Հերմինե Նաղդալյանին կառաջարկվի փոխհատուցել պետությանը պատճառված վնասը

ԱԺ աշխատակազմի համար լուրջ գլխացավանք է դարձել Հերմինե Նաղդալյանի 2 միլիոն հեռախոսավարձի խնդիրը, մանավանդ այն բանից հետո, երբ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը հայտարարեց, որ Վիվասել- ՄՏՍ-ը զիջել է պարտքը, իսկ Վիվասել-ից հերքեցին դա։

Պարզվում է՝ հեռախոսակապի օպերատորի համար սա լուրջ խնդիր է՝ պարտքը զիջելու պրակտիկա ընկերությունը չունի եւ չի կարող ունենալ․ դա բիզնես կանոնների խախտում է դիտվում եւ գրեթե երբեք չի կիրառվում, որպեսզի նման նախադեպեր չստեղծվեն։ Ըստ այդմ, ինչպես բացատրեցին մեզ, թյուրիմացությունն առաջացել է նրանից, որ մայիսին գոյացած պարտքի մի մասը գրվել է մայիս ամսվա վրա, իսկ պարտքի մոտ կեսը փոխանցվել է հաջորդ ամիս, քանի որ դրա հիմնական մասը գոյացել է ամսվա վերջին օրերին, ինչից էլ ոմանք ենթադրել են, որ ընկերությունը զիջել է պարտքը։

ԱԺ մեր աղբյուրները պնդում են, որ 1 մլն 380 հազար կազմող պարտքի մեծ մասն, իրոք, առաջացել է 3 G-ի միանալուց։ Թեեւ այնպես չէ, որ տիկին Նաղդալյանը «քիչ խոսողներից» է՝ նրա ամսական հեռախոսավարձը, որպես կանոն, կազմել է 50-100 հազար դրամ, իսկ որոշ ամիսների հասել է մինչեւ 400 հազարի։ Եւ քանի որ Գալուստ Սահակյանի օրոք ոմանք հատուկ արտոնություններ են ունեցել եւ որեւէ կերպ լիմիտավորված չի եղել հեռախոսային խոսակցությունները՝ խոսել են ով ինչքան կարող է, ով որտեղ կարող է։

Միայն այս տարվա հուլիսի 3-ի հրամանով Արա Բաբլոյանը սահմանել է հեռախոսային խոսակցությունների լիմիտ՝ 40 հազար դրամ ԱԺ նախագահի, 35 հազար դրամ՝ փոխնախագահների եւ հանձնաժողովների նախագահների կամ պատվիրակությունների ղեկավարների համար։ Ինչ վերաբերում է Հերմինե Նաղդալյանի 1,380 միլիոնին, ապա ԱԺ ղեկավարությունը հարցի լուծման հետեւյալ ձեւն է գտել՝ ԱԺ միջոցներից գումարը վճարվել է Վիվասել-ին, սակայն հեռախոսահամարը տեղափոխվել է տիկին Նաղդալյանի անձնական հաշվի վրա եւ այսուհետ իր հաշվից է այն սպասարկվելու։ Բացի այդ՝ առաջարկել են տիկին Նաղդալյանին «փոխհատուցել» ԱԺ-ին պատճառված վնասները՝ մայիսին կատարած հեռախոսային խոսակցությունների, այդ թվում՝ 3G-ի հանդեպ ցուցաբերած անփութության համար։ Չենք կարծում, որ սա մեծ հարված կլինի մեծահարուստ տիկնոջ բյուջեին։

Մեկնաբանություն
X