Աշխատող մայրերի հաշվին պետությունն աշխատատեղեր է ստեղծում

Վերջերս շրջանառության մեջ է դրվել մի օրինագիծ, որով պետությունը նախատեսում է աջակցել մինչեւ երկու տարեկան երեխաների մայրերին, ովքեր կորոշեն աշխատանքի վերադառնալ: Օրինագիծն սկզբից մեծ ոգեւորություն առաջացրեց պոտենցիալ շահառուների շրջանում, մինչեւ հայտնի չդարձան դրա մանրամասները։ Մասնավորապես՝ մինչեւ երկու տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող կնոջը պետությունն առաջարկում է համավճարի սկզբունքով դայակ վարձել՝ երեխային խնամելու համար, որպեսզի նա հնարավորություն ունենա ցանկության դեպքում աշխատանքի վերադառնալ:

Պետությունը պատրաստ է վճարել դայակի աշխատավարձի 50 տոկոսը։ Բայց այդ գումարը չպետք է գերազանցի երկրի նվազագույն աշխատավարձը` 55 հազար դրամը։ Փաստացի, եթե դայակի աշխատավարձը կազմում է 110 հազար դրամ, ապա պետությունը կվճարի 55 հազարը, իսկ մնացած մասը վճարում է ծնողը։ Ընդ որում՝ մեկ տարվա ընթացքում 11 անգամ, քանի որ աշխատողին մեկ ամիս արձակուրդ է հասնում:

Միաժամանակ դայակի եւ ծնողների միջեւ պարտադիր կարգով պետք է ստորագրվի համապատասխան պայմանագիր, եւ միայն դրա առկայության դեպքում պետությունը կկատարի պարտավորությունների իր մասը, այսինքն՝ կվճարի դայակի աշխատավարձի կեսը։ Ծնողը պետք է վճարի նաեւ հարկերը, որը կազմելու է մոտ 30 հազար դրամ, այսինքն՝ եթե պետությունը քեզ տալիս է առավելագույնը 55 հազար դրամ, 30-ը վերադարձնում ես պետությանը, քեզ որպես օգնություն մնում է 25 հազար դրամը՝ նախկին 18 հազարի փոխարեն։ Չհաշված, որ ծնողը հայտնվում է քաշքշուկի մեջ, պայմանագիր կնքում, հարկային գնում, վճարումներ կատարում։

Այս քայլով պետությունն արհեստականորեն փորձում է կրճատել գործազրկության մակարդակը, աշխատող մայրերին հարկատու դարձնելու հաշվին արհեստականորեն աշխատատեղեր ստեղծել, դայակներին էլ բերել հարկային դաշտ։ Այսինքն՝ պետությունն այնքան է աղքատացել, որ հույսն աշխատող մայրերի վճարած հարկերն են ու նրանց միջոցով աշխատատեղեր ստեղծելը։

Մեկնաբանություն
X