Ինչու չի սրբադասվում Խորեն Ա Մուրադբեկյան նահատակ կաթողիկոսը

Պատմությունը որպես մարդկության կենսագրություն, որքան էլ դյուրավ մարսելի է զուտ որպես իրողություն, այնքան էլ դառնում է բարդ եւ բազմաշերտ, երբ վերածվում է որոշակի գիտակարգի ուսումնասիրության ոլորտի: Պատմական հասարակ, գուցե նաեւ աննշան իրադարձությունները արդեն պատմագրության եւ պատմագիտության մեջ դառնում են բարդ եւ բազմաշերտ, տարբեր հարցեր, ասպեկտներ, նրբերանգներ պարունակող, էլ չասենք, որ զուտ իրադարձության ֆիքսումը նույնիսկ գիտական պատմագրության ձեռքում անկախ անաչառություն պահպանելու էթիկական նորմից, որոշակիորեն սուբյեկտիվացվում է:

Արդյունքում ստացվում է մի պատկեր, երբ պարզվում է, որ տասնամյակներ շարունակ իբրեւ ճշմարտություն ներկայացվածը մի պարզ խեղաթյուրում է եւ կարիք ունի արմատական վերանայման: Խորհրդային պատմությունը թերեւս մարդկության պատմության ամենից սուբյեկտիվացված պատմական փուլերից է: Առհասարակ բռնատիրությունների ժամանակները որպես կանոն ժամանակակիցների կողմից ֆիքսվում են լրիվ այլ լույսով, քան կան իրականում եւ միայն այդ բռնատիրություններից ոչնչացումից հետո է, որ իրական պատմությունը առավել կամ պակաս չափով բացահայտվում է:

Իբրեւ մաս խորհրդային պատմության, խիստ սուբյեկտիվացված է նաեւ խորհրդահայ պատմությունը, սակայն եթե Ռուսաստանում այսօր խիստ գիտականից մինչեւ գիտահանրամատչելի մակարդակ խոսվում է խորհրդային պատմության մութ էջերի մասին քննադատական վերաբերմունքով, ապա Հայաստանում չգիտես ինչու խորհրդահայ պատմության մութ էջերի մասին առհասարակ չի խոսվում: Ավելին, Հայաստանում կարծես կա որոշակի վախվորածություն կապված մեր պատմության խորհրդահայ շրջանի մութ էջերի մասին խոսելու հետ:

Թումանյանի տուն թանգարանի ցուցադրության արգելքն ու դրա հետ կապված ողջ պատմությունը մեզ օրինակ: Մինչդեռ, ինչպես Ռուսաստանում հասարակությունն առերեսվում է սեփական պատմության քիչ հայտնի, մութ, ինչու չէ` նաեւ ամոթալի էջերի հետ, այնպես էլ Հայաստանում պետք է նույն երեւույթը սկսվի եւ մենք էլ պետք է այդ առերեսման փաստի առաջ կանգնենք, ավելի զորեղացած առաջ շարժվելու համար: Ռուսական լրատվամիջոցներում օրեր առաջ հրապարակվեց մի վիճակագրություն, ըստ որի, Ռուսաստանում երիտասարդության մեծ մասը նվազագույն պատկերացումներ անգամ չունի Ստալինյան ռեպրեսիաների մասին: Հայաստանում կարծես թե պատկերը ավելի բարվոք է, սակայն այս վախվորած տեմպերով շարժվելու դեպքում ռուսական վիճակագրությանը կարելի է ոչ միայն հասնել, այլ նաեւ գերազանցել:

Մինչդեռ Ստալինյան ռեպրեսիաներից Հայաստանն ու հայ ժողովուրդը քիչ չի տուժել: Ու այս համատեքստում ամենեւին էլ չպետք է ցայտնոտի մեջ ընկնել, որ քաղաքական մեծամասնությունը նույնիսկ սկսել է կողմ արտահայտվել Երեւանի փողոցների անվանափոխման «Ելքի» նախագծին: Հանրապետականը թե որքանով է անկեղծ իր մղումների մեջ այս մասով, անհայտ է, եւ թե արդյոք «Ելքի» նախագծին միանալը դեմարշ է Մոսկվային այն բանի համար, որ ռուսական խորհրդարանականները ցանկանում են ՄԱԿ դատարան դիմել Գարեգին Նժդեհի հետ կապված, ում համարում են գրեթե ֆաշիստ եւ հանցագործ, ցույց կտա ժամանակը, սակայն այն, որ պահն իրոք հասունացել է սեփական պատմության մութ եւ նաեւ ամոթալի էջերի հետ առերեսվելու, կարծես թե թեկուզ եւ լռելյայն հասկանում են բոլորը:

Որքան էլ ընթերցողի համար տարօրինակ հնչի, սակայն այդ առերեսման մեջ իր ուրույն տեղն ունի նաեւ Հայ Առաքելական եկեղեցին: Ստալինյան ռեպրեսիաներին զոհ է գնացել Ամենայն Հայոց Խորեն Առաջին Մուրադբեկյան կաթողիկոսը եւ զարմանալի է, որ ներկայիս Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսը հետամուտ չէ, որպեսզի Ազգային Անվտանգության ծառայությունը գաղտնազերծի Խորեն Առաջին կաթողիկոսի կասկածելի հանգամանքներում մահվան գործը: Ի վերջո խոսքը իր նախորդի մասին է, եւ եթե պատմությունից դասեր չեն քաղվում ու մեղավորները չեն պատժվում, ապա պատմությունը կրկնվելու հատկություն ունի: Երբ տեղի ունեցավ Հայոց Ցեղասպանության նահատակների սրբադասումը, որով վերականգնվեց սրբադասման կարգը Հայ Առաքելական եկեղեցում, մամուլում եղան հրապարակումներ, որ այս քայլը նաեւ քաղաքական ուղերձ է պարունակում իր մեջ եւ նպատակ ունի կոչ ուղդելու քաղաքակիրթ աշխարհին ցեղասպանությունների կանխարգելման եւ հետեւանքների հաղթահարման մասին:

Հարց է առաջանում, իսկ արդյոք ժամանակը չէ, որպեսզի Խորեն Առաջին Մուրադբեկյանի եւ Ստալինյան ռեպրեսիաների ժամանակ նահատակված հայ եկեղեցականների սրբադասման գործընթաց սկսվի, որը ուղերձ կլինի նաեւ ռեպրեսիաների կանխարգելման եւ հետեւանքների հաղթահարման մասով: Սրանք հարցեր են, որ պետք է, որ զբաղեցնեն Մայր Աթոռի եւ ողջ ժողովրդի ուշադրությունը:

Տիգրան Վահանե

Մեկնաբանություն
X