ՀՎԿ-ն չէր կարող մասնակցել ՍԴ դիմելու գործընթացին․ Գեւորգ Գորգիսյան

ԱԺ «Ելք» խմբակցության քարտուղար, «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Գեւորգ Գորգիսյանից հետաքրքրվեցինք, թե սպասելի՞ էր, որ ՍԴ որոշումից հաշված օրեր անց, որի համաձայն՝ ՍԴ-ն Վանաձորի ավագանու նիստերը ճանաչել էր հակասահմանադրական, «Հայկական վերածնունդ» կուսակցությունը կարող էր հուշագիր ստորագրել Վանաձորի քաղաքապետ, ՀՀԿ-ական Մամիկոն Ասլանյանի հետ։ «Մինչեւ այդ քայլին անցնելը հասկանանք, թե որն էր տրամաբանությունը, եւ «Հայկական վերածնունդ» կուսակցության ինչին էր դա պետք։ Իրականում Վանաձորի իրավիճակի գնահատականը տվել է Սահմանադրական դատարանը՝ այդ ամբողջը որակելով որպես հակասահմանադրական եւ ոչ օրինական, իրավազորություն չունեցող գործունեություն։ Ի՞նչ են որոշում անել ՀՀԿ-ի ներկայացուցիչները։ Նրանց մեկնաբանությունն է՝ մինչեւ հիմա սահմանադրական էր, մենք այդպես էինք վարվում, հիմա հակասահմանադրական է՝ «Հայկական վերածնունդ»-ի հետ կազմելով մեծամասնություն, նրանք փորձելու են նիստեր հրավիրել, եւ դրանք համարելու են իրավազոր։ Մենք, բացի օրենքի համապատասխան դրույթից, վիճարկել էինք նաեւ կայացված բոլոր որոշումները, հետեւաբար վիճարկել էինք նաեւ բոլոր նիստերի իրավազորությունը։ Եվ ՍԴ-ն դա նույնպես ճանաչել է Սահմանադրությանը հակասող։ Դրանք բխել են այն դրույթից, որ ճանաչվել են Սահմանադրությանը հակասող։ Հետեւաբար՝ ոչ մի նիստ իրավազոր չի եղել։ Հետեւաբար՝ կառավարությունը պարտավոր է արդեն իսկ այսօր լուծարել ավագանին եւ նշանակել նոր ընտրություններ։ Հենց նմանատիպ պահանջով մենք դիմելու ենք, որպեսզի նրանք իրականացնեն ՍԴ-ի վճիռը եւ լուծարեն Վանաձորի ավագանին»,- ասաց Գեւորգ Գորգիսյանը։

Նկատեցինք, որ ՀՎԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանը իր հարցազրույցում հայտարարել է, որ ՍԴ դիմելիս «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն իրենց չի դիմել։ «ՍԴ դիմել ենք ԱԺ-ում առկա պատգամավորների ստորագրությունների հիման վրա։ Քանի որ «Հայկական վերածնունդը» ներկայացված չէ ԱԺ-ում, հետեւաբար իրենք որեւէ կերպ չէին կարող լինել այդ գործընթացում»,- արձագանքեց մեր զրուցակիցը։ Հեղինե Բիշարյանն ասել էր նաեւ, որ «Լուսավոր Հայաստանը» լինելով ընդդիմադիր, ԱԺ-ում ոչ քիչ դեպքերում քվեարկվում է ՀՀԿ-ի պես։ ««Հայկական վերածնունդը» չէ, որ պետք է գնահատական տա մեր քաղաքական գործունեությանը»,- ասաց Գեւորգ Գորգիսյանը։

Մեկնաբանություն
X