Հայ տղամարդիկ, մի՛ գնացեք շիկահերների մոտ

Շատերին է հետաքրքիր, թե որտեղի՞ց հայ տղամարդկանց սերը շիկահեր կանանց նկատմամբ: Չէ՞ որ նրանք «նաստյաների ու վերաների» հետ կենակցելու համար հատուկ հասնում են Մոսկվա ու Պսկով։ Նույնիսկ դերասան Արմեն Ջիգարխանյանը գայթակղվեց․ ամուսնացավ գեղեցկադեմ, երիտասարդ շիկահերի հետ և ընկավ մեծագույն փորձանքի մեջ։ Մնաց փողոցում։ Կարծում եմ այս ավանդույթը ծագում է դեռևս անհիշելի ժամանակներից: Բերենք մի օրինակ։ 1185 թ. Կիլիկիայի Հայոց իշխան Ռուբեն 3-ը Անտիոքի պրինց Բոհեմունդ 3-ի կողմից գերվեց ու բանտ նետվեց: Այս իրադարձության վերաբերյալ աղբյուրները միանշանակ տեղեկություններ չեն հաղորդում: Սմբատ Սպարապետը գրում է. «Իսկ պարոն Ռուբէն կայր պարապեալ վավաշոտ ցանկութեանց եւ պոռնկական խորհրդոց. եւ վասն այնր գնաց յԱնտաք ուտել եւ ընպել ընդ պոռնիկ կանայս»։ Այսինքն՝ Սմբատի փոխանցմամբ Ռուբենը գերվել էր, քանի որ մեկնել էր Անտիոք պոռնիկներին այցելելու նպատակով: Զավեշտական այս ակտը չափազանց ծանր հետևանքներ ունեցավ Կիլիկիան Հայաստանի համար: Բոհեմունդ 3-ը դիմեց ագրեսիվ գործողությունների՝ փորձելով Հայոց Կիլիկիան վերջնականապես ենթարկել իրեն: Իհարկե ձախողեց՝ հանդիպելով Ռուբենի եղբոր՝ Լևոնի դիմադրությանը: Հայոց իշխանին գերությունից ազատելու համար պետությունը տարածքային զգալի զիջումների գնաց: Եվ ամենածանր հետևանքն այն էր, որ Ռուբենի թեթևամտության պատճառով Կիլիկիայի հայկական պետությունը վասալական կախվածության մեջ հայտնվեց Անտիոքի իշխանությունից: Գերեվարված Ռուբենը ստիպված էր գնալ այդ զիջմանը: Իսկ որպես վերջնական արդյունք գեղեցիկ աղջիկներ ու սուր զգացողություններ սիրող իշխանը ավագանու ճնշման ներքո ստիպված հրաժարվեց գահից։ Այսինքն՝ երկու դեպքում էլ գործել է գրեթե նույն տրամաբանությունը․ Ռուբեն 3-ը մնաց առանց գահի, իսկ Արմեն Ջիգարխանյանը՝ առանց տան։ Առակն ի՞նչ կցուցանե: Տղամարդիկ, մի տարվեք Մոսկվայի կամ էլ Անտիոքի շիկահերներով, վերջաբանը կարող է ողբերգական լինել, կմնաք կա՛մ առանց տան, կա՛մ էլ առանց պետության։ ԱԱԾ-ն պետք է լրջորեն զբաղվի այս հարցով, սա ազգային անվտանգության և ինչու չէ նաև հայ գենի պահպանության խնդիր է։

Կարպիս Փաշոյան

Մեկնաբանություն
X