Քայլերթ՝ ի մեծարումն Լեոնիդ Ազգալդյանի․ տեսանյութ, ֆոտոշարք

>

Այսօր մի խումբ քաղաքացիներ Ազատության հրապարակից իրականացրին քայլերթ՝ ի մեծարում Արցախյան ազատամարտի հերոս Լեոնիդ Ազգալդյանի։ Քայլերթին մասնակցում էին մոտ 50 հոգի, նրանց շարքերում էին նաեւ Երեւանի քաղաքապետարանի «Ելք» խմբակցության ավագանու անդամներ Դավիթ Խաժակյանը, Անի Խաչատրյանը։ Ակցիայի մասնակիցները պարզել էին Լենոիդ Ազգալդյանի լուսանկարներով պաստառներ, «Ազգալյան», «Հերոսը բանակի սիրտն է» ցուցապաստառներ։ Նշենք, որ նախաձեռնող խումբը քայլերթի վերաբերյալ տարածել է հաղորդագրություն, որտեղ մասնավորապես ասված է. «Նախորդ տարի աշնանը հասարակական պահանջ առաջ եկավ, քաղաքի մեծ փողոցներից մեկը Լեոնիդ Ազգալդյանի անունով անվանակոչելու մասին: Ստորագրահավաք եղավ, հավաքվեցին հազարավոր ստորագրություններ, որոնք պահանջով ուղարկվեցին քաղաքապետարան: Քաղաքապետարանը հետաձգեց հարցը՝ արանքում ընտրություններ էին: Այնուհետև նախաձեռնությանը միացավ ԵԼՔ դաշինքը, որը ավելացրեց այս պահանջին ևս մի քանիսը և փորձեց նորից հարցը բարձրացնել: Այս անգամ ամեն բան քաղաքական երանգ ստացավ և սկսեցին հակադարձել, թե բան ու գործ չկա, փողոց պիտի անվանափոխենք, մինչդեռ պահանջը ի սկզբանե հասարակական էր: Հարցը նորից քողարկվեց: Այժմ, Ազգալդյանի տարեդարձի նախօրեին հարկ ենք համարում կազմակերպել մեծ քայլերթ քաղաքում, որը ցույց կտա թե՛ հասարակական պահանջի լրջությունը ու հրատապությունը, թե՛ Արցախյան գոյամարտում Ազգալդյանի մեծ ներդրման գնահատումն ու արժևորումը այսօրվա հայ մարդու կողմից»:

Հիշեցնենք նաեւ, որ նոյեմբերի 16-ին տեղի է ունեցել Երևանի ավագանու Մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, որի ժամանակ քննարկվել են մի շարք փողոցներ անվանակոչելու նախագծերը: Նիստը վարել է «Ելք» խմբակցության անդամ, հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանը: Նախագծին միացել է նաև «Հանրապետական կուսակցություն» խմբակցությունը և համատեղ նախագիծը դրական եզրակացություն ստացել Մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում: Հանձնաժողովը կողմ է քվեարկել նաև Ձորափի փողոցի մի հատվածը Հնդկաստանի անունով անվանակոչելուն, Սերգեյ Փարաջանովի տուն թանգարանին հարող փողոցը՝ մեծանուն ռեժիսորի անունով կոչելուն: Նոյեմբերի 29-ի Երևանի ավագանու նիստի օրակարգում ընդգրկվել են «Ամիրյան փողոցը Վռամշապուհ արքայի անունով անվանաչելու մասին», «Լենինգրադյան փողոցը Լեոնիդ Ազգալդյանի անունով անվանակոչելու մասին», «Անաստաս Միկոյանի փողոցը Քըրք Քըրքորյանի անունով անվանակոչելու մասին», «Կասյանի փողոցը Վազգեն Առաջին Վեհափառի անունով անվանակոչելու մասին», «Ֆրունզեի փողոցը Ապրիլյան հերոսների անունով անվանակոչելու մասին» «Ելք» խմբակցության նախագծերը:

Մեկնաբանություն
X