Իրավունք

100 կգ հերոինը հավասարազոր է 10 հազար թմրամոլի. հերոինյան պատմություններ՝ Հայաստանում

Ազգային անվտանգության ծառայությունը տարին մեկ կանխում է հերոին տեսակի թմրամիջոցի ներկրումը Հայաստան։ Ամենաաղմկահարույցը եւ ուշագրավը 2014 թ․ Մեղրիի մաքսատանը հայտնաբերված 927 կգ հերոինի դեպքն էր։ Այդ գործով բեռնատարի վարորդ՝ Վրաստանի քաղաքացի Ավթանդիլ Մարտիաշվիլին դատապարտվեց 17 տարի ազատազրկման, իսկ Օսման Ուղուրլուն, որն էլ, ըստ մեղադրանքի՝ 2013 թվականի սկզբներին պայմանավորվածություն էր ձեռք բերել Թուրքիայի քաղաքացիներ Մուստաֆա եւ Իսմայիլ Նարգեզների հետ՝ Իրանից թմրամիջոց ձեռք բերելու, այն Ուկրաինա, այնուհետ եվրոպական երկրներ տեղափոխելու վերաբերյալ՝ 19 տարի ազատազրկման։

2011-ին էլ հայտնաբերվել էր 90 կգ ընդհանուր քաշով հերոին տեսակի թմրանյութ: Իսկ օրերս ԱԱԾ-ն հայտարարություն տարածեց՝ «ավետելով», որ այս տարվա ամռանը 105 կգ 100 գ բրուտտո եւ 101 կգ 830 գ 160 մգ նետտո քաշով հերոին տեսակի թմրամիջոցն Իրանի Իսլամական Հանրապետությունում փաթեթավորվել է 204 բրիկետների մեջ, թաքցվել բեռնատարում, եւ ազգությամբ քուրդ 3 անձանց կողմից նշված բեռնատարի վարորդ, միջազգային բեռնափոխադրումներով զբաղվող Թուրքիայի քաղաքացուն, համապատասխան վարձատրության դիմաց, պատվիրվել է այն Հայաստանի տարածքով փոխադրել Վրաստան:

ԱԱԾ նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանը նշում է, որ այս դեպքերում կա 2 խնդիր․ առաջինի դեպքում պետք է գովել օպերատիվ այն աշխատակիցներին, որոնց շնորհիվ բացահայտվում է հերոինի մաքսանենգ ճանապարհը, որից հետո առաջանում է 2-րդ խնդիրը՝ պետք է ամեն ինչ հասնի իր տրամաբանական ավարտին․ «Հիշո՞ւմ եք 1 տոննա հերոինի տեղափոխությունը, այդ թուրքին եւ վրացուն, նրանց բռնելուց հետո այդ գործն այդպես էլ փակվեց, 1 տոննան հավասարազոր է երրորդ-չորրորդ ձեռքում 1 միլիարդ դոլարի, լա՞վ եք պատկերացնում, որ 1 միլիարդ դոլար վստահել էին այդ երկուսին, ես չեմ պատկերացնում։ Օպերատիվ գործունեությունը կարելի էր համարել գերազանց, եթե ունենար տրամաբանական ավարտ, այսինքն՝ երբ հայտնաբերվեին պատվիրատուն եւ առաքողը, վերցրել են միայն միջին օղակի 2 պատահական մարդու, որից ցանկացածին կարող էին լավ վճարել, եւ այդ տեղափոխությունը կատարվեր։ Բնական է, որ առաքողը պետք է ունենա լուրջ հիմքեր, որ մեկ միլիարդ դոլարը Հայաստան պատահական չի մտնի։ Այսինքն՝ Հայաստանում գտնվում է այն մարդը, որն ի վիճակի է ստանալ այդ մեկ տոննան։ Հարց է առաջանում՝ ո՞ւր է ստացողը, եթե նա չկա՝ տարբեր բաներ կարելի է մտածել։ Ես ի սկզբանե ասացի, որ առաքողը եւ ստացողը չեն բռնվելու։ Հետո բռնում են 100 կգ․ դա մեր սահմանի համար շատ լուրջ թիվ է։ Էստեղ էլի հարց է առաջանում․ չէ՞ որ 1 տոննա բացահայտելուց հետո մենք 100 կգ «ներմուծում» ստացանք հերոինի, 100 կգ-ն էլ երրորդ ձեռքի վրա 50 միլիոն դոլար է։ Եվ ո՞վ է այդ առաքողը, որն առանց նախադեպերն իմանալու՝ սահմանի վրա պրիմիտիվ ձեւով ցանկանում է իր փողերը փոշուն տալ։ Թույլ տվեք չհավատալ։ Այժմ երկրորդ տարբերակն է՝ 100 կգ-ն էլի բերեցին, էլի ապրեն, որ բացահայտեցին, բայց գովենք էն դեպքում, երբ կհայտնաբերեն էն մարդուն, ով պետք է դիմավորեր։ Թող թողնեին, մինչեւ հասներ տրամաբանական ավարտին… եթե երկրորդ անգամ դա չեն անում, թույլ տվեք մտածել, որ էստեղ մեկ ուրիշ խաղ է տարվում։ Օրինակ՝ այս ամենն արվում է, որպեսզի ապահովագրեն հետագա տրանզիտը, ասենք՝ էլի 3 տոննա, եթե առաքողն էլի չհայտնաբերվի։ 100 կգ հերոինը Հայաստանի համար եւս 10 հազար թմրամոլ է, որոնց երբեք հետ չեն բերի հերոինի գրկից»։

- Վերջին տարիներին հիշո՞ւմ եք դեպք, որ հերոին ստացողին բացահայտած լինեն։

Վերջին տարիներին՝ չէ։ Այն ժամանակ, երբ աշխատում էի։

- Պարոն Եղիազարյան, Ձեր ժամանա՞կ էին շատ, թե՞ հիմա Հայաստանով հերոին անցկացնելու փորձերը։

Այդ թիվը խիստ հարաբերական է։ Եթե ցանկանում եք հերոինի պատմությանն ականջալուր լինել, ապա սկսեք այն պահից, երբ Ստեփան Մարտիրոսյանը կես միլիոն դոլարով ֆինանսավորեց Սերժ Սարգսյանի ընտրական կամպանիան։

- Թմրանյութի վերջին դեպքը բացահայտվել է ամռանը, սակայն ԱԱԾ-ն հրապարակել է մի քանի օր առաջ։ Ինչո՞վ է դա պայմանավորված։

Էդտեղ ես ոչ մի տարօրինակ բան չեմ տեսնում, կարող է նույնիսկ սրան անդրադառնալ 1 տարի հետո։ Դա կախված է իրենց օպերատիվ-հետախուզական միջոցառումներից, երբ հարմար են գտել՝ հայտարարել են։ Իմ կարծիքով՝ եթե արդեն հայտարարված է այդ մասին, կարող եմ միանշանակ ասել, որ ստացողը հայտնաբերված չէ։ Այսինքն՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումներն արդյունք չեն տվել։

Աննա ՊԱՊԻԿՅԱՆ

Մեկնաբանություն
X