Իրավունք

«Օֆշորի» գործով դատավճիռը բողոքարկվել է

Հայտնի «Օֆշորի» գործով 16 տարվա ազատազրկման դատապարտված Աշոտ Սուքիասյանի պաշտպան Յուրի Խաչատրյանը դիմել է Վերաքննիչ քրեական դատարան՝ բողոքարկելով Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավաճիռը։

Նշենք, որ Աշոտ Սուքիասյանի համար մեղադրողը պահանջել էր 15 տարի, սակայն, դատարանը նրան դատապարտեց 16 տարվա ազատազրկման:

«Ահագին ժամանակ է, ինչ դիմել ենք Վերաքննիչ դատարան, սակայն պատասխան դեռ չենք ստացել։ Ընդհանրապես 2 շաբաթվա ընթացքում պետք է նիստ նշանակեն, բայց ծանրաբեռնվածության դեպքում ասում են 10 օրով պետք է երկարացնեն, բայց էդ ժամկետները կարծես անցել են։ Անձերի միջեւ, եթե հարաբերություն է եղել, ,մյուս կողմը՝ Փայլակ Հայրապետյանը խուսափել է պայմանագիր կնքելուց, նա պետք է պետության միջոցները չօգտագործեր, որպեսզի իր մեղավորությունը կամ անմեղությունը հիմնավորեր, պետք է քաղաքացիական դատարանով գնային, պարզեին՝ ով, ինչ պահանջ ունի։ Դատավճռից դժգոհ եմ, որովհետեւ դատավորը որպես դատախազ հանդես եկավ, ոչ թե դատավոր»։

Յուրի Խաչատրյանի խոսքով՝ ակնկալում են, որ այն միջնորդությունները, որոնք չի բավարարել առաջին ատյանի դատարանը, բավարարվի Վերաքննիչ դատարան կողմից․ «Կամ եթե չեն բավարարելու մինչեւ վերջ, գոնե հետագայում Եվրոպական դատարան դիմելու հիմքերը պարզ կլինի»։

Անդրադառնալով Աշոտ Սուքիասյանի առողջական, հոգեբանական վիճակին, պաշտպանը պատասխանեց․ «Նեղության մեջ գտնվող մարդը ո՞նց պիտի լինի։ Մանավանդ, իր եղած-չեղածը հետը գնաց կորավ, ինչ ուներ, գրավ էր դրվել, դա քննության չառնվեց»։

Հիշեցնենք, որ ամբաստանյալ Աշոտ Սուքիասյանին մեղադրանք էր առաջադրվել խարդախությամբ ուրիշի առանձնապես խոշոր չափերով գույքի նկատմամբ իրավունք ձեռք բերելու, հանցավոր ճանապարհով ստացված խոշոր չափերով եկամուտներն օրինականացնելու, չարամտորեն խոշոր չափերով հարկեր, տուրքեր և պարտադիր այլ վճարումներ կատարելուց խուսափելու համար (Քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերի փողերի լվացում, 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափով խարդախություն կատարելը, 205-րդ հոդվածի 2-րդ մասով՝ հարկերից, տուրքերից կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելը):

Աննա Պապիկյան

Մեկնաբանություն
X