Հայաստանի տարբեր հատվածներում տարբեր օրերի է ձյուն գալու․ Գագիկ Սուրենյան

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը իր ֆեյսբուքյան էջում գրել էր․ «Իմ նկարով նյութ են տարածել, որ այսօր գիշերը Հայաստանի ողջ տարածքում ձյուն է տեղալու, սուտ է, ես նման բան չեմ ասել»։ Թե ինչպիսի եղանակ է կանխատեսում օդերևութաբանության կենտրոնի պետը և թե երբ է Հայաստանում ձյուն գալու, փորձեցինք ճշտել հենց իրենից։ «Հայաստանի տարբեր հատվածներում տարբեր օրերի է ձյուն գալու։ Նոյեմբերի 22-ին ձյուն կլինի Շիրակ, Գեղարքունիք, Կոտայքի, Արագածոտնի լեռնային գոտիներ և Վայոց Ձորի լեռնային գոտիներ, իսկ մայրաքաղաքում կլինի ձնախառն անձրևի տեսքով՝ հատկապես բարձրադիր հատվածներում։ Իսկ արդեն ամսի 23-ին ջերմաստիճանը ավելի է նվազելու, արդեն նախալեռնային հատվածներում էլ ձյան տեսքով տեղումներ կլինեն, Երևանի բարձրադիր հատվածներում՝ նույնպես։ 22-ին բավականին ուժեղ տեղումներ են սպասվում, հատկապես լեռնային շրջաններում, կանխատեսում ենք բուք, ցածր տեսանելիության պայմաններ և այլն, 23-ին ցիկլոնը թուլանում է, ճիշտ է, տեղումներ լինելու են, բայց ինտենսիվությունը նվազելու է»,- մեզ հետ զրույցում ասաց Գագիկ Սուրենյանը։ Իսկ թե ինչքանով է ճիշտ «ինչքան շոգ ամառ, այնքան ցուրտ ձմեռ» արտահայտությունը և ինչպիսի ձմեռ է կանխատեսում ինքը՝ Սուրենյանը, վերջինս պատասխանեց․ «Նման բան չկա, ապացույցը մեր վիճակագրական վերլուծություններն են, այսինքն ոչ մի կապ չունի դա․ կարող է լինել շատ տաք ամառ և շատ տաք ձմեռ ու հակառակը։ Թե ինչպիսի ձմեռ կլինի այս տարի, մենք չենք կանխատեսել դեռ, նոյեմբերի 25-ին կավարտենք ու մամուլի ասուլիս կհրավիրենք»։

Ի դեպ, վերջին 20 տարիների ընթացքում ամենացուրտ ձմեռը գրանցվել է 2017 թվականին, երբ միջին ամսական ջերմաստիճանը կազմել էր – 8 -ից – 9 աստիճան։

Կորյուն Սիմոնյան

Մեկնաբանություն
X