Համայնքապետարանում աշխատավարձերը եսիմինչ գրավիչ չեն

Վանաձորի քաղաքապետի առաջին տեղակալ, ՀՀԿ խմբակցության անդամ 36-ամյա Արտյոմ Գրիգորյանին Մամիկոն Ասլանյանը նշանակել էր 2017 թ․ փետրվարի 28-ին, N 127-Ա որոշմամբ, «ղեկավարվելով ՏԻՄ օրենքի 57 հոդվածի 3-րդ մասով՝ հիմք ընդունելով ՀՀ արդարադատության նախարարության պարզաբանումը եւ ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի առաջին տեղակալ Վ. Տերտերյանի գրությունը»: Ըստ ՏԻՄ օրենքի՝ «համայնքի ղեկավարի տեղակալներին համայնքի ղեկավարի ներկայացմամբ նշանակում է ավագանին՝ ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Համայնքի ղեկավարի տեղակալի թեկնածությունն ավագանու կողմից 2 անգամ չհաստատվելու դեպքում վերջինս նշանակվում է համայնքի ղեկավարի կողմից»: Ա. Գրիգորյանն իր պաշտոնում նշանակվել էր ոչ թե ավագանու կողմից, այլ՝ Ասլանյանի որոշմամբ: Երեկ փոխքաղաքապետ նշանակված Ա. Փելեշյանի դեպքում գործել է ոչ միայն ՀՀԿ-ՀՎԿ հուշագիրը, այլեւ ավագանու որոշմամբ նշանակվելու մեխանիզմը, քանի որ նիստին մասնակցել է ավագանու 20 անդամ եւ հաստատել նշանակումը: Այս օրերին համայնքապետարանում ափսոսանքով նշում են, թե ՀՀԿ-ՀՎԿ սիրախաղի երեսից ամենատուժածն Արտյոմ Գրիգորյանն է, ում «Ասլանյանը փուռը տվեց՝ հանուն իր աթոռի»: Նա երեկ ավագանու արտահերթ նիստի ժամանակ մեծ շնորհակալություն է հայտնել Գրիգորյանին՝ նշելով, որ նա «քաղաքական կուլտուրայի բարձր մակարդակ ցույց տվեց եւ ոչ թե պաշտոնի ու աթոռի կռիվ տվեց, այլ մեծ սիրով ու հանդուրժողականությամբ, գնահատելով ներկա քաղաքական իրավիճակը, իր թիմակիցների ու նաեւ մեր նոր գործընկերների հետ համագործակցության շրջանակներում զիջեց քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնը»:

Մեզ հետ զրույցում Արտյոմ Գրիգորյանը նշեց, թե սեփական դիմումի համաձայն է ազատվել: «Այսօր, երբ ասում ենք Վանաձորի քաղաքապետի առաջին տեղակալ, հենց հանուն Վանաձորի էլ զիջել ենք այդ տեղը: Սա քաղաքական որոշում էր, եւ դրա համար պետք չէ տրամադրություն գցել, ուղղակի պետք է հետագայում ակնկալել առավել աչալուրջ եւ հետեւողական աշխատանք: Իմ դիրքորոշումը սա է: Ես հանուն իմ վանաձորցիների եւ հանուն իմ թիմի, բնականաբար, գնացել եմ այդ քայլին, որպեսզի մենք կարողանանք ունենալ ՍԴ որոշմանը համահունչ ավագանու նիստեր»:

-Պարոն Գրիգորյան, փաստորեն, Դուք եւ Փելեշյանը բոլորովին այլ իրավիճակներում եք նշանակվել համայնքի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնում:

-Երբ որ մենք խոսում ենք իմ նշանակման մասին, ասեմ, որ այդ հարցը երկու անգամ ավագանու նիստ մտել է, նիստեր չկայանալու պատճառով չի հաստատվել, եւ, հետեւաբար, պարոն քաղաքապետը շարժվել է ՏԻՄ օրենքին համահունչ ու նշանակում է կատարել (նկատենք, որ Գրիգորյանի նշանակմանը նախորդել է ավագանու երկու նիստ, որոնք չեն կայացել: ՏԻՄ օրենքի վերը հիշատակված դրույթը սահմանում է, որ ոչ թե ավագանու նիստերի չկայանալու հիմքով է քաղաքապետը նշանակում իր առաջին տեղակալին, այլ ավագանու կողմից երկու անգամ չհաստատվելու դեպքում՝ խմբ.):

-Իսկ աշխատանքից ազատվելու դիմումը, եթե գաղտնիք չէ, ե՞րբ եք ներկայացրել:

-Օրենքով սահմանված կարգով ներկայացրել եմ:

-Քանի որ Ա. Փելեշյանի՝ առաջին տեղակալ նշանակելու հարցը շատ հապճեպ ստացվեց՝ 3-4 օրում, ենթադրում եմ, որ հենց այդ օրերին էլ գրել եք դիմումը:

-Դե, մոտավորապես այդ ակնկալիքն էլ ունեցեք, այդ ժամանակ էլ ներկայացրել եմ:

-Մամիկոն Ասլանյանը Ձեզ շնորհակալություն հայտնեց քաղաքական բարձր կուլտուրա ցուցաբերելու համար, ենթադրում եմ, որ երբ Ձեզ դիմում գրելու առաջարկ է ներկայացվել, չեք ընդդիմացել:

-Բնականաբար՝ ոչ, ի՞նչ ունեմ ընդդիմանալու: Այնպես չէ, որ անակնկալի եմ եկել դիմում գրելու օրը: Սա բավականին երկար քննարկումների արդյունք է եղել, բավականին մտահոգված վիճակներ ենք ունեցել մենք, թե արդյոք ո՞նց կարող ենք այս իրավիճակից դուրս գալ, որպեսզի մեր ընտրողները հուսախաբ չլինեն: Սա է եղել մեր որոշման խնդիրը: Այդ պաշտոնը ես իմ տնից չեմ բերել ինձ հետ, ուղղակի խնդիրը կայանում է նրանում, որ սա քաղաքական որոշում է։ Ոչինչ, կարող է մի առավոտ էլ արթնանաք՝ մի ուրիշ առաջարկ լինի, եւ այսօր պետք չէ կապել, որ սրանով ամեն ինչ ավարտվեց: Ընդամենը սա նոր հաջողությունների սկիզբ պետք է հանդիսանա, եկեք այսպես դիտարկենք ամեն ինչ:

-Խոսք կա, որ Ձեզ Ասլանյանը նշանակելու է իր խորհրդականի պաշտոնում: Դուք Ձեր առաքելությունը համայնքապետարանում էլ ո՞ր պաշտոնում եք պատկերացնում:

-Ոչ միայն համայնքապետարանում, այլ նաեւ իմ՝ հանրության առջեւ առաքելությունը հետեւյալն է. իմ ստացած գիտելիքները ծառայեցնել հանուն իմ համայնքի զարգացման: Եթե դուք ուշադիր լինեք, կտեսնեք, որ համայնքապետարանում աշխատավարձերը եսիմինչ գրավիչ չեն, եւ ես ամբողջ իմ կյանքը նվիրել եմ գիտությանը, գիտելիք եմ ձեռք բերել: Ինձ մնում է գործել իմ թիմի հետ միասին՝ հանուն մեր համայնքի զարգացման: Խորհրդականի մասով էլ ասեմ, որ առայժմ դրանք խոսակցություններ են, դեռեւս հստակ դիրքորոշում չկա այս պահին:

-Դուք Փելեշյանի հետ, որպես ավագանու անդամ, աշխատել եք նաեւ նախորդ ավագանու կազմում, նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանի օրոք: Ինչպե՞ս էր նա աշխատում այն ժամանակ: Տեղեկություններ ունենք, որ նա նիստերի ժամանակ երբեմն անհավասարակշիռ վարք է ցուցաբերել, պոռթկուն է եւ այլն:

-Որքանով ես ճանաչում եմ պարոն Փելեշյանին՝ այդ լուրերն իրականությանը չեն համապատասխանում: Իսկ մնացած առումներով դուք հասարակությունից ճշտեք, այլ լծակներից: Ինքը եկել է նիստերին, ոչ մի խոչընդոտներ, խնդիրներ չի առաջացրել: Ավելին ասեմ՝ իմ կողքն էլ նստել է: Այսօր մարդ է՝ նշանակվել է, մենք պիտի շնորհավորենք իրեն, ցանկանանք բեղմնավոր աշխատանք եւ որեւիցե նեգատիվ վերաբերմունք չդրսեւորենք տվյալ անձի նկատմամբ: Կգա կաշխատի՝ շատ ավելի լավ, մենք բոլորս այդ ակնկալիքն ունենք: Երկրորդ տարբերակի մասին չեմ էլ ուզում մտածել:

Հեղինե Մանուկյան

Մեկնաբանություն
X