Եթե նախկին ռեկտորն ինչ-որ հաշտողականություն է ցուցաբերել, ես չեմ պատրաստվում. Սահակ Մինասյան

Շիրակի պետական համալսարանում շարունակում են լարված մնալ պրոֆեսորադասախոսական կազմի եւ ռեկտորի հարաբերությունները: Այս պատճառով ԿԳՆ –ն ստուգումներ իրականացրեց բուհում, որի արդյունքներն ամփոփելուց հետո, ռեկտոր Սահակ Մինասյանը խոստացավ մամուլի ասուլիս հրավիրել: «Այս լարվածությունը սկիզբ է առել դեռ 2011-12 թթ.-ներից: Եթե ձեր հիշողությունը լարեք, կտեսնեք, որ այդ թվականներին բազմաթիվ խնդիրներ են բարձրաձայնվել, սակայն դրանք կոնկրետ չեն թիրախավորվել ռեկտորի դեմ, ինչպես այսօր»,-նշում է ՇՊՀ-ի ռեկտորը՝ փորձելով լրագրողների համար թվարկել այն խնդիրները, որոնք առաջացել են դեռ նախորդ ռեկտորի կառավարման ընթացքում:Ըստ Սահակ Մինասյանի՝ առանց լիցենզիայի բուհ են ընդունվել ասպիրանտներ, բուհում տևական ժամանակ դասապրոցեսներն անցկացվել են 70 րոպե տևողությամբ, որի արդյունքում ուսանողները 6 ամիս տուժել են: «42 մլն դրամ, հեռական դեռ չհաշված, մենք արդեն զեղչել ենք: Այս վարձավճարի աղմուկը բարձրացավ, քանի որ ուսանողներին թյուր տեղեկատվություն տարածեցին, թե վարձավճարի զեղչի համակարգը փոխվել է: Հետո պարզվեց, խաղաղվեցին: Ձեզ տարօրինակ չի թվում, որ գրադարանի, բուհի տանիքի շինության մասին լուրերը, որոնք 6 ամիս առաջ էին եղել, նոր հիշեցին: Փաստահավաքները մի ամբողջ խճանկար սարքեցին ու բոյկոտեցին: Նախկին ռեկտորից ժառանգած 500մլն դրամից, որ խոսում են, ասեմ՝ երբ ես ղեկավարեցի, եղել է 394.8մլն, որից 300մլն-ը վերադարձվել է որպես աշխատավարձ, 37 տոկոսով բարձրացվել են դասախոսների աշխատավարձերը: Ուսումնական պլանի հետ կապված թերացումներ եղել են, այո, ես էլ եմ ընդունում, բայց արագ շտկվել է: Սրանք այն խնդիրներն են, որ թիրախավորում են թե նախկին, թե ներկա ռեկտորին: Եթե որևէ մեկի մտքից անցնում է, որ այս ձևով մենք հետ ենք կանգնելու վերափոխումներից, չմտածեն»,-բուհում առկա լարվածությունն այսպես բացատրեց նա՝ ընդգծելով, որ լրագրողներին հրավիրել է, որ այդ լարվածությանը վերջ դրվի:

Սահակ Մինասյանն անդրադարձավ նաև իր անձի շուրջ պտտվող խոսակցություններին, հիշեցրեց, որ ամենաբարձր աշխատավարձն ինքը չի ստանում, այլ՝ պրոռեկտորը: Լրագրողների այն հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ դուրս եկան դասախոսներն իր դեմ, եւ ո՞ւմ է ձեռնտու այս իրավիճակը, բուհի ռեկտորը մատնացույց անելով իր աթոռն ասաց. «Կռիվը ա՛յ սրա մեջ է»: «Եթե նախկին ռեկտորն ինչ-որ հաշտողականություն է ցուցաբերել, ես չեմ պատրաստվում »,-ընդգծեց նա՝ մեկ անգամ ևս նկատելով, որ եթե կատարվածն իր դեմ պատվեր չէր, ինչու էին բոլոր տվյալները դասախոսները հավաքել մի օրվա համար:Այն դեպքում, երբ բոլոր որոշումները միասին են կայացրել եւ ժամանակին ընդդիմացող չի եղել: Ռեկտորը սակայն այդպես էլ չնշեց պատվիրատուի անունը: ԿԳՆ իրականացրած ստուգումներին Սահակ Մինասյանը բավականին հանգիստ արձագանքեց՝ ասելով, որ իրեն գրավոր ուղարկել են բացահայտված թերությունները, ինքն էլ գրավոր ուղարկել է իր հիմնավորումները, եթե գտնեն անհրաժեշտ է, իրեն կհրավիրեն նախարարություն, բայց դեռ չեն հրավիրել: Իսկ ահա այն հարցին, թե նախարարն իրեն աջակցում է, հետևեց դիվանագիտական պատասխան. «Եթե խոսքը չվերաբերվեր պարոն Մկրտչյանին, կարող էի ինչ-որ տեղ հակադարձել»:

Լրագրողներին բնականաբար հետաքրքրեց վերջին օրերին պրոռեկտոր Բագրատ Պողոսյանի աշխատանքից ազատվելու անակնկալ որոշումը: «Գուցե ուրիշ պատճառներ ունի, բայց ինձ ասաց, որ որոշել է դոկտորական պաշտպանի, ավելի թեթև աշխատանքով զբաղվի: Ես նրան ավելի շուտ եմ ճանաչել, իսկ միասին աշխատելիս մեր հարաբերություններն ավելի են ջերմացել: Ես երկու ժամ իմ աշխատասենյակում նրան համոզում էի, որ դիմում չգրի, բայց նա դա դեռ օգոստոսի 14-ին էր ինձ դա խնդրել»,-պարզաբանեց ռեկտորը: ՇՊՀ ռեկտորն իր ասուլիսն ավարտեց խոսքերով, որ այնուամենայնիվ գալու է մի պահ, երբ բոլորն էլ իրենց արարքների համար պատասխան են տալու, հատկապես իրեն անձնական վիրավորանքներ հասցնելու համար: Ի դեպ, ՇՊՀ ռեկտորի ասուլիսին հաջորդեց ընդդիմադիր դասախոս Գագիկ Համբարյանի արձագանքը: «Սահակ Մինասյանը հիմա էլ հայտարարում է,որ,նախ մենք պատվեր ենք կատարում՝չնշելով մեր պատվիրատուի անունը, և երկար տարիներ փաստեր ենք հավաքել նաև նախկին ռեկտորի դեմ,իսկ բուհի խնդիրներն էլ 5-6 տարվա վաղեմություն ունեն: ..Սահակ Մինասյանը շատ լավ գիտի,թե ինչն էր այս ամենի պատճառը...Եթե ցանկություն ունի, ապա կհանրայնացնեմ: Մեր կողմից բարձրաձայնած բոլոր խնդիրները վերաբերում են վերջին մի քանի ամիսներին...Ի՞նչ 5-6 տարվա մասին է խոսում :5-6 տարի առաջ բուհում ոչ ոք ինտեգրված ուսուցում չէր փորձել կիրառել,50 տոկոսով չէր կրճատում,այսպես կոչված, թերբեռնված կուրսերի լսարանային ժամերը,չէր ոչնչացնում համալսարանի գրադարանային ֆոնդի կեսից ավելին,չէր փորձում չեղարկել ուսանողների վարձավճարների զեղչերը: Նա միտումնավոր է 5-6 տարվա խնդիրների մասին խոսում՝ևս մեկ նպատակ հետապնդելով՝ շեղել մեզ և ձևավորել կեղծ օրակագ...Այդ բանը նրա մոտ ևս չի ստացվի: Ի գիտություն պարոն Մինասյանի, ասեմ,որ մենք էլ ենք պայքարելու նրա կողմից գործած անօրինակնանությունների և հանցագործությունների դեմ մինչև վերջ,որոնք նա բնութագրում է որպես բարեփոխումներ…»: Նշենք, որ ՇՊՀ-ում որոշ դասախոսների եւ ռեկտորի միջև եղած տարաձայնությունները հանրայնացվեցին այս տարվա սեպտեմբերին, երբ ոտքի կանգնեցին նաև ուսանողները՝ երկօրյա դասադուլ հայտարարելով: Թեև ուսանողներն հանդարտվել են, դասախոսների եւ ռեկտորի պայքարը շարունակվում է:

Արևիկ Հակոբյան

Մեկնաբանություն
X