Վանաձորին, արդյոք, պե՞տք է քաղաքապետ

ՀՀ սահմանադրական փոփոխությունից` կառավարման խորհրդարանական համակարգին անցնելուց հետո ընտրովի մարմնում (անկախ դրա մակարդակից) միանձնյա ղեկավարի անհրաժեշտությունը դառնում է վիճելի հարց: Ունենա՞լ, օրինակ, այսօրվա իրավասություններով քաղաքապետ, թե՞ չունենալ եւ առաջնորդվել բացառապես ավագանու որոշումներով, որոնք պարտադիր կլինեն ավագանու համամասնությամբ ձեւավորված կառավարիչ (գործադիր) մարմնի համար:

Առանց քաղաքապետի իրենց կյանքը չպատկերացնող վանաձորցիները, գուցե, հարցնեն` բա քաղաքը տեր չունենա՞: Չէ, ինչո՞ւ չունենա: Այդ քաղաքի տերը դուք եք, որ քաղաքի կառավարումը վստահել եք ձեր ընտրած ավագանուն: Պարզապես բոլորովին պարտադիր չէ, որ Մամիկոն Ասլանյանը կամ Քրիստ Մարուքյանը մի հատ կաբինետ զբաղեցնեն եւ կոչվեն քաղաքի տիրակալ: Սրա մասին է խոսքը:

Առավել համառները կհարցնեն` բա ումի՞ց ենք հաշիվ պահանջելու: Հասկանալի մտահոգություն է, բայց մի հարց էլ ես տամ` մինչեւ հիմա ումի՞ց եք հաշիվ պահանջել, ու ո՞վ է եղել ձեր այն քաղաքապետը, որ եկել ու հաշիվ է տվել իր արած-չարածի համար: «Մինն էլ ա»:

Թե ինչու հատկապես Վանաձորի օրինակը բերեցի, կարծում եմ՝ հասկանալի է: Քաղաքը, ինչքան ժամանակ է, դե յուրե եւ դե ֆակտո քաղաքապետ չունի եւ, կարծես, ավելի վատ վիճակում չէ, քան էր քաղաքապետ ունեցած ժամանակներում: Վստահ եմ, սակայն, որ եթե ավագանու այս կազմի համամասնությամբ ձեւավորվեր գործադիր մարմին, քաղաքում իրավիճակը բոլորովին այլ կլիներ, Սամվել Դարբինյանից հետո մի բան ավելացած կլիներ Վանաձորում, մի ճանապարհ սարքված, մի քանի աշխատատեղ բացված, մի քանի ներդրող գտնված… Այլապես ինչի՞ նման է, երբ Վանաձորի եզրով անցնող միջպետական ճանապարհը սարքված է, իսկ քաղաքի փողոցները մնացել են դարուփոս ու քանդված, ինչի՞ նման է, երբ քաղաքի ողջ առեւտուրը կենտրոնացած է «Լաչինի միջանցքում» (շուկայի հարեւանությամբ), իսկ մյուս թաղամասերում, մեղմ ասած, լռություն է, ինչո՞ւ չի իրականացվում նորմալ աղբահանություն, ինչո՞ւ է պետավտոտեսչությունն իր կամայական գծանշումներով խաթարում դեպի Տարոն թաղամաս բնականոն ելումուտը, ինչո՞ւ են քաղաքի մուտքուելքերն այնքան անշուք, որ ո՛չ քաղաք մտնելն է նշմարվում, ո՛չ քաղաքից դուրս գալը, ինչո՞ւ են այսքան անշուք քաղաքի մշակութային եւ ուսումնական հաստատությունները, ինչո՞ւ է Արցախի պուրակում վայրի խոտ աճում, ինչո՞ւ են մայթերը քանդված, ինչո՞ւ է մայթեզրերին ցեխ ու կեղտ գոյանում, ինչո՞ւ են ձմռանն այսբերգներ առաջանում ճանապարհներին, ո՞ւր են Վանաձորի գողտրիկ, կանաչ փողոցները, ինչո՞ւ են փուշուտատասկի մեջ կորել զբոսայգիները, վերջապես` ինչո՞ւ է այսքան վանող դարձել իր հանգստյան գոտիներով, ձմեռային մարզաձեւերի համար իդեալական լեռնալանջերով Ծաղկաձորին մի քանի անգամ գերազանցող Վանաձորը: Մի՞թե անպայման նոր քաղաքապետ պետք է ունենալ, որպեսզի հասկանանք, որ հանգստյան գոտիները ռեստորան-հյուրանոց-պոռնկատներով լցնելը դեռ զարգացում չէ: Նախկին օդանավակայանի տարածքում տեղակայված տնակային, այսպես կոչված, քաղաքը դեռ ինչքա՞ն պետք է մնա այնտեղ` որպես աշխարհում իր տեսակի մեջ միակ առնետաբուծարան:

Ա փող չկա… Հըսկանըմ չե՜ս:

Հըսկանըմ եմ, համա կարըմ չեմ հըսկանամ, թե էդ քաղաքապետերն ու իրանց աշխատակազմերի պաշտոնավորնին ոնց են էս անփող վիճակըմ 200 հազարանոց ավտո քըշըմ, հըսկանըմ չեմ, թե էդ ընչիցն ա, որ սաղ քաղաքըմ մի 5-6 հոգի բիզնես ունի: Հեշտ է ասել` փող չկա, ու հարցը համարել փակված: Ե՞րբ է Վանաձորի օրինավոր իշխանությունը ՀՀ կառավարությանը կամ արտասահմանյան որեւէ կազմակերպության դիմել նորմալ ծրագրերով, որ չեն օգնել կամ մերժել են: Ես չեմ հասկանում` վարչապետը պետք է գա Վանաձորի զարգացման ծրագի՞ր առաջարկի: Ամեն տարի մի թուլափայ հարկ եք ավելացնում, վարչապետն էլ ասում է` հա, դե լավ, է, հավաքագրումը մեծացել է, որեմն զարգացել է քաղաքը: Երանի մի վանաձորցի կանգներ ու հայտարարեր, որ իր քաղաքն առաջ է գնացել, իր վիճակն էլ բարելավվել է: Չկա, չէ՞, այդպիսի վանաձորցի: Ուրեմն ինչ ասացի, ճիշտ է, ուրեմն իրար փոխարինող քաղաքապետերը չէ, որ վիճակ պետք է փոխեն, այլ աշխատել ցանկացող, իրենց քաղաքն ավելի բարեկարգ տեսնել ցանկացող մարդիկ, մի խոսքով` վանաձորցիները:

Այն, որ Վանաձորն այսօր քաղաքապետ չունի, ոչ թե ընտրությունների արդյունքների կեղծման, հետո էլ որոշների «դավաճանության» ու «ծախվածության» հետեւանք է, այլ ինքնակառավարման բացակայության: Կա՞ այսօր մի քաղաք Հայաստանում, որ Երեւանից չի կառավարվում: Ինձ մեկ հատիկ քաղաքապետի անուն ասեք, որ տեռորի է ենթարկում ՀՀ նախագահին, վարչապետին, ԱԺ-ին այն բանի համար, որ իրենց քաղաքը «մտահան են» արել: Եղբայր, Ամերիկայում քաղաքապետերը (քաղաքագլուխները) նախագահի հավասար մարդիկ են: Դու ասա` կարո՞ղ է Դոնալդ Թրամփը միջամտել Նյու Յորքի կամ Լոս Անջելեսի քաղաքապետի գործերին: Այդ առումով մենք այնքան հեռու ենք ինքնակառավարում ասվածից, որքան Լոս Անջելեսը՝ Վանաձորից:

Օրերս թերթերից մեկը գրել էր, որ, ըստ իրեն հասած խոսակցությունների, Վանաձորի ավագանու «ծախված» ընդդիմադիրները, կարծես, որոշել են մասնակցել նոյեմբերի 23-ին նշանակված նիստին, իսկ իշխանական ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն էլ ամեն ինչ անում են, որ այդ «ծախվածներին» նիստի բերեն, այլապես Մամիկոն Ասլանյանի «վլաստը» կարող է փոխվել: Դե դուք հիմա պատկերացրեք մի քաղաքի ճակատագիր, որ կախված է 4 ծախված մարդուց: Ենթադրենք` Մամիկոն Ասլանյանին հաջողվի նրանց բերման ենթարկել, դրանից ի՞նչ է փոխվելու, ի՞նչ երաշխիք կա, որ այդ 4 ծախվածների հետ նա «էն կուռը դեսն է անելու»: Հերթական թամաշան են սարքելու քաղաքում, ուրիշ ոչինչ:

Ֆրանսիայում, ի տարբերություն ԱՄՆ-ի, քաղաքապետի պաշտոնն ավելի սիմվոլիկ է: Ֆրանսիայում քաղաք կա, կներեք, անունը չեմ հիշում, որի քաղաքապետն այծ է: Չէ, բառիս բուն իմաստով այծ` չորքոտանի, սրածայր եղջյուրներով, վեր ցցած պոչով ու երկար մորուքով այծ: Այդ քաղաքում ընտրությունների ժամանակ, բնականաբար, իրար չեն ուտում այծի «պաշտոնը» խլելու համար: Այն ցմահ է տրվել այդ կենդանուն եւ սերնդեսերունդ փոխանցվում է: Բայց այդ քաղաքում կա քաղաքապետարան, կա ավագանի, կա գործադիր մարմին, որտեղ կողք կողքի աշխատում են տարբեր քաղաքական «հավատալիքներ» ունեցող մարդիկ: Մի առիթով ես «հեղափոխական» առաջարկ էի արել վանաձորցիներին, որը, ավաղ, չընդունվեց: Հիմա էլ այն ուժի մեջ է: Ասում եմ` մի նամակ գրենք Ապարան եւ նրանց ղեկավարությունից թույլտվություն ստանանք` Վանաձորում իրենց «բրենդի» մի ներկայացուցչի քաղաքապետ «ընտրելու» համար: Երբ առաջին անգամ արեցի այս առաջարկությունը, մեր հարեւան Վաղոյի ճակատը պեծիկ էշը դեռ սաղ էր: Այնքան սիրուն կենդանի էր, որ թաղում բոլորը նրան ավանակ էին ասում: Ճիշտն ասած` վաղուց մեր կողմերը չեմ գնացել, այլապես, ստեղծված առիթից օգտվելով, Վաղոյին կհամոզեի` էշը ձրի տա:

Մի ծիծաղեք, խնդրում եմ, նման պրակտիկա քաղաքակիրթ աշխարհում կա: Իսկ որ դրանից հետո Վանաձորում զբոսաշրջիկների հոսքը չի պակասի, կարող եմ երաշխավորել:

Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

Մեկնաբանություն
X