ, որ 2008-17 թվականների ընթացքում Հայաստանը հայտնվել է դեմոգրաֆիական աղետի առջև, պարտվել է պատերազմում, տարածքներ է կորցրել, ՀՆԱ-ն չի աճել, տնտեսությունը կրախի մեջ է հայտնվել, իսկ քաղաքական համակարգը կարելի է ասել գլխատվել է։ Այսինքն որքան Հայաստանը հետընթաց է ապրել, այդքան ընդլայնվել է Սերժ Սարգսյանի մենիշխանությունը։ Արդյունքում այսօր՝ նոյեմբերի 24-ին, Բրյուսելում նա չի բացառում, որ իսկապես կարող է վեսրստին ստանձնել երկրի կառավարման ղեկը 2018 թ․ ապրիլից հետո, այն դեպքում, որ 2014 թ. ապրիլի 10-ին ՀՀ Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր. «Եվ ձեր առաջ, քննարկումների փուլն սկսելուց առաջ, պաշտոնապես հայտարարում եմ, որ ես` Սերժ Սարգսյանս, այլևս երբեք չեմ առաջադրվելու Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնի համար: Եթե վերջնական քննարկումների արդյունքում իմ ցանկությանը չհամապատասխանող ուղի ընտրվի, նկատի ունեմ պառլամենտական կառավարման մոդելը, ապա ես չեմ հավակնի նաև վարչապետի պաշտոնին»:

Ներկայումս գրեթե կասկած չկա, որ, այնուամենայնիվ, Սարգսյանը շարունակելու է պաշտոնավարել։ Ահա 10 տարիների ձախողված կարիերա ունեցող գործիչը ինչպե՞ս է կյանքի կոչելու ԵՄ-ի հետ համաձայնագիրը։ Նա տարիներ շարունակ հետևողական կերպով պետությունը վերածել է ոստիկանապետության, տնտեսությունը միահեծան կերպով կենտրոնացրել է իր ձեռքում, չեզոքացրել է քաղաքական հակառակորդներին, ճնշումներ է ենթարկել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների նկատմամբ, իսկ հիմա համաձայնագրի ստորագրումից հետո պե՞տք է պայքարի իր իսկ կողմից ստեղծված համակարգի դեմ։ Իհարկե մի փոքր անհավատալի է։ Ո՛չ, այս իշխանությունները ԵՄ-ի հետ համաձայնագիր են ստորագրել ոչ թե բարեփոխումներ իրականացնելու համար, այլ պարզապես նրանց փող է պետք։ Պետության ռեսուրսները անխնա կերպով մսխվել են և փող չկա, նույնիսկ սփյուռքահայերը այլևս փող չեն տալիս։ Մի՞թե այս ամենի մասին չգիտեն եվրոպացիները։ Իհարկե գիտեն, բայց նրանք իրենց պատճառներն ունեն Հայաստանի ավտորիտար իշխանություններին հանդուրժելու համար։

ԵՄ-ն, անկախ ամեն ինչից աջակցում է Հայաստանին՝ հաշվի առնելով, թե ինչ կարևորագույն նշանակություն ունի այն ինչպես Եվրամիության, այնպես էլ տարածաշրջանի համար։ Այսինքն՝ եվրոպացիները կարելի է ասել ներդրում են անում ապագայի համար՝ քաջ գիտակցելով, որ Հայաստանի թուլացումը և ցնցումների մեջ հայտնվելը լուրջ մարտահրավեր է տարածաշրջանի անվտանգության համակարգի համար։ Եվ հենց այս վերջին միտքը հաշվի առնելով՝ ԵՄ-Հայաստան համաձայնագրի կարևորությունը կրկնապատկվում է։ Որքան էլ աբսուրդային հնչի, բայց նույնիսկ, եթե Հայաստանը կամովին ինքնաոչնչացման փորձ անի, ապա մեծ տերությունները անմիջապես կկանխեն այդ փորձը, ոչ հայասիրության պատճառով, այլ՝ պարզապես Հայաստանը տարածաշրջանային անվտանգության համակարգի առանցքային քարերից մեկն է, որի փլուզումը կարող է հանգեցնել ողջ տարաշրջանի փլուզմանը։ Սա է այն հիմնական պատճառը, թե ինչու են եվրոպացիները այդքան աջակցում Հայաստանին՝ նույնիսկ ավտորիտար իշխանությունների առկայությամբ։ Իհարկե հաշվի է առնվում նաև այն հեռանկարը, որ այս համաձայնագիրը կարող է դառնալ այն բաստիոնը, որի հիման վրա աստիճանաբար պետք է կառուցվի Հայաստանի ժողովրդավարական հասարակարգը։

Իհարկե այս համաձայնագրի ստորագրումից հետո չի կարելի կարծել թե Հայաստանը մոտ ապագայում կարող է դառնալ ԵՄ անդամ։ Ընդհնարապես ԵՄ-ի անդամ դառնալը կախված չէ Հայաստանի ցանկությունից: Պարզապես Եվրամիությունը դեռևս պատրաստ չէ, ի զորու չէ, այդքան ռեսուրս չունի Հարավային Կովկասում հաստատվելու համար: Այս փոքրիկ տարածաշրջանում այն ամուր հիմքեր չունի և չի կարող հենց այնպես մտնել մի տարածաշրջան, որտեղ ուժերի դասավորությունը աշխատում է ի վնաս իրեն: Ռուսաստանն ու Իրանը իրադարձությունների այդպիսի զարգացում երբեք թույլ չեն տա: Գոնե մոտ ապագայի համար այդ հեռանկարը բացառվում է։ Այդ մասին շատ լավ հասկանում են նաև Բրյուսելում և դրանից ելնելով Հայաստանը շարունակում են ճանաչել որպես ռուսական ազդեցության չեզոք գոտի, որի հետ հնարավոր է համագործակցել: Համագործակցության այդպիսի դրսևորում է հենց Համապարփակ ու ընդլայնված գործակցության համաձայնագիրը։ Արևմտատենչ վերլուծաբանները շատ են շահարկում այս համաձայնագիրը՝ հույս հայտնելով, թե այդ փաստաթուղթը կարող է գործընթացի մեկնարկ հանդիսանալ, բայց իմ համոզմամբ առնվազն միամտություն է համանման կանխատեսումներ անելը։ Այդպիսի բան չկա, դա միայն համագործակցություն է, ինչը չափազանց կարևոր է մեր երկրի համար՝ ինչպես նաև համագործակցության բոլոր նմանատիպ դրսևորումները: Դրանք վկայում են Հայաստանի չեզոք, հավասարակշռված արտաքին քաղաքականության մասին, ինչն ավելի քան օրինաչափ է այսպիսի զգայուն տարածաշրջանի համար: Այլ խոսքով ասած՝ Հայաստանը ինչպես Ռուսաստանի դաշնակիցն է, այնպես էլ նրա թշնամիների՝ բարեկամը: Կոմպլեմենտարիզմի փայլուն դրսևորում։

Պետք է հստակ արձանագրենք, որ անկախ ամեն ինչից Հայաստանը չի կարող հարաբերությունները փչացնել Ռուսաստանի հետ: Ընդհակառակը դրանք պետք է զարգացվեն և թևակոխեն որակական բոլորովին այլ փուլ: Դրա հետ միասին պետք է էլ ավելի խորացվեն փոխհարաբերությունները ԱՄՆ-ի, ԵՄ-ի, ՆԱՏՕ-ի, Չինաստանի, Իսրայելի և հատկապես Իրանի հետ: Իսրայելի հետ շփումը պետք է լինի շատ զգույշ՝ հաշվի առնելով Իրանի չափազանց զգայուն գործոնը: Մի շատ կոպիտ օրինակ բերենք: Ավստրալիան քաղաքակրթական-մշակութային տեսանկյունից պատկանում է Եվրոպային, բայց ավստրալական իշխանությունները արդեն քանի տասնամյակ է, ինչ հետևողական քաղաքականության արդյունքում փորձում են ամեն կերպ ինտեգրվել Հեռավոր Արևելքի երկրների փոխհարաբերությունների համակարգի մեջ: Դա պարտադրված անհրաժեշտություն է, որը բխում է պետության առաջին հերթին տնտեսական շահերից: Հայաստանն էլ քաղաքակրթական տեսանկյունից եվրոպական է, բայց այն առաջին հերթին պետք է կարողանա ինտեգրվել տարածաշրջանային փոխհարաբերությունների համակարգի մեջ՝ կարգավորելով փոխհարաբերությունները հարևանների հետ։

Կարպիս Փաշոյան

Մեկնաբանություն
X