Շատ մանկապարտեզներ նույնիսկ մեկ համակարգիչ չունեն

2005թ․ ԱԺ-ի ընդունած «Նախադպրոցական կրթության մասին» օրենքը, պարզվում է, որ ունի փոփոխությունների եւ լրացումների անհրաժեշտություն։ Երեխայի ձեւավորմանը նպաստող, մինչեւ դպրոց գնալը նրա անհատականության վրա իրենց ազդեցությունը թողնող նախադպրոցական հիմնարկները, հանձնվելով տեղական ինքնակառավարման մարմինների ենթակայությանը, խոչընդոտների առջեւ կանգնեցին՝ սկսած ֆինանսավորումից ավարտած մասնագիտական կադրերի պակասով։

Գաղտնիք չէ, որ նույնիսկ մանկապարտեզի տնօրեն նշանակվելիս իրենց դերն են խաղում անձնական ազդեցիկ կապերը, հովանավորչությունը։ Եվ հենց այդ կապերն էլ կանխորոշում են մանկապարտեզի ինչպիսին լինելը, երեխաների եւ նրանց ծնողների վերաբերմունքը տնօրենի նկատմամբ։

Հանրապետությունում այսօր գործում է 608 մանկապարտեզ, որից 2-ն են գերատեսչական։ Երեւանում կա 160 մանկապարտեզ։ Ավագ տարիքային խմբի՝ 5-6 տարեկանների համար գործում են նաեւ նախակրթարաններ, որոնք գործում են դպրոցների եւ նախադպրոցական հաստատությունների կազմում։

Օրերս նախադպրոցական կրթության խնդիրների առթիվ կրթության եւ գիտության նախարարությունում հրավիրվել էր քննարկում, որին մասնակցել են նաեւ Երեւանի քաղաքապետարանի, տարածքային կառավարման նախարարության, «Հույսի կամուրջ» ՀԿ-ի եւ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչները։ ԿԳՆ հանրակրթության վարչության նախադպրոցական եւ միջնակարգ կրթության քաղաքականության մշակման եւ վերլուծության բաժնի պետ Սյուզաննա Մակյանն այդ քննարկման ժամանակ եղել է հիմնական զեկուցողը։ Թե ինչը չի բավարարում գործող «Նախադպրոցական կրթության մասին» օրենքում, ինչն է պետք փոխել, ինչ առաջակություններ են հնչել օրենքը փոխելու վերաբերյալ, փորձեցինք պարզաբանում ստանալ Սյուզաննա Մակյանից։

««Նախադպրոցական կրթության մասին» օրենքը նոր խմբագրությամբ ներկայացնելու իմաստը նախադպրոցական կրթությունում ընդգրկված բոլոր մասնակիցների իրավահարաբերությունները սահմանելն ու սահմանազատելն է։ Դրանց թվում են՝ գերատեսչությունները, համայնքները, լիազոր մարմինները, ծնողները, մանկավարժները, դաստիարակներն են։ Նրանք, ովքեր ընդգրկված են այդ կրթության ոլորտում, պետք է ունենան հստակ սահմանված պարտականություններ եւ լիազորություններ։ Նախ եւ առաջ՝ օրենքում առաջարկում ենք այդ կարգավորումը մտցնել»,- ասաց մեր զրուցակիցը։

Գտնվելով տեղական ինքնակառավարման մարմինների ենթակայության ներքո՝ նախադպրոցական հիմնարկները չունեն միասնական ֆինանսավորման մեխանիզմ, կախված են համայնքի բյուջեից։ Իսկ դա, ըստ Մակյանի, արդեն անհավասար պայմաններ է ստեղծում տարբեր համայնքներում ապրող երեխաների համար։

«Փորձում ենք դնել ֆինանսավորման մեխանիզմ, որպեսզի կարողանանք ապահովել համաչափությունը եւ միասնականությունը։ Հաջորդը վերաբերում է ուսուցիչներին, դաստիարակներին եւ ղեկավար կազմին վերապատրաստելու եւ ատեստավորելու մեխանիզմներին»,- ասաց մեր զրուցակիցը։

Նրա դիտարկմամբ՝ շատ մանկավարժներ, որոնք երկար տարիներ աշխատում են, չեն վերապատրաստվել ու ատեստավորվել, ինչի պատճառով էլ որակական բարձր արդյունք չենք կարող ակնկալել։

«Լուրջ խնդիր է նաեւ նյութատեխնիկական բազայով հագեցվածությունը։ Շատ մանկապարտեզներ չունեն նույնիսկ մեկ համակարգիչ, միացած չեն համացանցին, ինչի պատճառով էլ հետ են մնում զարգացումից»,- ասաց Սյուզան Մակյանը, որի կարծիքով՝ կարող են այս դեպքում օգնություն ցույց տալ նաեւ դոնորներն ու տարբեր կազմակերպություններ

Ներառականության խնդիրն էլ է էական։ «Փորձել ենք ապահովել ներառականությունը։ Դա վերաբերում է թե՛ ազգային փոքրամասնություններին, թե՛ կրթության առանձնահատուկ պայմաններին։ Առհասարակ խոսքը վերաբերում է յուրաքանչյուր երեխային ներառելու մասին»,- ասաց Սյուզաննա Մակյանը։

Ոստիկանության աշխատակիցների երեխաներն առանձին մանկապարտեզ են հաճախում Հանրապետությունում գործող երկու գերատեսչական մանկապարտեզներից մեկը գործում է ոստիկանության համակարգում եւ «սպասարկում» է ոստիկանության աշխատակիցների երեխաներին, մյուսը գործում է Երեւանի պետական ճարտարագիտական համալսարանի կամ Պոլիտեխնիկ ինստիտուտի ենթակայության ներքո։

Սյուզաննա Մակյանը հիշում է, որ սովետի տարիներին այլ գերատեսչություններ էլ ունեին իրենց ենթակայության ներքո գործող մանկապարտեզներ։ Հիմա այդ երկուսն են մնացել՝ որպես այդ տարիներից մնացած ավանդույթ։ «Այդ տարիներին այդ մանկապարտեզները ստեղծվել են՝ հատուկ իրենց աշխատակիցների երեխաների համար»,- ասաց նա։

«Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի ե) կետի համաձայն՝ տեղական ինքնակառավարման մարմինները իրականացնում են համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների ղեկավար աշխատողների ընտրությունը, նշանակումը եւ ազատումը՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։ Եվ հիմա ԿԳՆ-ն առաջարկում է, որ լինի հստակ կարգավորվող մեխանիզմ՝ կա՛մ ընտրեն մանկապարտեզի տնօրենին, կա՛մ նշանակեն, եւ այդ ամենը լինի հստակ ընթացակարգով։ «Օրենքով սահմանված ընթացակարգ չկա, ամեն մեկն իր համար է սահմանել»,- ասաց Սյուզաննա Մակյանը։

Թագուհի Հակոբյան

Մեկնաբանություն
X