Քաղաքականություն

Ինչ է անելու բրենդային մոնստրը

Նկարում պատկերված երկու շոկոլադներն արդեն մի քանի սերունդ ուտում է եւ սիրում։ Առաջինը շփոթության աստիճանի, բայց գեղջկորեն նմանեցված է հանրահայտ Аленка բրենդին, սակայն իրականում հայկական «Գրանդ քենդի» ընկերության սեփականությունն է, իսկ երկրորդ՝ Мишка косолапый կոնֆետ բրենդի սեփականատերը ռուսական միավորված հրուշակագործներ «Рот Фронт», «Бабаевский», «Красный Октябрь» գերհսկաներն են։ Իսկական «Ալյոնկան», իհարկե, նույնպես այս խմբի գրանցված բրենդն է Ռուսաստանում: Միաժամանակ, առանձնակի կարիք չկա շեշտելու, որ ծառ մագլցած արջուկների պատկերով ռուսականին շատ նմանեցված տեղական շոկոլադները նույնպես հեղեղել են հայկական խանութները։

Միավորված հրուշակագործների հասցեին «գերհսկա» բառն օգտագործեցի հայկական նմանատիպ ընկերությունների ծավալների եւ բյուջեի համեմատ։ Հայաստանում, սակայն, նույնպես անկախության տարիներին աճել է մեր երկրի չափանիշներով մի գերհսկա, որը հրուշակեղենի ոլորտում կարողացել է ճզմել բազմաթիվ մանր ու միջին ձեռնարկությունների եւ շուկայում այսօր ունի իշխող դիրք։ Փորձեք արտադրել հրուշակեղեն, մտնել շուկա եւ մտավոր սեփականության գործակալությունում (ՄՍԳ) գրանցման հայտ ներկայացնել կամայական, բայց փոքր-ինչ հնչած բառի կամ անվանման համար։ Անմիջապես ծլում է հայկական մոնստրի առարկություն-նամակն այն մասին, որ իրենց ընկերությունն ունի այդ ապրանքային նշանին շատ մոտ կամ նմանատիպ նշան, եւ նորի գրանցումը կարող է սպառողների շրջանում շփոթություն առաջացնել։ Եթե չունեք բավարար գումար կամ ազդեցիկ կապեր իշխանության վերնախավում, անպայման ձեր ներկայացրած հայտը կմերժվի։ Այս խոսքերի համար պատասխանատվությունը կրում եմ 100 տոկոսով, անձամբ եմ ժամանակին բրենդի գրանցման հայտ ներկայացրել, ձեռքիս տակ ունեմ մոնստրի առարկությունը, իմ հայտի մերժման մասին ՄՍԳ որոշումը, իսկ հիշողությանս մեջ պահպանվում են դեպքերն ու իրադարձությունները, թե ինչից հետո հայտը կրկնեցի եւ ստացա բավարարում, գրանցեցի նույն՝ հիմնավոր մերժված բրենդը։

Չեմ ժխտում՝ «Գրանդ քենդին» կարողացել է հայաստանյան մտավոր սեփականության գործակալության հետ հարաբերություններում փոխըմբռնման ամուր հիմքեր ստեղծել՝ իր ուզած դասերում «РИО», «Օջախ», «Վասպուրական», «Հոբելյանական», «Փարվանա», «ФАРАОН PHARAON» գրանցելու համար։ Աշխատեցրեք ձեր երեւակայությունն ու նշեք մոտավոր քանակ, թե քանի ապրանքային նշան ունի գրանցած այդ կազմակերպությունը։ 740, որոնց թվում՝ Огни Москвы, Школьник, Кот в сапогах, Красная шапочка, Белочка, Золушка, Чародейка, Снегурочка, Золотой петушок եւ շատ այլ անվանումներ, մինչեւ իսկ՝ СССР։ Նախորդները հիմնականում գրանցված են 30-րդ դասում՝ սուրճ, թեյ, կակաո, շաքար, բրինձ, տապիոկա, սագո, սուրճի փոխարինիչներ, ալյուր եւ հացահատիկային մթերքներ, հաց, հրուշակեղեն եւ քաղցրավենիք, պաղպաղակ, մեղր, կաթ, խմորիչներ, հացաթխման փոշիներ, աղ, մանանեխ, քացախ, սոուսներ, համեմունք, սառույց արտադրելու, իսկ վերջինը՝ նաեւ 29-րդում․ СССР անվամբ միս, ձուկ, թռչնամիս եւ որսամիս, մսի էքստրակտներ, պահածոյացված, սառեցված, չորացված եւ ջերմամշակման ենթարկված մրգեր եւ բանջարեղեն, դոնդող, մուրաբա, կոմպոտ, ձու, կաթ եւ կաթնամթերք, սննդային յուղեր եւ ճարպեր արտադրելու համար։ Դասերն ու թվարկված տերմիններն ուղիղ մեջբերումներ են մտավոր սեփականության գործակալության պաշտոնական փաստաթղթերից։

Իսկ հիմա՝ ամենակարեւորի մասին․ ի՞նչ է անելու «Գրանդ քենդին» ԵԱՏՄ կամ թեկուզ ռուսական շուկայում այնտեղի հանրահայտ ապրանքային նշանների կողքին հայտնվելու պարագայում։ Ավելին՝ փորձենք մի փոքր առաջ գնալ․ ի՞նչ են անելու բոլոր նմանատիպ հայկական ընկերությունները, եթե ԵԱՏՄ-ն դառնա իրական տնտեսական պինդ միություն՝ ոչ միայն միասնական մաքսային տարածքով, այլ նաեւ մտավոր սեփականության ընդհանուր բազայով։ Այս մտահոգությամբ դիմել եմ ՄՍԳ եւ այնտեղից պատասխան չեմ ստացել։ Ավելի ստույգ՝ ստացել եմ տեքստ, որը մեջբերում եմ բառացի․ «Տվյալ պահին ԵԱՏՄ անդամ երկրներում գործում է ապրանքային նշանների պահպանության տարածքային սկզբունքը, համաձայն որի՝ յուրաքանչյուր երկրում իրավական պահպանություն են ստանում այն ապրանքային նշանները, որոնք գրանցվել են տվյալ երկրի օրենսդրության համաձայն, եւ նշված գրանցված ապրանքային նշանների իրավատերերին է պատկանում տվյալ երկրում ապրանքային նշանների օգտագործման, տնօրինման բացառիկ իրավունքը»:

Դուք ընկալեցի՞ք, մեծարգո ընթերցող։ Ես չեմ ընկալել։ «Տվյալ պահին» մտածելակերպը հիմնականում աղանդավորներին ու թմրամոլներին է հարիր։ Հավատագողերն են ասում՝ դու մի մտածիր վաղվա օրվա մասին, Աստված քո փոխարեն մտածում է, քանի որ քեզնից լավ գիտի, թե դու ինչ ես ուզում, ապրիր օրով։ Իսկ ՄՍԳ պատասխանում ապագա տնտեսական ընդհանուր գոտու զարգացման ու խոշորացման կանխազգացումը չի նշմարվում, բառեր են, որոնք կարող էին գրված լինել 10, 15 տարի առաջ, մոտավորապես այն ժամանակներում, երբ գործակալության ներկայիս պետն սկսել է անփոփոխ ղեկավարել այդ կառույցը։

Հեռավոր 2003-ին, Ռոբերտ Քոչարյան-Ստեփան Դեմիրճյան հեռուստադեբատի ժամանակ, Եվրազեսի ստեղծման մասին մտահոգությունը հնչեցնում էր այն ժամանակ հեռուստալրագրող Արամ Սաֆարյանը՝ փորձելով ճշտել ընտրությունների 2-րդ փուլ անցած Դեմիրճյանի դիրքորոշումը, թե նրա ղեկավարած Հայաստանն ուր է գնալու։ «Տվյալ պահին», այսինքն՝ քաղաքական վերնախավի հոգեհարազատ լեքսիկոնով՝ «նաղդ»։ Նաղդի հետեւորդները, այսպիսով, СССР գրանցելուց մնացել են СССР-ի փլատակների արանքում։ Չեն գիտակցում, որ իրենք ընդամենը արցունքի երկու կաթիլ են 17 միլիոն 125 հազար 200 քառակուսի կմ տարածք զբաղեցնող իրական Аленка-ի երկրի համեմատ։ Չեն ընկալում, որ տարածքը, որտեղ գրանցել ու վաճառում են տեղական Аленка, ՌԴ 85 տարածաշրջաններից 66-րդից հետո միայն կարող է հավակնել մակերեսով մրցելուն, եւ, ի վերջո՝ տարածքը, որտեղ գրանցել են СССР, ՌԴ տարածաշրջաններից մակերեսով ամենախոշորից փոքր է 100 անգամ, մակերեսով 15-րդ տեղն զբաղեցնող Տոմսկի նահանգից փոքր է ավելի քան 10 անգամ, բայց կարեւորը՝ Տոմսկում մեր բրենդներով ներկայանալու խնդրին «տվյալ պահին» կարծես չենք բախվում, որովհետեւ մտավոր սեփականության իրավունքն էլ է իրավունք, վարորդականն էլ, մեկը որ լուծվեց, մյուսն էլ կլուծվի։ Ռուսաստանը կճանաչի Հայաստանում գրանցված ալյոնկաներին ու չեղյալ կհամարի սեփական ալյոնկաների գրանցումը։

ՀԳ․ «Գրանդ քենդի» ընկերության դիրքորոշումը ճշտելու համար դիմել ենք տարբեր միջոցների` չի ստացվել, պատրաստ ենք ներկայացնել։

Սեւակ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Մեկնաբանություն
X