Ուղևորների փոխարեն երկաթե ծանրոցներ. նոր էլեկտրագնացքը կուղևորվի Գյումրի

«Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-իբ աշխատակիցներից մեկի հետ զրույցում պարզեցինք, թե ինչու են երեկ երկաթուղայիններն հավաքվել Երևանի լոկոմոտիվային դեպո: Պարզվում է ՝ Ռուսաստանից Հայաստան բերված նոր, ժամանակակից ու բարձրակարգ տեխնիկական հնարավորություններով հագեցած էլեկտրագնացքը, որ նախատեսվում է շահագործել Երևան-Գյումրի- Երևան ուղղությամբ, եթե ոչ այսօր, ամենուշը երկուշաբթի ուղևորվելու է Գյումրի: Սակայն սպասվածի նման գնացքը ոչ թե ուղևորներ է փոխադրելու Գյումրի, այլ նրանց փոխարեն երկաթ: Ի զարմանս մեզ, աշխատակիցը մանրամասնեց. «Քանի որ գնացքը փորձարկման փուլում է, եւ դեռ հարց է, դիմանալու են տեղի ռելսները այդ գնացքի հզորությանը, տնօրինությունը որոշում է կայացրել ուղևորների փոխարեն երկաթյա ծանրոցներ տեղադրել երկու վագոններում, որպեսզի վթարի դեպքում մարդկային զոհեր չլինեն: 151 ուղևորի փոխարեն, հաշվարկել են, յուրաքանչյուր վագոնում 8 տոննա երկաթե ծանրոց է դրվել: Գնացքը պետք է առանց դժվարության կարողանա այդ 16 տոննա ծանրոցը տեղ հասցնել, եթե դա հաջողվեց, նշանակում է 151 ուղևորի առանց խոչընդոտի կհասցնի Գյումրի»,-ասաց նա՝ նշելով, որ բարեհաջող փորձարկման դեպքում գնացքը կշահագործվի փետրվար ամսին: Մեզ հետաքրքրեց նաև, թե պատրաստ են մեքենավարները նման փորձարկման: Մեր զրուցակիցը ծիծաղեց՝ ասելով. «Պատրաստ լինեն-չլինեն, նրանց փոխարեն էլ հո երկաթ չեն դնելու, երկաթը գնացքը չի կարող վարել»:

Հիշեցնենք, որ էլեկտրագնացքը Հայաստան է բերվել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի և «Ռուսական երկաթուղիներ» ԲԲ ընկերության ղեկավարության միջև տեղի ունեցած հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն:Այն կահավորված է հարմարավետ աթոռներով։ Ունի օդափոխման, մանրէազերծման, հակահրդեհային համակարգեր, վթարային ելքի պատուհաններ, տեղեկատվություն ներկայացնող էկրաններ, ինչպես նաև հարմար է հենաշարժական խնդիրներ ունեցող ուղևորների համար: Մեր ունեցած տեղեկություններով՝ նոր էլեկտրագնացքի կանգառները սահմանափակ են լինելու, օգտվելու են միայն քաղաքի բնակիչները: Մինչդեռ Էջմիածնի, Հոկտեմբերյանի, Քարակերտի եւ Շիրակի մարզի մի շարք գյուղերի բնակիչներ օգտվում են գնացքից: Հատկապես այն հարմար է գյուղացիների համար, ովքեր կարողանում են արկղերով ապրանքը քաղաք հասցնել ու վաճառել: Երևան-Գյումրի գնացքը տեղ է հասնում 3 ժամ 10 րոպեում: Նորի դեպքում նախատեսվում է կրճատել ժամանակահատվածը՝ հասցնելով 2 ժամի: Շրջանառվող խոսակցությունների համաձայն՜ կթանկանա նաև ուղևորավարձը:

Արևիկ Հակոբյան

Մեկնաբանություն
X