Մարդ մտնում ա խանութ, իրա մտնելուց փոշմանում ա

Չնայած Ամանորին դեռ մեկ ամսից ավելի ժամանակ կա, բայց շուկայում արդեն առաջին սպառման ապրանքատեսակների թանկացում է նկատվում, հատկապես՝ կաթնամթերքի շուկայում։ Մեր մոնիթորինգը խանութների, վաճառողների, սպառողների շրջանում ցույց է տալիս, որ զգալիորեն թանկացել է կարագը, սակայն գնաճի ցուցանիշները տարբեր տնտեսվարող սուբյեկտների մոտ տարբեր է։

Անհատ տնտեսվարող **Լևոն Աբրահամյանի **պնդմամբ՝ իր խանութում գնաճը միայն կարագների տեսականուն է վերաբերում, այն էլ՝ միջինը 50 դրամով․ «Եթե նախկինում ենթադրենք 1000 դրամ էր, հիմա կարող է լինել 1050 դրամ, ոչ ավելի»,- մեզ հետ զրույցում նշեց Լևոն Աբրահամյանը։

«Նոր զովք» սուպերմարկետներից մեկի առևտրի գծով մենեջեր Անի Եղիազարյանի խոսքով՝ իրենց մոտ թանկացել է մսամթերքը՝ 100-ից 200 դրամով և կարագների տեսականին՝ «Զելանդական», «Վալիո», «Պրեզիդենտ»՝ 300-ից 400 դրամով։

«Գեներալ մարկետ» խանութում պատկերը լրիվ այլ է, կարագների վերոնշյալ տեսականու կիլոգրամը թանկացել է 1500 դրամով։ Ընդ որում՝ թանկացումները տարածվում են ոչ միայն տեղական արտադրության, այլև ներմուծվող ապրանքատեսակների վրա։

Կարինե Սիմոնյանի խոսքով՝ թանակցումները սպասելի էին, բայց ոչ այս աստիճան․ « Տարօրինակ էր նման խիստ բարձրացումը։ Իհարկե շատ վատ ա, որովհետև նույն կարագը, կարելի ա ասել ամենօրյա օգտագործման մթերքների մեջ ա մտնում, էտ աստիճան պետք չէր»։

Քաղաքացի Նելլի Հակոբյանի խոսքով՝ ինքը վաղուց է հրաժարվել կարագ և միս գնելու մտքից․ «Ոսկու գին են սարքել, թե Նոր տարուն առնենք, թե չէ՝ ամեն օր հաստատ չենք կարողանա, մենակ կարագն ու միսը չի, ամենինչն էլ թանկ ա, ձեթն էլ ա թանկ, մնացած կաթնամթերքն էլ ա թանկ։ Մի կերպ գոյություն ենք քարշ տալիս էլի, տղա ջան, մարդ մտնում ա խանութ, իրա մտնելուց փոշմանումա»,- գանգատվում է քաղաքացին։

Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի խոսքով՝ այս տարի գնաճը կազմում է 1.2 տոկոս՝ նախորդ տարվա համեմատ․ «Մսամթերքի և կաթնամթերքի շուկայում գնաճ կա, բայց գների նվազում նույնպես կա՝ խոսքը վերաբերում է ասենք բանջարեղենին, մրգին և մի շարք ծառայություններին, օրինակ ՝ տոմսերի գներ և այլն»,- ԱԺ իր զեկուցում նշել էր Արթուր Ջավադյանը։

ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը թանկացումների վերաբերյալ իր զեկույցում նշում է․ «Հաշվի առնելով, որ ՀՀ կարագի հիմնական մասը ներմուծվում է Նոր Զելանդիայից, ուստի Հանձնաժողովը դիտարկում է հենց այդ երկրից ներմուծվող կարագի միջազգային գների (այդ թվում հիմնական արտահանող ընկերության վաճառքի գների), կարագի ներմուծման և վաճառքի գների փոփոխությունները: Միջազգային շուկաներում կարագի վաճառքի գների դիտարկումները ցույց են տալիս, որ 2016 թվականի հուլիս ամսից մինչ օրս նորզելանդական կարագի վաճառքի գները շարունակական աճ են գրանցել:

Այսպես. 2016 թվականի հուլիս ամսին 1 տոննա նորզելանդական կարագի վաճառքի գինը կազմել է 2 758 դոլար, իսկ 2017 թվականի հուլիս ամսին այն կազմել է 5 890 դոլար՝ այսինքն 1 տոննա նորզելանդական կարագի վաճառքի գինը բարձրացել է շուրջ 3132 ԱՄՆ դոլարով (113 տոկոսով): Ինչ վերաբերում է ՀՀ-ում կարագի մանրածախ վաճառքի գների փոփոխություններին, ապա նշենք, որ 1 կգ նորզելանդական կարագի մանրածախ վաճառքի գները 2016 թվականի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին (հաշվի առնելով ժամանակային լագը) կազմել է 2779 դրամ, իսկ 2017 թվականի օգոստոս-սեպտեմբեր ամիսների՝ 3842 դրամ, այսինքն գնային բարձրացումը կազմել է շուրջ 38 տոկոս»:

«Իրազեկ եւ պաշտպանված սպառող» հ/կ նախագահ Բաբկեն Պիպոյանի կարծիքով՝ խնդիրը շուկայի «վայրի» լինելու մեջ է․ «Ունենք ոլորտներ, որտեղ թանկացումները օբյեկտիվ են, ունենք ոլորտներ՝ որտեղ սուբյեկտիվ։ Մեր երկրում ստեղծվել է ցավալի իրավիճակ, որովհետև պետությունը քաղաքացու հոգսերով չի ապրում, բիզնես միջավայրում ձևավորված խաղի կանոնները սպառողակենտրոն չեն, մենք ավելի շատ հայտարարություններ ենք տարածում ազատ շուկայական հարաբերությունների մասին, քան թե ունենք։ Բացի այդ չենք զարգացնում տնտեսությունը այնպես, որ տեղական արտադրողը իրական մրցակցային դառնա ներմուծվող արտադրանքի հետ։ Մենք չենք վարում տնտեսական կուրս, եթե խոսում ենք գյուղմթերքի մասին, որտեղ ունենք տեղական արտադրող, ապա պետք է ասենք, որ պետությունը, ցավոք սրտի, գյուղացու կողքին չէ, պետությունը ավելի շատ վերամշակողի կողքին է, քան գյուղացու։ Գյուղացին, որպես բիզնեսմեն, ինքն է կրում ողջ ռիսկը։ Հետևաբար՝ նա իր ռիսկերը փակելու համար բարձրացնում է իր ապրանքի գինը, իսկ պետությունը ասում է, որ այդտեղ ոչ մի վատ բան չկա, և արդյունքում ունենք գնաճ։ Ինչ վերաբերում է ներմուծվող ապրանքներին, ապա դրանք կարող են թանկանալ միջազգային շուկայում գների տատանման հետևանքով։ Բացի այդ մենք ունենք վայրի շուկա, ոչ ազատականացված»,- մեզ հետ զրույցում նշեց Բաբկեն Պիպոյանը։

Տնտեսագետ Վահագն Խաչատրյանի խոսքով՝ թանկացումների մի քանի պատճառ կա։ «Այս թանկացումները պայամանավորված են այն հանգամանքով, որ ներկրողները մոնոպոլ դիրքերում են, և թեկուզ, ասենք, Նոր Զելանդիայում կարագի գնի թանակցումը կարող է հանգեցնել այսպիսի վիճակի, թեկուզ կարագը չի համարվում բորսայական ապրանք, բայց այնուամենայնիվ, մենք կախված ենք այն երկրներից, որտեղ այդ ապրանքը արտադրվում է։ Սրա հետ կապված՝ մեր ներկրողների գործունեությունը կարգավորվում է ոչ թե շուկայական հարաբերություններից ու նպատակահարմարություններից ելնելով, այլ ուղղակի պետության հովանավորությամբ, դրա համար էլ ներկրվող ապրանքի գինը բարձրանում է, մյուս կողմից Նոր տարի է մոտենում, դա իր հերթին իր ազդեցությունը կունենա, նաև դրամն է օր օրի արժեզրկվում, և չեմ բացառում, որ պետությունը նաև բյուջեն համալրելու խնդիր ունի»,- մեզ հետ զրույցում ասաց Վահագն խաչատրյանը։

Կորյուն Սիմոնյան

Մեկնաբանություն
X