Մի վարկաբեկեք

Մեր պետության կայացման հույսը նոր սերունդն է, որը ծնվել է ոչ թե խորհրդային ժամանակներում, այլ անկախության տարիներին։ Նրանք, իհարկե, շատ բան վերցրել են իրենց ծնողներից եւ դաստիարակվել նրանց պատկերացումներով ու նմանությամբ, բայց նաեւ տարբերվում են նրանցից։

Այս սերունդն է, որ վերջին տարիներին բազմաթիվ քաղաքացիական նախաձեռնություններով հանդես եկավ, շարժումներ սկսեց, պայքարի օջախներ ստեղծեց եւ երբեմն անգամ հաջողությունների հասավ։ Այս շարքում չենք կարող չհիշել Մաշտոցի պուրակի եւ տրանսպորտի թանկացման դեմ պայքարը։ Ապա՝ կուտակային համակարգի ներդրման դեմ ուղղված «Դեմ եմ» շարժումը։ Հետո եղավ «Էլեկտրիկ Երեւանը», Կոմիտասի 5-ի, Տերյան 3-ի, Թումանյան փողոցի կառուցապատման դեմ պայքարի օջախները։

Ուսանողության մի հատված ոտքի էր ելել Բրյուսովի ռեկտոր Սուրեն Զոլյանի հեռացման դեմ ընդվզելու, հիմա էլ ակադեմիական տարկետման վերացման դեմ ուղղված պայքարին ենք ականատես։ Անշուշտ, երիտասարդական պայքարի ոչ բոլոր նախաձեռնություններն են պսակվել հաջողությամբ, բայց դրանցից իշխանությունը մշտապես ընկրկել է, զիջումների գնացել, հետեւություններ արել։ Իսկ երիտասարդները, եթե անգամ պարտվել են, հասունացել են, կոփվել, նոր որակներ ձեռք բերել։ Այս բոլոր շարժումների արդյունքում նաեւ լիդերներ են ծնվել՝ նոր որակի, նոր մտածողության տեր մարդիկ, որոնք այսօր քաղաքացիական պահանջներ են առաջ քաշում, իսկ վաղը կարող են քաղաքական պայքար գլխավորել։ Նրանց մի մասն արդեն իսկ մտել է քաղաքականություն։

Օրինակ՝ «Դեմ եմ» շարժման որոշ անդամներ «Լուսավոր Հայաստան» կուսակցությանն անդամագրվեցին։ Մի վատ բան կա միայն այս ամենում՝ մեծահասակները շարունակ փորձում են երիտասարդներին «փչացնել», վարկաբեկել, առնել, դարձնել իրենց նման։

Արմինե Օհանյան

Մեկնաբանություն
X