Քաղաքացիներին ավելի շատ հետաքրքրում են պրոթեզաօրթոպեդիկ պարագաներն ու պետական նպաստները

90-ականներին եւ 2000-ականների սկզբին սոցիալական ոլորտի խնդիրները լուսաբանած լրագրողները կհիշեն, թե այն ժամանակ քաղաքացիների ինչպիսի հերթեր էին գոյանում սոցապնախարարության (այն ժամանակ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն այդպես էր անվանվում) մուտքի մոտ։ Իսկ ահա այսօր սփյուռքի նախարար, 90-ականների վերջում սոցապնախարարի պաշտոնը զբաղեցնող Հրանուշ Հակոբյանն ամենասպասված պաշտոնյան էր հատկապես թոշակառուների եւ սոցիալապես խոցելի խավերի համար։

Նախարարություն դիմող քաղաքացիներից շատերը, խոստովանենք, պատկերացում չունեին էլ, թե որքանով են իրենց խնդիրներն աղերսվում տվյալ գերատեսչությանը, որքանով է տվյալ նախարարությունն ի զորու լուծել իրենց խնդիրները։ Մարդիկ դիմում էին սոցապնախարարություն՝ հուսալով, որ նա կլուծի իրենց բոլոր կենսական խնդիրները։ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կայքում՝ mlsa.am, օրերս տեղադրվել է վիճակագրություն, թե հոկտեմբեր ամսին քանի քաղաքացի է դիմել նախարարություն եւ ինչ խնդիրներով։

Ներկայացված տվյալները հստակ պատկերացում են տալիս, թե հատկապես ինչի կարիք ունեն այս նախարարություն դիմող քաղաքացիները, եւ նախարարությունն էլ ինչ խնդիրներ պետք է դարձնի առաջնահերթ՝ իր շահառուների հետ առնչվելիս։ Ըստ կայքի տեղեկատվության՝ 2017 թվականի հոկտեմբեր ամսին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն քաղաքացիներից և իրավաբանական անձնացից ստացվել է 948 դիմում, որից 744-ը գրավոր, 204-ը՝ բանավոր: Նշված դիմումներից 378-ը ստացվել է նախարարություն այցելած քաղաքացիներից, իսկ 336 քաղաքացի դիմել է տեղեկատվական կենտրոն-ընդունարան: Ընդհանուր առմամբ հոկտեմբեր ամսվա ընթացքում նախարարություն է այցելել 714 քաղաքացի:

Գրավոր դիմումներում գերակշիռ մաս են կազմել պրոթեզաօրթոպեդիկ պարագաների վերաբերյալ 125 (17%), պետական նպաստների 95 (13%), հաշմանդամության խմբի նշանակման և վերանայման 55 (7%), կենսաթոշակի նշանակման և վերանայման 55 (7%), ավանդի փոխհատուցման 42 (6%), բնակարան հատկացնելու 23 (3%), աշխատանքային օրենսդրության 22 (3%), աշխատանք տրամադրելու 17 (2%) վերաբերյալ դիմումները: Իսկ ահա ներկայացված բանավոր դիմումներում գերակշիռ մաս են կազմել դիմումի ընթացքի ճշգրտման 59 (29%), ավանդի փոխհատուցման 34(17%), պետական նպաստների 29 (14%), պրոթեզաօրթոպեդիկ պարագաների 27 (13%), հաշմանդամության խմբի նշանակման և վերանայման 18 (9%) և կենսաթոշակի նշանակման ու վերանայման 14 (7%) վերաբերյալ դիմումները: Պատասխան է տրվել քաղաքացիներից և իրավաբանական անձանցից ստացված 386 դիմումի: Պատասխաներն, ըստ բնույթի, ունեն հետևյալ պատկերը՝ 296-ը (77%)-ին տրվել է պարզաբանում , 59 (15%) քաղաքացու խնդրանք բավարարվել է, 18-ը (5%) վերահասցեագրվել է պետական այլ մարմիններ, իսկ 13-ին (3%) տրվել է մերժողական պատասխան: Հոկտեմբեր ամսվա ընթացքում նախարարի մոտ ընդունելություն չի կայացել: Փոխնախարարի մոտ կայացել է մեկ ընդունելություն, որին մասնակցել է մեկ քաղաքացի:

Թագուհի Հակոբյան

Մեկնաբանություն
X