Հայաստանում հակառուսական տրամադրությունների առաջնային մեղավորները ռուսներն են

Ռուսական «Звезда» հեռուստաալիքի եթերում «Прогнозы с Вероникой Крашенинниковой» հաղորդման ժամանակ անդրադարձ է կատարվել այս շաբաթ Հայաստան-ԵՄ սպասվող շրջանակային համաձայնագրի ստորագրմանը։ Հաղորդավարուհին խիստ քննադատության է ենթարկել Հայաստանի իշխանությունների եվրոպական ձգտումները՝ համեմատելով Ուկրաինայում տիրապետող դարձած հակառուսական տրամադրությունների հետ։ Ավելին, հաղորդման հեղինակ եւ վարող Վերոնիկա Կրաշեննիկովան Ուկրաինայի հետ հայաստանյան իրականության զուգահեռներում չի սահմանափակվել միայն շրջանակային համաձայնագրով եւ խոսել է նաեւ Հայաստանի իշխող քաղաքական մեծամասնության ազգային պահպանողականության գաղափարախոսության հենքը համարվող Գարեգին Նժդեհից՝ նրան համեմատելով ուկրաինացի ֆաշիստ Ստեփան Բանդերայի հետ, Նժդեհի գաղափարախոսությունն այդպիսով որակելով որպես ֆաշիստական:

Փաստենք, որ Հայաստանում Ռուսաստանի նկատմամբ վերաբերմունքի փոփոխության առաջնային մեղավորներից են ռուսական պրոպագանդիստական մամուլն ու լյումպեն պատգամավորները, հասարակական գործիչները և այլն:

Դա ժանգոտած, հետադիմական ծերակույտ է, որը մնացել է 20-րդ դարում: Այո՛, հանրությունների հետ աշխատելու ռուսների մոտեցումները չափազանց հին են ու ոչ արդյունավետ: Նրանք չեն հասկանում, որ սա Վարշավյան բլոկը չէ, ժամանակները փոխվել են, հիմա նրանք արդեն գործ ունեն եվրոպական մոդելի ազգային պետության և հանրության հետ: Դրանից ելնելով՝ մոտեցումներն էլ այլ պետք է լինեն: Գոնե ԱՄՆ-ից ու Ֆրանսիայից սովորեն այս պարզ օրինաչափությունը, այսինքն՝ հարցերը եվրոպական ժպիտով լուծելու արվեստը յուրացնեն:

Բայց ո՛չ, լյումպենները պետք է ագրեսիվ վարքագիծ դրսևորեն և ավելի քան օրինաչափ գործընթացը շեղեն հակառուսական արհեստական հիստերիայի ուղղությամբ, որն ընդհանրապես թեմայի հետ կապ չունի: Ախր նրանց ի՞նչ գործն է Նժդեհը: Ինձ թվում է այստեղ ինչ-որ արհեստական միտում կա:

Ինչպես Նժդեհի հակասական գրվածքները, այնպես էլ ՀՀԿ-ի գաղափարախոսության հետ առնչվող հիմնախնդիրները ներհայաստանյան բանավեճի թեմաներ են: Դա Ռուսաստանի հետ որևէ կերպ չի առնչվում, հատկապես, որ այդ նույն նժդեհական ՀՀԿ-ն այս բոլոր տարիների ընթացքում ՀՀ-ՌԴ փոխհարաբերություններում որևէ խնդիր չի առաջացրել, ավելին՝ պրոռուսական կեցվածք է ունեցել։ Եթե ռուսական մամուլին անհանգստացրել է Հայաստան-ԵՄ պայմանագիրը, ապա կարող են հանրային երկխոսությունը տանել հենց այդ ուղղությամբ, այլ ոչ թե անհիմն կերպով պատմական մակերեսային հղումներ անեն՝ էլ ավելի սրելով իրավիճակը։ Վստահ եմ Հայաստանի լյումպենները Ռուսաստանի լյումպեններից ոչ պակաս անգրագետ կերպով կհակադարձեն ռուսական կողմից հնչող մեղադրանքներին՝ ԵՄ-ի հետ կնքվող պայմանագրին հաղորդելով ազգային-ազատագրական պատրանքի բովանդակություն:

Հիմա ռուսների ուզածը սա՞ էր, արդյո՞ք նրանք չեն հասկանում, որ իրենց անգրագետ միջամտության արդյունքում հայ հանրության համար ավելի քան եռապատկում ու շեշտադրում են ԵՄ-ի հետ պայմանագրի անհրաժեշտությունը։

Ի դեպ հաղորդավարուհին խոսել է նաև «Հայկական լեգեոնի» մասին՝ Նժդեհին վերագրելով դրա ստեղծման և ղեկավարման ողջ գործընթացը։ Այսինքն՝ հաղորդման ստեղծողները մակերեսային պատկերացումներ ունեն պատմության վերաբերյալ և այդ մակերեսայնությամբ պրոպագանդիստական նյութ են պատրաստում։ Ճիշտ է, Նժդեհը ակտիվ մասնակցություն է ունեցել «Հայկական լեգեոնի» կազմավորման գործում, բայց դրա գլխավոր ճարտարապետը Դրոն էր՝ Դրաստամատ Կանայանը։ Բացի այդ ռուսները հաշվի չեն առնում այն հանգամանքը, որ այդ նույն Նժդեհը ժամանակին պատրաստակամություն է հայտնել համագործակցել նույնիսկ Խորհրդային իշխանությունների հետ, միայն թե հասներ Արևմտյան Հայաստանի ազատագրությանը կամ էլ Խորհրդային Հայաստանի հետ միավորմանը։

Եվ վերջապես, այդ նույն Ֆաշիստական Գերմանիայի հետ համագործակցել և դաշնակցային փոխհարաբերությունների մեջ է գտնվել նաև Խորհրդային Միությունը։ Մասնավորապես՝ նրանք համատեղ կերպով օկուպացրել են Լեհաստանը, իրար միջև բաժանել Արևելյան Եվրոպան և այսպես շարունակ։ Հիմա ի՞նչ, խորհրդային իշխանություններին կարելի է Հիտլերի հետ համագործակցել, իսկ հայ ռազմական գործիչներին՝ ո՞չ։

Բացի այդ, մեր ռուս գործընկերները չեն տարբերում երկու իրարից տարբեր իրողություններ․ ֆաշիստ լինելը և ֆաշիստական որոշակի գաղափարներին հարելը տարբեր բաներ են։ Նժդեհը ֆաշիստ չի եղել, բայց նրա գաղափարական ընկալումներին ներհատուկ են եղել ֆաշիզմի որոշակի տարրեր։ Տվյալ ժամանակաշրջանի համար դա բավականին օրինաչափ երևույթ է եղել, քանզի ֆաշիզմը բավականին ակտուալ էր Եվրոպայում և ընդհանրապես՝ աշխարհում։ Անարդարության զոհ դարձած գրեթե բոլոր հանրությունների գաղափարական միջավայրերում ֆաշիստական գաղափարները մեծ տարածում ունեին և հայկական միջավայրը այդ տեսանկյունից բացառություն չէր։ Խորհրդային իշխանությունները սերտ փոխհարաբերությունների մեջ են գտնվել Բենիտո Մուսոլինիի գաղափարներից խորապես ազդված թուրքական և իրանական իշխանությունների հետ։ Ինչպես Մուստաֆա Քեմալը, այնպես էլ Ռեզա Փահլավի շահը Դուչեի «ֆաշիզմի դոկտրինի» որոշակի դրույթների գաղափարական հետևորդներն էին։

Անհրաժեշտ է նաև տարանջատել, թե ֆաշիստ ասելով կոնկրետ ի՞նչ նկատի ունեն մեր գործընկերները, քանի որ գաղափարական հոսանքն այդ մոնոլիտ չէ և տարատեսակ դրսևորումներ ունի։

Վերջաբանի փոխարեն միայն նշենք, որ Գարեգին Նժդեհը որևէ համակարգային գաղափարախոսություն էլ չունի, նրա մեծ փիլիսոփա լինելու պատրանքը հայկական գաղափարական միջավայրի չափազանցության և գերագնահատման արդյունքն է։ Նրա գրվածքները այստեղից-այնտեղից հավաքված բարոյական ու փաստական վերլուծություններ են, որոնք ըստ պատշաճի արժևորման և քննական վերլուծության կարիք են զգում։

Նժդեհի արժեքն այդ ոչ այնքան լուրջ գրվածքների մեջ չէ՝ այլ Զանգեզուրի ինքնապաշտպանության և ազատագրական պայքարում ունեցած մեծագույն մասնակցության։

Կարպիս Փաշոյան

Մեկնաբանություն
X