Արվեստից հոգնել չկա

>

Հայաստանի նկարիչների միությունում բացվել է ՀՀ վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրահամյանի 75-ամյակին նվիրված անհատական ցուցահանդեսը։

Ներկայացվել է նկարչի ստեղծագործությունների «Հուշապատում» պատկերագիրքը։ Թե՛ ցուցահանդեսը եւ թե՛ պատկերագիրքը նվիրված են 1949-ին բռնադատված (1991թ․ արդարացված) նկարչի հոր՝ Սմբատ Աբրահամյանի եւ 6 երեխաներին միայնակ մեծացրած մոր՝ Սիրանույշ Աբրահամյանի հիշատակին։ Աբրահամյանի համար ցուցահանդեսը հանրագումարային նշանակություն ունի՝ ընդգրկում է իր կյանքի մի ողջ շրջափուլ։ «Կարծես ուզում եմ տեսնել, թե ինչ եմ արել կյանքիս վերջին տարիներին»,- ասում է նկարիչն ու նկատում, որ երբ տարիք ես առնում, ակամայից հուշերի գիրկն ես ընկնում։

Ցուցահանդեսին ներկայացված է 104 աշխատանք՝ տարբեր ժանրի․ «Ամեն նկար իր պատմությունն ունի, ձեռագիրը, թեման, գաղափարախոսությունը, կատարման ձեւը․ բոլորն էլ իմն են»։ Վերջին տարիների աշխատանքների կողքին ուսանողական տարիների նկարներ կան, իբրեւ մի փոքրիկ հաշվետվություն՝ իր անցած ուղին ցուցադրելու համար։

Դիմանկարները գերակշռում են նրա արվեստում, հատկապես՝ կանանց։ Աբրահամյանն ասում է՝ կանայք էներգիայի աղբյուր են․ «Եթե սովորական մարդը կնոջը նայում է որպես ընտանիքի մոր, խոհանոցում ճաշ պատրաստելու, լվացք անելու դիտանկյունից, նկարիչը կնոջ մեջ տեսնում է եթերային գեղեցկություն, որը շոյում է, հուզում․ առանց կին ոչ ոք չի կարող կամ էլ հակառակը»։ Յուրաքանչյուր կանացի դիմանկարի հետեւում կանգնած է իրական բնորդուհի, նկարել է բոլոր նրանց, ում մեջ արվեստի շունչ է տեսել․ «Ես արդեն անգիր գիտեմ բոլոր կանանց թե՛ ներքինը, թե՛ արտաքինը, եւ երբեմն բնորդուհու կարիք էլ չի զգացվում, որովհետեւ արդեն քո կենսափորձից ես վերցնում»։

Հիշում է՝ ուսանողական տարիներին եղել են ժամանակներ, որ նաեւ նկարներ է ոչնչացրել, հիմա՝ հասուն տարիքում, այլ է։ «Այն ժամանակ բոհեմական հոգեվիճակն ավելի շատ էր, հիմա չես կարող նույն բանը քեզ թույլ տալ, նախ՝ որ առաջինը կարող են քեզ հոգեբուժարան տանել (ծիծաղում է), եւ հետո՝ տարիքի հետ ավելանում է նաեւ համբերությունը, ամեն մի նկարի վրա սկսում ես դողալ, որ հանկարծ չփչանա»,- ասում է նկարիչն ու հավելում, որ ուշադիր է նաեւ գնորդների հարցում՝ հասկանալու համար, թե ում ձեռքում են հայտնվելու իր նկարները։

«Ամեն նկարի վրա չեմ նստում ու արտադրում, ես սիրում եմ, որ նկարը մինչեւ վերջ ինձ դուր գա, եւ հասցնեմ իմ ուզած արդյունքին՝ թե՛ տեխնիկապես, թե՛ կատարողականով, թե՛ որակապես, այս բոլորի վրա մանրակրկիտ աշխատում եմ, հիմա դա կտեւի մեկ ամիս, թե 4 օր, ոչ մի նշանակություն չունի»,- ասում է նկարիչն ու մատնացույց անում դիմացի պատին կախված «Անթաղ աղավնիներ» կտավը, որի վրա շուրջ 2 տարի աշխատել է։ Մոր դիմանկարի մոտ նկարիչը համաձայնում է՝ հարազատներին նկարելը կրկնակի դժվար է․ «Պապաս գերությունից հետո երբ եկավ տուն, ես ընդամենը 15 օր տեսա նրան, դրանից հետո նրան աքսորեցին Սիբիր, ու այդ ամբողջ ընթացքում մամաս իր 6 երեխաներին առանց կորուստների մեծացրեց։ Տարիներ հետո նկարեցի նրան՝ որպես իմ ամենալավ նվերը նրան, ինքը գյուղացի կին էր, գրել-կարդալ չգիտեր, բայց առանց ամուսին, առանց տրտնջալու պահեց-մեծացրեց մեզ ու նստած տեղն էլ մահացավ»։

Վլադիմիր Աբրահամյանը նաեւ թեմատիկ շարքեր ունի․ «Կոմիտասը», «Ծփում է Սեւանը», «Ճիչը»։ «Այդ բոլոր նկարներում կա անձնական պատմություն»։ Ինչ վերաբերում է ինքնադիմանկարներին, մի քանիսը պատկերագրքում զետեղել է, բայց շատ չի սիրում ինքնադիմանկարներ։ Հետո կատակով հավելում է․ «Սիրահարված չեմ իմ վրա։ Ում էլ նկարում ես, մեկին նմանվում է ձեռագրով։ Իհարկե՝ շատ լավ կլիներ, որ երկնքից իջներ մի նկարիչ, որ նոր խոսք ասեր, որ դեռ ոչ մեկը չի ասել, բայց դա անհնարին է, ով էլ ուզում ես եղիր, միեւնույն է, ինչ էլ նկարես, մեկին նմանվելու է։ Օրինակ՝ Մալեւիչին ճանաչում են սեւ քառակուսիով, դա, այսպես ասած՝ դարձավ նրա բրենդը, դրանից հետո որ նայեք Մալեւիչի նկարները, արդեն լրիվ ուրիշ են՝ էլի կան քառակուսիներ՝ կուբիստական մոտեցումներով։ Բայց նա մնաց Մալեւիչ՝ սեւ քառակուսիով, իսկ եթե շարունակեր այդ թեման ու կրկներ, գուցե արդեն մանրեր այդ գաղափարը»։ Նկարիչն ընդգծում է, որ իր համար շատ կարեւոր է սիմվոլիզմը։

Վլադիմիր Աբրահամյանը բաց է նոր փորձարկումների առաջ։ «Կյանքն է այդպիսին, եթե բավարարվում ես քո գտած մի ոճով, դա շատ քիչ է, իսկ եթե ասելիք ունես, ուզում ես նաեւ էքսպերիմենտներ անել»։ Ամեն մի էքսպերիմենտ նոր փորձառություն է տալիս․ «Մարդն էլ է, չէ՞, փոխվում թե՛ բնավորությամբ, թե՛ արտաքինով, հո չի՞ մնում նույնը։ Այդ փնտրտուքն անպայման պետք է լինի, չպետք է բավարարվես ինչ-որ բանով կամ հոգնես․ արվեստից հոգնել չկա։ Լեւ Տոլստոյը 90-ն անց նոր սկսեց հեծանիվ քշել սովորել, նա չվախեցավ, որ կարող է ընկնել, ոտքը կոտրել, համարձակեց ու հաջողեց»։

Գեղանկարիչը ցույց է տալիս պատկերագրքի շապիկին զետեղված իր աջ ձեռքի գրաֆիկական աշխատանքը, ասում է՝ սա իմ կյանքի ուղին է՝ 76 տարիները, որ եթե անգամ գնչուները չգուշակեն, կյանքը, հաստատ, կգուշակի։ «Ով էլ մոտենա, կարող է այս ափին նայելով՝ գուշակել, թե ով եմ ես, տեսնել իմ սկիզբն ու վերջը»։ Պատմում է, որ մի անգամ գուշակը նայել է իր ափի մեջ ու ասել, որ Ռոդենի պես կյանքի ուղին կավարտվի 77-րդ տարում։

Նկարիչը խոստովանում է՝ գնահատանքի կարիք բոլորն են զգում։ «Շատերն ասում են՝ ի՞նչ միտք ունեն կոչումները… ունեն, որովհետեւ քո ստեղծածը, բացի հասարակությունից, պետք է նաեւ իշխող խավը կարողանա գնահատել, հասկանալ, գնահատանքը պետական մակարդակով նույնպես կարեւոր է»,- ասում է ՀՀ վաստակավոր նկարիչն ու նկատում, որ, մեծ հաշվով, այդ կոչումներն առաջին հերթին հենց իշխանություններին են պետք, որովհետեւ արվեստագետը ժամանակի մեջ գնահատվում է ժողովրդի, արվեստասերների կողմից․ «Պետական հոգածությունը կարեւոր է, որովհետեւ մենք միայն մեր հացի համար չէ, որ պետք է նկարենք ու մի քանի կոպեկով վաճառենք մեր գործերը։ Ի վերջո, մենք պետության մշակույթն ենք պահում, ներկայացնում։ Պետությունը պետք է անհանգստանա իր արվեստագետների՝ մշակների համար»։ Նա ցավով ընդգծում է, որ նկարիչներն անտեսված են, որովհետեւ գովազդ, քարոզչություն չկա, քաղաքի մեծ պաստառները գովազդում են անհասկանալի, ռաբիս երգիչների․ «Բոլորը բիզնեսի ուղղությամբ են գնում ու կարծես նկարչությունն էլ ուզում են բիզնեսի վերածեն, բայց չի կարելի նման բան անել։ Ամեն մի մեծահարուստ իր տանը պիտի նաեւ նկարիչների գործեր ունենա, ինչո՞ւ ոչ, ինչպես ժամանակին է եղել։ «Աբրահամյան պատկերասրահ» կա, չէ՞, այդ մարդը բժիշկ էր մասնագիտությամբ, բայց իր գումարները դնում էր արվեստի վրա։ Բոլորը գումար են դրել արվեստի մեջ՝ հանուն ապագայի, պետության, Մանթաշովից մինչեւ Մարոզովներ, Տրետյակովներ։ Իսկ մեզ մոտ քնած են կարծես»։

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

Մեկնաբանություն
X