Իրավունք

Որքան թափանցիկ լինի դռնբաց նիստը, այդքան մենք կունենանք արդար դատավճիռ

«Մենք որոշեցինք նախաձեռնել այս հետազոտությունը, որի նպատակն է վերհանել դռնբաց դատական նիստերի լուսաբանման, տեսանկարահանման հետ կապված խոչընդոտները, սահմանափակումները։ Որքան թափանցիկ լինի դռնբաց նիստը, ի վերջո մենք կունենանք արդար դատավճիռ, ինչին ձգտում են ժողովրդավար հասարակությունները։ Ուսումնասիրել ենք միջազգային փորձը՝ համեմատական վերլուծություն տանելով հայաստանյան օրենսդրության հետ»։

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Իրավունքի ուժ» ՀԿ-ի ղեկավար Արման Ղարիբյանը՝ ներկայացնելով «Դռնբաց դատական նիստերի լուսաբանման խոչընդոտներն ու սահմանափակումները» հետազոտությունը։

Ներկայացնելով հետազոտությունը` Արման Ղարիբյանը նշեց, որ հարցազրույցներ են անցկացվել այն լրագրողների հետ, որոնք 5-25 տարի է, ինչ լուսաբանում են դատական նիստերը, նաև նրանց հետ, ովքեր պարբերաբար են լուսաբանել նիստերը։ «Լրագրողները 3 հիմնական խնդիր են առանձնացրել։ Առաջինը՝ տեսանկարահանման արգելքն է, երբ դատավորը պարզապես արգելում է, լուսանկարահանման և տեսանկարահանման սահմանափակումն է, երբ դատավորը որոշում է, որ, օրինակ, 5 րոպեից ավելի չես կարող նկարահանել, և 3-րդը՝ տեխնիկական խոչընդոտն է»։

Արման Ղարիբյանը նշեց, որ իրենք արդարադատության նախարարությանը առաջարկությամբ են հանդես գալու՝ նախաձեռնել օրենսդրական բարեփոխումներ՝ դատական նիստերի լուսատեսանկարահանման իրավունքը հստակեցնելու համար, ինչպես նաև ընթացակարգեր սահմանել և ընդունել իրենց կողմից առաջարկված օրենքների նախագծերը։

Մեկնաբանություն
X