«Քաղաքագիտության» վնասները

Քաղաքագետ Լեւոն Շիրինյանը, խոսելով ԼՂ կարգավորման մասին, պնդում է, որ թուրքերի հետ հարաբերության միակ ձեւը ֆիզիկական ուժ կիրառելն է, նրա «աչքը հանելը» եւ խորհուրդ է տալիս ազգովի պատրաստվել պատերազմի: Մարդուն տեսակետ ունենալու եւ արտահայտելու համար չես մեղադրի, բայց քաղաքագետին պետք է ներկայացնել տարրական պահանջ՝ պահպանել խոսքի տրամաբանությունը: Այստեղ արդեն Շիրինյանը դառնում է խոցելի, որովհետեւ հենվում է առաջին հանրապետության պաշտպանության վերջին նախարար Ռուբեն Տեր-Մինասյանի այն մտքին, որ պատերազմը շատ գեշ բան է, բայց ստորություն է առանց պատերազմի հայրենիքը թշնամուն հանձնելը:

ՏՎյալ դեպքում խոսքն Ադրբեջանին որոշ տարածքներ ԼՂ անկախության դիմաց վերադարձնելու մասին է: Եւ, ինչպես հասկացվում է, Լեւոն Շիրինյանը գտնում է, որ ստորություն կլինի առանց պատերազմի գնալ նման քայլի: Այսինքն, նա կարգավորման հիմքում դնում է պատերազմի սկզբունքը: Դա «կամ-կամի» քարոզչություն է, կլինի պատերազմ, կամ մենք կհաղթենք եւ կգրավենք Կուր-Արաքսի միջագետքը, կամ Ադրբեջանը կհաղթի եւ կօկուպացնի ոչ միայն ԼՂ-ն, այլեւ Հայաստանի տարածքի մի մասը:

Զարմանալի է, որ քաղաքագետի հայացքով դա ստորություն չի լինի, եթե պատերազմում հաջողությունն ուղեկցի Ադրբեջանին, եւ մենք կորցնենք ԼՂ-ն եւ Սյունիքի մի մասը, բայց ստորություն կլինի, եթե բանակցությունների ճանապարհով հասնենք փոխզիջման ու պահպանենք այն, ինչ ունենք այսօր՝ Արցախի անկախությունը եւ Հայաստանի տարածքային անձեռնմխելիությունը: Լեւոն Շիրինյանը չի մասնավորեցնում, թե ի՞նչ պայմաններում է Ռուբեն Տեր-Մինասյանն ասել «ստորություն է առանց պատերազմի հայրենիքը հանձնել թշնամուն» միտքը:

Իսկ գուցե նա այդպես է արտահայտվել Կարսի անկման նախօրյակի՞ն: Համենայն դեպս, մեծագույն ստորություն էր, որ Կարսը հանձնվեց թշնամուն, թուրքերը հասան մինչեւ Ալեքսանդրապոլ եւ ներկայացրին դաժան վերջնագիր: Եւ մեր օրերի քաղաքագետը պետք է մեջբերի ոչ թե պարտված երկրի պաշտպանության նախարարին, այլ փորձի հասկանալ՝ իսկ հնարավոր չէ՞ր Քեմալի հետ գալ համաձայնության, խուսափել պատերազմից: Քաղաքագիտության խնդիրը պատերազմի եւ առճակատման քարոզչությունը չէ: Այդ գիտությունը կոչված է ուսումնասիրելու իրավիճակը եւ հանգելու եզրակացությունների, որոնք կարող են օգտակար լինել երկրին՝ նրա ընտրության ճանապարհին:

Մերկապարանոց հայտարարել, թե վաղվա պատերազմում մենք «թուրքի աչքը հանելու ենք», թերեւս, ավելի վնասակար է, քան թուրքի հակահայկականությունը: Ի վերջո, մարդ պետք է սեփական խոսքի համար պատասխանատվության տերը լինի: Թե չէ ստացվում է «քաղաքագիտության» վնասների անվերջ շարք:

Վահրամ Աթանեսյան

Մեկնաբանություն
X