Դասադուլի գաղափարը ոչ թե բացառվել է, այլ ժամանակավորապես ետին պլան մղվել․ հարցազրույց

Երեկ՝ նոյեմբերի 19-ին, տեղի ունեցավ «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության կազմակերպած հանրային քննարկումը։ Այս և այլ հարցերի մասին զրուցել ենք «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Սարգիս Բալդարյանի** **հետ։

-Հանրային քննարկումն ինչ-որ կոնսենսուսի հանգեցրե՞ց, այսինքն՝ արդյոք եղա՞ն այնպիսի առաջարկներ, որոնք էապես կփոխեն պայքարի ճանապարհային քարտեզը, թե՞ ոչ։

Նոյեմբերի 19-ին տեղի ունեցած հանրային քննարկումը մեկն էր այն միջոցներից, որոնք ապահովում են ցանկացած մտահոգ քաղաքացու և մեր նախաձեռնության միջև կապը։ Դրանից բացի՝ ստեղծվել է էլեկտրոնային հատուկ գործիք, որը յուրաքանչյուրին հնարավորություն է տալիս ցանկացած ժամանակ ներկայացնելու իր առաջարկները։ Այս պահի դրությամբ՝ այդ ճանապարհով ստացվել են շուրջ 4 տասնյակ ծավալուն գրառումներ։ Չմոռանանք նաև ակադեմիական և բուհական շրջանակների կարծիքն ամփոփող ստորագրահավաքի տեքստի մասին, որի տակ իրենց ստորագրություններն են դրել 300-ից ավելի գիտնականներ և դասախոսներ։ Այս ամենի արդյունքում է, որ պետք է հստակեցվեն նոյեմբերի 22-ի հանդիպման ժամանակ բարձրացվելիք օրենսդրական առաջարկները։

-Կարծես թե փոխվել է Ձեր առաջ քաշած հիմնական պահանջը կամ որոշակի փոփոխությունների է ենթարկվել։ Կարո՞ք եք ձևակերպել՝ ներկայումս ինչ պահանջներ են շրջանառվում, ի՞նչ ակնկալիքներ կան և ի վերջո ի՞նչ փոխզիջումների եք սպասում։

Մեր պահանջը ըստ էության փոփոխության չի կրել։ Ի սկզբանե պահանջելով տարկետման իրավունքի պահպանում և ասպիրանտական կրթության ասպարեզից կոռուպցիոն երևույթների վերացում՝ մեր նախաձեռնությունը դնում էր տարկետման տեղերը արժանավոր երիտասարդներին հատկացնելու պահանջ։ Մեր դիրքորոշումը այս տեսանկյունից փոփոխության չի ենթարկվել։

-ԱԺ-ի հաստատած օրենքները չեղյալ հայտարարելու պրակտիկա Հայաստանում կարծես թե չկա և այս դեպքում էլ նման կանխատեսումներ չկան, Դուք ի՞նչ եք կարծում, կհաջողվի հասնել դրա չեղյալ հայտարարմանը կամ ինչ-որ փոփոխություններ մտցնելուն։ Կլոր սեղանի միջոցով կհաջողվի՞ այդ ուղղությամբ հաջողություն արձանագրել։

Նախևառաջ՝ հստակեցնենք հետևյալ հարցը․ խոսքը չի գնում օրենքը ընդունումը չեղյալ հայտարարելու մասին։ Այն պահանջները, որոնք դրված կլինեն մեր դիրքորոշման հիմքում, կարող են իրավական տեսք ստանալ որևէ պատգամավորի կամ խմբակցության ներկայացրած օրենսդրական նախաձեռնության միջոցով։ Բացառված չէ նաև խնդիրը ենթաօրենսդրական ակտերով լուծելու և արժանավոր երիտասարդներին տարկետման իրավունքի ընձեռումը կառավարության որոշումների հետ կապելու տարբերակը։

-Չե՞ք կարծում, որ դասադուլի ընդհատումը խամրեցրեց պայքարի ոգին։

Դասադուլը միջոց էր պայքարի վերջնական հանգրվանին հասնելու ճանապարհին։ Որքան էլ արդյունավետ, այն, այնուամենայնիվ, չէր կարող տևական ընթացք ստանալ։ Թեև գնահատականներն այս առումով խիստ տարբեր են և ծայրահեղ (սկսած իշխանությունների հետ գործարքի գնալուց մինչև պայքարը դեպի անկում տանելու մոտեցումը), մեր նախաձեռնությունը, իմ կարծիքով, սխալ որոշում չկայացրեց։ Ի վերջո, դասադուլի գաղափարը ոչ թե բացառվել է, այլ ժամանակավորապես ետին պլան մղվել։

-Ի՞նչ կազմով եք մասնակցելու կլոր սեղանին, դասախոսները մասնակցելո՞ւ են դրան։

Կլոր սեղան-քննարկման մասնակիցների առումով թեև հստակություն արդեն իսկ կա, այնուհանդերձ չէի ցանկանա մեկնաբանություն անել։ Ի վերջո, շատ ժամանակ չի մնացել․ երկու օրից հասարակությունը հնարավորություն կունենա ուղիղ եթերով հետևելու հանդիպման ողջ ընթացքին։

Կարպիս Փաշոյան

Մեկնաբանություն
X