Երեք պատմություն «Թերլեմեզյանում»․ (ֆոտո)

>

Նոյեմբերի 18-ին Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջում բացվեց ցուցահանդես՝ «Երեք պատմություն» խորագրով:

Մոտ երկու ամսում քոլեջի սաները շուրջ 120 գեղանկարչական ու գրաֆիկական թեմատիկ աշխատանքներ, քանդակագործության, խեցեղենի յուրատիպ նմուշներ ստեղծեցին՝ լսելով, ապա գործածելով՝ Հրաչյա Սարիբեկյանի, Գրիգի և իմ ստեղծագործությունների մոտիվները:

Երեք ընթերցում, երեք տարբեր պատմություններ և 120 աշխատանք, գոնե ինձ համար գործերի նման առատություն, դրանց այլակերպ բնույթը, մոտեցումների համարձակությունը և ամենակարևորը աշխատելու եռանդն ու խանդավառությունը իսկական անչափ հաճելի անակնկալ էր: Քիչ չեն այնպիսի միջմշակութային կապեր, ստեղծարար աշխատանքներ, և համագործակցություններ, որոնք արդյունքում ոչինչ չեն տալիս՝ ամրագրելով միայն ծրագրային դրույթներ և անհեթեթ եղելություններ, օրվա մոռացության լրահոսում զբաղեցնելով խղճուկ մի տեղ:

Նոյեմբերի 18-ին «Երեք պատմություն» վերտառությամբ ցուցահանդեսը մեր տեղական-կիսագավառական ու քաղաքենիական հեռուստաընկերություններին, նաև լրատվամիջոցներին բարեբախտաբար այդքան էլ չէր հետաքրքել, ինչպես ասում են՝ «Մենք մերոնցով էին մնացել», ասում եմ բարեբախտաբար, քանզի ինչ որ առումով բարեբախտություն է թոթափել ցուցահանդեսին ու ծրագրին առնչվող բոլոր ծանրահկշիռ ու երեսանց մեկնաբանությունները, որոնք վստահաբար ոչ մեկի պետք չեն և մեծ հաշվով ոչ մի տեղ էլ լցվում են:

Եվ ուրեմն հատկորոշ աշխատանքային և ստեղծարար առաձնության ու կատարված գործի վերջնարդյունքի մեջ, Քոլեջի տնօրեն Աննա Մնացականյանի, ծրագրի համադրող Ելենա Մովսիսյանի, Քոլեջի դասախոսների ջերմ մոտեցումը, ընդառաջումն ու բարեկամությունը վայելելով՝ մոտ երկու ժամ դիտեցինք, կանգնեցինք այն հիմնականում էքսպանսիվ նկարների առջև, ուր լեզվի, լեզվական առարկայի, ապա պատումի, սյուժետային ընդգրկումների, գրականության սեգմենտների, գույնի, մատիտի, վրձնահարվածի ու մոնոտիպի եռուն համախառնություն էր՝ մերթ վճիտացող մերթ վերացարկվող խճանկարներով, կոլաժային սահմանումներով, կալիգրաֆիական նշանագրերով… մի խոսքով արվեստային, ինքնակա ու յուրօրինակ հրավառություն, որն իհարկե չարժե բաց թողնել:

Ցուցահանդեսը գործելու է մինչև դեկտեմբերի 28-ը և մուտքն էլ անվճար է:

Արամ Պաչյան

Հեղինակ

Արամ

Պաչյան

Մեկնաբանություն
X