Թե ինչու Պուտինն Էրդողանին ասաց` հույս չունեմ

«Մենք պարոն Պուտինի հետ քննարկել ենք ղարաբաղյան հակամարտությունը: Ռուսաստանն ազդեցություն ունի Հայաստանի վրա: Կա որոշում 7-ից 5 օկուպացված շրջանների մասին: Մենք նշել ենք այդ որոշումների կատարման անհրաժեշտությունը: Պարոն Պուտինը դա հնարավոր է համարում, սակայն, որքանով հասկացա, նա առանձնապես հույսեր չի կապում»,- լրագրողներին ներկայացնելով Ռուսաստան կատարած այցի արդյունքները` ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը: Հետաքրքիր է, որ Սոչիում ռուս-թուրքական բանակցությունների արդյունքներով մամլո ասուլիսում ո՛չ Էրդողանը, ո՛չ էլ Պուտինը չեն հիշատակել, որ անդրադարձ են կատարել նաեւ ղարաբաղյան հակամարտությանը: Մենք, փաստորեն, այս մասին իմանում ենք Էրդողանից, այն էլ նրա` Թուրքիա վերադառնալուց հետո: Եվ բնական հարց է առաջանում` Սոչիում քննարկվե՞լ է, արդյոք, Ղարաբաղի խնդիրը, թե՞ պարզապես Էրդողանը, ձեռքի հետ, հիշեցրել է Պուտինին այդ խնդրի մասին: Էրդողանը, ի դեպ, Սոչի մեկնելուց առաջ եւս հայտարարել էր Պուտինի հետ Ղարաբաղի թեման քննարկելու իր մտադրության մասին, մինչդեռ ռուսական լրատվամիջոցներն առանձնապես չշրջանառեցին նրա այդ հայտարարությունը, ինչը նշանակում էր, որ Սոչիի հանդիպման օրակարգում Ղարաբաղի հարցով կետ չի եղել:

Հնարավոր է` Էրդողանն իր հայտարարությամբ փորձում է Ադրբեջանին ցույց տալ, որ Թուրքիան շահագրգռված է ղարաբաղյան խնդրի ադրբեջանանպաստ լուծմամբ, սակայն չափազանց դժվար է դա անել, քանզի ՄԽ համանախագահ Ռուսաստանի ղեկավարն է ասում, որ հույս չունի, թե լուծումը կլինի հենց այնպես, ինչպես պատկերացնում են Բաքվում: Սա կարելի է նույնիսկ համարել Էրդողանի մեծ ներդրումը Բաքվի մաքսիմալիստական ձգտումների չափավորման գործում: Բայց սա նաեւ նախազգուշացում է Բաքվին` վերջին շրջանի նրա հակաարեւմտամետ կեցվածքների կապակցությամբ եւ պարզ ակնարկ այն մասին, թե ինչ կկատարվի Ադրբեջանի հետ, եթե նա մենմենակ մնա Ռուսաստանի դեմ: Այո, Պուտինն առանձնապես հույսեր չունի, որ Ադրբեջանին տարածքներ կվերադարձվեն:

Էրդողանը խոստովանում է` Ռուսաստանն ազդեցություն ունի Հայաստանի վրա: Նա նորություն չի ասում, իհարկե, բայց այս արտահայտությունը նաեւ ընթեռնելի տողատակ ունի, որը չտեսնել Բաքվում չեն կարող: Թուրքիայի նախագահը մեկ անգամ եւս ընդգծել է հայկական կողմի դիրքային առավելությունը (ԵԱՏՄ, ՀԱՊԿ անդամ) Ադրբեջանի նկատմամբ, եթե, իհարկե, Ալիեւի մտքով անցնի Ռուսաստանի հետ սեպարատ պայմանավորվածությունների գնով հետ ստանալ ինչ-ինչ տարածքներ: Ըստ երեւույթին, ավելի վաղ Թեհրանում կայացած Պուտին-Ալիեւ-Ռոուհանի հանդիպումն ամենեւին էլ Թուրքիայի արեւմտյան պատրոնների սրտով չի եղել: Հազիվ թե Թեհրանում Ալիեւին ասված չլինի, որ խնդրո առարկա աշխարհագրական տարածքի հարցը լուծված է ռուս-պարսկական պայմանագրերով, եւ ինչ կարող է տեղի ունենալ, դիցուք, Նախիջեւանում, եթե Ադրբեջանը շարունակի բարենպաստ պայմաններ ստեղծել այնտեղ ՆԱՏՕ-ի ներկայութան համար:

Ռուսաստանի համար, այո, տարբերություն չկա՝ հայկական զինված ուժե՞րն են պահում հայ-ադրբեջանական շփման գիծը, թե՞ ռուսական: Սակայն Ռուսաստանը ոչ մի երաշխիք չունի, որ ազատագրված տարածքներն Ադրբեջանին վերադարձնելուց հետո այնտեղ չեն հայտնվի ՆԱՏՕ-ի կամ առնվազն Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա ռազմական դաշինքի ուժերը: Թե՛ Ռուսաստանում եւ թե՛ Իրանում տեսնում են ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի աստիճանական ներխուժումը Նախիջեւան: Եվ դա, այո, ահազանգ է ղարաբաղյան խնդրի ադրբեջանանպաստ ցանկացած լուծման հեռանկարների տեսանկյունից:

Այս իրավիճակում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի շրջայցը Թուրքիա-Ադրբեջան-Հայաստան երթուղով շատերին դրդեց մտածել, որ Լավրովը Թուրքիայում նաեւ Ղարաբաղի հարց է քննարկել: Հազիվ թե Ռուսաստանը ցանկություն ունենա Ղարաբաղի հարցում խաղացող դարձնել նաեւ Թուրքիային, որին օրեր առաջ կարողացավ դուրս թողնել նույնիսկ Սիրիայի քաղաքական կարգավորման գործընթացից` շնորհիվ այդ կապակցությամբ Պուտին-Թրամփ համաձայնության: Կարելի է ենթադրել, որ Լավրովն Անկարայում փորձել է հարթել Էրդողանի «նեղացածությունը» Ռուսաստանից` Սիրիայի կարգավորման հետագա գործընթացներից իրեն մեկուսացնելու համար: Բայց բոլորն էլ հասկանում են, որ հաղթողներին չեն դատում, եւ նրանք են թելադրում օրակարգերը` տվյալ դեպքում Պուտինը եւ Թրամփը:

Սիրիայում պատերազմի ավարտը Ռուսաստանի համար կարող է նշանավորվել Արեւմուտքի հետ հարաբերությունների բարելավմամբ եւ կարգավորմամբ: Այս տեսանկյունից Ադրբեջանի հոխորտանքը, թե կլքի Եվրախորհուրդը, եւ հակաարեւմտյան այլ հայտարարություններ, որոնք նպատակ են հետապնդում շահել ռուսների համակրանքը, ուշացած են: Այդ խաղաքարտը դարձնել հակակշիռ ԵՄ-ի հետ պայմանագիր ստորագրել պատրաստվող Հայաստանի քաղաքականությանը՝ նույնպես անիմաստ է: ԵԱՏՄ անդամ Հայաստանը պատրաստվում է ԵՄ-ի հետ ստորագրել Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Սա մի քանի տարի առաջ կարող էր շոկ առաջացնել Ռուսաստանում եւ եվրոպական կառույցներում, մինչդեռ այսօր այն դիտարկվում է ԵԱՏՄ-ի գոյությունն իմաստավորող, ԵԱՏՄ-ԵՄ հետագա համագործակցության ուղղությամբ արվող քայլ:

Այս իրավիճակում թե՛ Արեւմուտքին եւ թե՛ Եվրոպային ու Ռուսաստանին ավելի շատ ձեռնտու է հակամարտությունների սառեցումը: Նրանք հյուծվել են «արաբական գարուններից», ահաբեկչության դեմ պայքարից, փախստականների հարուցած աննախադեպ խնդիրներից, Brexit-ներից, անկախության հանրաքվեներից, միջուկային խնդիրների պատճառած անհանգստությունից, գազային պատերազմներից: Պատահական չէ, որ Լավրովը չի հավատում Ղարաբաղի հարցի շուտափույթ լուծմանը, եւ կամ Պուտինը հույս չունի, որ Ադրբեջանին ինչ-որ բան կվերադարձվի: Այս ամենը ենթադրում է առկա ստատուս քվոյի եւս մեկ` թեկուզ ժամանակավոր, ամրագրում: Լավրովը, կարծում ենք, հենց այս հորդորով է եղել Բաքվում եւ Երեւանում:

Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

Մեկնաբանություն
X