Ի՞նչ պատճառներից ելնելով երեխաները չեն հաճախում դպրոց

Դպրոց չհաճախող, շրջիկ առեւտրական դարձած պատանիներն առաջին անգամ մամուլի, հասարակության եւ պետական մարմինների ուշադրության կենտրոնում հայտնվեցին 90-ականների կեսերին։ Շատերի աչքին էր խորթ, որ դպրոց հաճախելու փոխարեն երեխաները կարող են զբաղվել մուրացկանությամբ, մետրոյում կամ փողոցներում ծամոն կամ ձեռքի աշխատանքներ առաջարկել պատահական անցորդներին։ Ժամանակն ու բարքերն իրենցն էին թելադրում նաեւ նոր կյանք մտնող սերնդին, եւ մեր պետական այրերն էլ փորձում էին այդ երեւույթի դեմն առնելու լուծումներ մտմտալ։ Է՛լ օրենքներ, է՛լ քննարկումներ եւ սեմինարներ, է՛լ միջգերատեսչական հանձնաժողովների ստեղծում, է՛լ նիստեր հրավիրել, է՛լ կանխարգելող միջոցառումներ․․․ Տարիների հետ, իհարկե, մուրացիկ, թափառաշրջիկ երեխաները կարծես թե նվազեցին։ Համենայնդպես՝ 90-ականների պես հանրային վայրերում նրանց չենք հանդիպում ամեն քայլափոխի։ Երեւույթն իսպառ արմատախիլ անելը, սակայն, դժվար է մի երկրում, որտեղ կա սոցիալական խորը բեւեռացում, անջրպետ, որտեղ նույնիսկ չափահաս մարդն ունի ապրուստի, աշխատանք գտնելու, ընտանիք պահելու խնդիրներ։

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) հանրային կապերի պատասխանատու Զառա Սարգսյանից հետաքրքրվեցինք, թե ՄԱԿ-ի մանկական հիմնադրամն անցկացնո՞ւմ է ՀՀ-ում դպրոց չհաճախող երեխաների մասին հետազոտություն, կա՞ն որոշակի արդյունքներ դրա վերաբերյալ։ Զառա Սարգսյանը մեզ տեղեկացրեց, որ պարտադիր ուսուցումից դուրս մնացած երեխաների բացահայտման ուսումնասիրություն անցկացրել են 2014թ․ Լոռու մարզում։ Որո՞նք են համարվում պարտադիր ուսուցումից դուրս մնացած երեխաներ՝ ըստ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի զեկույցի։ Լինում են դեպքեր, երբ երեխաները, հասնելով դպրոցական տարիքի, երբեք չեն ընդունվում դպրոց։ Որոշ երեխաներ ուշ են ընդունվում դպրոց, օրինակ՝ առաջին դասարան են ընդունվում 7 կամ 8 տարեկանում, այլ ոչ թե 6 տարեկանում, ինչպես որ նախատեսված է օրենսդրությամբ։ Կան այնպիսիք, որոնք մի քանի տարի գնում են դպրոց, սակայն նախքան 16 տարին լրանալը կամ նախքան 9-րդ դասարանն ավարտելը թողնում են դպրոցը։ Որոշ երեխաներ ընդհատումներով են հաճախում դպրոց, ինչը հաճախ տեղի է ունենում ընտանեկան հանգամանքների կամ միգրացիայի պատճառով։ Լոռու մարզում 2014թ․ փորձնական ծրագրի շրջանակներում (փուլ 1) բացահայտվել է դպրոց չհաճախող 228 երեխա։ Ամենամեծ խումբը կազմել են 6-8 տարեկան երեխաները, որոնք դեռեւս չէին ընդունվել առաջին դասարան (212)։ Եւս 16 երեխա 9-16 տարիքային խմբում նույնպես չէր ընդունվել եւ չէր հաճախում դպրոց։ Դեպքի վարման արդյունքում 6-8 տարեկան 72 երեխա, ըստ հետազոտության արդյունքների, ընդունվել է առաջին դասարան։ 9-16 տարեկան 11 երեխա նույնպես ընդունվեց դպրոց։ Զառա Սարգսյանն ասաց, որ հանրապետության մասշտաբով դպրոց չհաճախող երեխաների մասին ավելի մանրամասն հետազոտություններ 2014 թվականից հետո անցկացրել է կրթության եւ գիտության նախարարությունը։ Իսկ ահա կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրեն Արտակ Պողոսյանը, մեր հարցմանն ի պատասխան, արձագանքեց, որ ՀՀ-ում պարտադիր ուսուցումից դուրս մնացած երեխաների մասին վիճակագրությունը ներկայացված է stat. armedu.am կայքում։ «2016-2017 ուս․ տարում դպրոցից հեռացած (ուսումը անավարտ թողած) սովորողների թվաքանակի բաշխվածությունն ըստ տարիքի եւ պատճառների» բաժնում ներկայացված վիճակագրությունը, կարծում ենք, բավականին խոսուն է։ Սոցիալ-տնտեսական վատ պայմանների պատճառով դպրոց չի հաճախել ընդամենը 174 հոգի, ընդամենը 61 հոգի չեն հաճախել դպրոց, քանի որ ծնողները թույլ չեն տվել, տեսողական անկարողության պատճառով դպրոց չի հաճախել ընդամենը հինգ հոգի, հենաշարժողական անկարության պատճառով՝ ընդամենը 1, մտավոր թերզարգացման պատճառով ընդամենը 3 հոգի, բազմահաշմանդամության պատճառով՝ ընդամենը 1 հոգի։ Դպրոց չհաճախածներից 4 հոգի տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ, 11 հոգի մահացել է։ Փաստորեն՝ ընդամենը 271 հոգի չի հաճախել դպրոց, որից 94-ը եղել է աղջիկ։

Եթե անդրադարձ կատարենք, թե ըստ մարզերի՝ քանի՞ երեխա դպրոց չի հաճախել, ապա դրանից ելնելով էլ կարող ենք հետեւություն անել մարզերում տիրող իրավիճակի մասին։ 2016-2017 ուս տարում Երեւանում ուսումն անավարտ է թողել 61 հոգի, Արագածոտնի մարզում՝ 24 հոգի, Արարատի մարզում՝ 23, Արմավիրի մարզում՝ 56, Գեղարքունիքի մարզում՝ 16, Լոռու մարզում՝ 17, Կոտայքի մարզում՝ 14, Շիրակի մարզում՝ 44, Սյունիքի մարզում՝ 10, Վայոց ձորի մարզում՝ 1, Տավուշի մարզում՝ 5 հոգի։

Թագուհի Հակոբյան

Մեկնաբանություն
X