Օգնում էի, էդ ընթացքում լրագրողի հետ մի քիչ սիրուն բան չստացվեց․ Ճամբարակի քաղաքապետ

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի նորընտիր ղեկավար Վազգեն Ադամյանը մեկ շաբաթից ավելի է, ինչ ստանձել է համայնքի ղեկավարի պաշտոնը։ «Ամեն ինչ, ինչ նախատեսել ենք, համայնքը զարգացնելու ենք: Ունենք ծրագիր, եւ մեր խոսքով առաջ ենք շարժվելու: Առաջին քայլն արդեն անում ենք՝ քաղաքը աղբից մաքրում ենք եւ ճանապարհները բարեկարգում»,-վստահեցնում է նորընտիր ղեկավարը: Ներկայացնում ենք նրա հետ մեր զրույցը։ -Գյուղական համայնքների ղեկավարները կկրճատվե՞ն, թե̉՞ կմնան որպես ներկայացուցիչ:

Որեւէ մեկի հետ անձնական խնդիր չունեմ: Բոլորն իրենց տեղերում են: Երբ որ նկատեմ՝ իրենց աշխատանքում թերանում են, այն ժամանակ իրենք իրենց տեղերում չեն լինի:

-Քաղաքապետարանում կրճատումներ կլինե՞ն:

Այո, կկրճատվեն տարիքային՝ 74, 72, 66 տարեկան եւ ոչ համապատասխան մասնագիտություն ունեցող անձինք: Տարիքով աշխատողների տեղերը կհամալրվեն երիտասարդներով:

-Ձեր մարդկանցով կհամալրե՞ք այդ տեղերը:

Իհարկե ոչ: Հայտարարություն ենք տալիս: Իմ մոտ ծանոթ, բարեկամ, ընկեր հասկացություն չկա: Մենք սահմանամերձ գոտի ենք: Զոհված ազատամարտիկների շիրիմները ուզում ենք վառ պահել եւ ինչ-որ ձեւով օգնել նրանց ընտանիքներին, ուստի առաջնահերթություն ենք տալիս զոհվածների երեխաներին աշխատանքի ընդունելով:

- Ձեր եւ գյուղապետերի աշխատավարձի բարձրացում կլինի՞։

Իմ աշխատավարձը նույն է մնալու՝ 359 հազար դրամ, իսկ մնացած համայնքների ղեկավարներին կբարձրանա:

-Ինչի՞ հաշվին:

Օպտիմալացման: Մյուս համայնքներում արդեն կրճատումներ եղել են:

- ԱԺ ընտրությունների ժամանակ դուք մեղավոր եք ճանաչվել քրեական օրենսգրքի 154-րդ հոդվածով (Քվեարկության գաղտնիությունը խախտելը): Ի՞նչ կասեք այս մասին:

Նորմալ ա, ուղղակի իմ բարեկամին էի օգնում, թոշակառու է, ու ի վիճակի չէր ընտրություն կատարելու: Օգնում էի, էդ ընթացքում լրագրողի հետ մի քիչ սիրուն բան չստացվեց, թե չէ ուրիշ բան չկա:

Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ մինչ քաղաքապետ դառնալը Վազգեն Ադամյանը հասցրել է 2 անգամ դատապարտվել: ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշմամբ՝ 2013թ.-ին Վազգեն Ադամյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (Դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը՝ խուլիգանական դրդումներով) և դատապարտել ազատազրկման 1 տարի ժամկետով: 2017թ.-ին հունիսի 13-ին էլ մեղավոր է ճանաչվել քրեական օրենսգրքի 154-րդ հոդվածով նախատեսված հանցանք կատարելու մեջ և նրա նկատմամբ պատիժ է նշանակել տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի /500.000 ՀՀ դրամի/ չափով:

Նելլի Կարապետյան

Մեկնաբանություն
X