Գագիկ Ծառուկյանը չեզոքության պայմանագիր կկնքի Բաղրամյան 26-ի հետ

Որքան մոտենում է 2018 թ․-ը, այնքան իրավիճակն ավելի անորոշ է դառնում, քանի որ դեռևս պարզ չէ, թե Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ավարտից հետո ինչպիսի փոփոխություններ են կատարվելու քաղաքական համակարգում։ Չնայած մի շարք հիմնավորված կանխատեսումների առկայությանը, բայց, այնուամենայնիվ, դեռևս հստակ չէ, թե ով է ի վերջո ստանձնելու երկրի կառավարման ղեկը։ Պարզ չէ նաև, թե նոր իրավիճակում ինչպիսի կարգավիճակում է հայտնվելու ԲՀԿ-ն՝ խորհրդարանի երկրորդ ամենաազդեցիկ քաղաքական ուժը։ Մամուլում տեղեկություններ են շրջանառվում այն մասին, որ 2018-ի նոր պայմաններում ՀՀԿ-ն ամենայն հավանականությամբ կոալիցիա կկազմի ԲՀԿ-ի հետ։ Մասնավորապես, «Հրապարակ»-ի տեղեկություններով՝ Գագիկ Ծառուկյանը իր նեղ միջավայրում այսպիսի մի միտք է արտահայտել․ «Կառաջարկի Սերժ Սարգսյանը մտնել կոալիցիա՝ կմտնենք, չի առաջարկի՝ մենք չենք բաձրաձայնի։ Անկախ ամեն ինչից՝ բացի Սերժ Սարգսյանից, ես չեմ տեսնում երկրորդ մարդու, որ կկարողանա երկիրը ղեկավարել, Ղարաբաղը պահել»։ «Հրապարակ»-ի նույն հոդվածում նշվում է, որ օրեր առաջ Սերժ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանը հանդիպել են Առինջում, իսկ օրաթերթի՝ ՀՀԿ-ի աղբյուրները չեն բացառել, որ ԲՀԿ-ն 2018-ին մաս կկազմի կոալիցիային։

Վերադառնանք վերևում նշված Ծառուկյանի մտքին։ Եթե ԲՀԿ առաջնորդը ասում է, թե երկիրը ղեկավարելու համար Սերժ Սարգսյանից բացի ուրիշ ոչ ոքի չի տեսնում, ապա այս ձևակերպման տակ պետք է հասկանալ այն ճշմարտությունը, որ Ծառուկյանի ֆինանսական ու քաղաքական կապիտալի պահպանման համար Սարգսյանը անփոխարինելի ու վստահելի երաշխավոր է։ Նույնիսկ, եթե Ծառուկյանը նման միտք արտահայտած էլ չլինի, միևնույնն է, ակնհայտ է, որ այս փուլում Սերժ Սարգսյանը օլիգարխիկ համակարգի համար անփոխարինելի առաջնորդ է։ Ինչպես Ծառուկյանը, այնպես էլ մյուս օլիգարխները շատ լավ հասկանում են, որ Սերժ Սարգսյանի հեռացումը հանգեցնելու է հուժկու փոփոխությունների, իսկ օլիգարխները փոփոխություններ չեն սիրում և 2018 թ․ վճռական կերպով աջակցելու են Սարգսյանի վարչապետ դառնալուն։ Նույնիսկ, եթե Սարգսյանը հրաժարվի, միևնույնն է, օլիգարխիկ համակարգը հանուն իր փողերի անվտանգության ստիպելու է նրան մնալ ու պաշտոնավարել, մինչև երաշխավորի նոր թեկնածու գտնելը։ Այսպիսի պայմաններում չի բացառվում, որ ԲՀԿ-ն կարող է կոալիցիա կազմել ՀՀԿ-ի հետ։

Այս ամենից զատ Սերժ Սարգսյանը սանձազերծել է ԲՀԿ-կառավարություն կարճաժամկետ հակամարտություն։ Մի կողմից՝ Ծառուկյանի միջոցով Սարգսյանը փորձում է չեզոքացնել կամ էլ թուլացնել կառավարության դիրքերը, իսկ մյուս կողմից էլ այդ պայքարում հնարավոր է և Սարգսյանի միջամտությամբ ԲՀԿ-ն որոշակի հաջողություն արձանագրի։ Արդյունքում կմեծանա Ծառուկյանի կախվածությունը Բաղրամյան 26-ից և հնարավոր է իր կամքից անկախ հայտնվի կոալիցիայի մեջ։ ՀՀԿ-ԲՀԿ հնարավոր կոալիցիայի ձևավորման համար հիմք է նախապատրաստում նաև այն իրողությունը, որ Ծառուկյանը այս փուլում քաղաքական դաշտում կարծես թե դաշնակիցներ չունի։ Նույնիսկ, եթե ԲՀԿ-ն կոալիցիայի մաս չկազմի, այնուամենայնիվ, այս փուլում հենց դաշնակիցներ չունենալու պատճառով Ծառուկյանը չի կարող հանդես գալ Սերժ Սարգսյանի դեմ։ 2014 թ․-ի համեմատ իրավիճակն արմատապես փոխվել է։ Քաղաքական ուժի կազմաքանդումից ու Ծառուկյանի չեզոքացումից հետո, ԲՀԿ-ն դեռևս չի վերականգնվել, զգալիորեն թուլացած է ու միայնակ։ Չկա նախկին քաղաքական թիմը և չկան այնպիսի հնարավոր դաշնակիցներ, ինչպիսին էր առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն ու ՀԱԿ-ը։ Բացի այդ դժվար թե Ծառուկյանը համարձակվի երկրորդ անգամ այդպիսի սուր հակամարտության մեջ մտնել իշխանությունների հետ՝ հասկանալով դրա կործանարար հեռանկարը։

Ինչպես նաև ակնհայտ է, որ Ծառուկյանը ԵԼՔ-ին որևէ կերպ չի ընկալում որպես դաշնակից, կա վստահության պակաս, ինչպես նաև ԵԼՔ-ը չունի այն տրամաչափը, ինչ առաջին նախագահը։ Վերջինս ուներ հստակ ռազմավարություն ու կարողանում էր համակարգել միավորված ուժերի միասնական գործունեությունը։ Իսկ ԵԼՔ-ԲՀԿ համագործակցության հեռանկարը մշուշոտ է ու գրեթե անիրագործելի և դրանից ելնելով ներկա փուլում բուրժուադեմոկրտական հեղափոխության մասին խոսելն էլ՝ ավելորդ ու անլուրջ։ Ներքաղաքական այսպիսի պայմաններում չի կարելի բացառել ԲՀԿ-ի կոալիցիայի մաս կազմելու հնարավորությունը։ Այլընտրանքն այն կլինի, որ Ծառուկյանը չխոչընդոտի Սարգսյանի վարչապետ դառնալու գործընթացը, ծանր հրետանին ուղղի կառավարության դեմ և կոալիցիա չկազմելով՝ չեզոքության պայմանագիր կնքի Բաղրամյան 26-ի հետ։

Կարպիս Փաշոյան

Մեկնաբանություն
X