«Հրապարակ»․ Եթե ԲՀԿ-ն որոշի, մենք էլ կդադարեցնենք բոյկոտը

Վանաձորի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Այծեմնիկ Օհանյանը նորմալ է համարում «Հայկական վերածնունդ» կուսակցության քայլը՝ հրաժարումը բոյկոտից եւ հուշագրի ստորագրումը ՀՀԿ-ի հետ․ «Դա իրենց որոշումն է, ես շատ նորմալ եմ ընդունում»։ Իսկ այս որոշումը չի՞ նշանակում, որ իրենք էին այն 4 «դավաճանները», որոնք ժամանակին քվեարկել էին Մամիկոն Ասլանյանի օգտին։ «Без комментариев, թույլ տվեք չմեկնաբանեմ, կներեք, ոչինչ չեմ ուզում ասել»,- արձագանքեց նա: Նշեց նաեւ, որ եթե կուսակցությունը քաղաքական որոշում կայացնի՝ մասնակցել ավագանու նիստերին, ինքը նույնպես կմասնակցի, քանի որ այլեւս անիմաստ է դառնում բոյկոտը․ «Սկզբունքորեն մենք ընտրվել ենք, որպեսզի քաղաքի համար աշխատենք: Հասկանալի է, թե այսքան ժամանակ ինչի համար էր մեր բոյկոտը: Եվ եթե վերանում է առիթը, ինչի համար էլ բոյկոտում էինք նիստերը, եւ ամեն ինչ ընկնում է իր հունի մեջ, արդեն կարելի է մասնակցել»: ԲՀԿ խմբակցության ղեկավար Հրանտ Մարգարյանն էլ ժամանակին մեզ ասել էր, որ կուսակցության տեղական կառույցը չէ, որ պետք է որոշի բոյկոտը դադարեցնելու հարցը, այլ կուսակցության բարձրագույն ղեկավարությունը՝ ինչ որոշում կայացվի, իրենք կառաջնորդվեն դրանով:

Մեկնաբանություն
X