Իրավունք

Բազան ու ռուս զինվորները պետք է հսկվեն

Ավետիսյանների դեպքից հետո Գյումրիում ամեն անգամ լույսի արագությամբ տարածվում են քաղաքին «ամրակցված» ռուսական բազայից ենթադրյալ կամ իրական հանցագործության մասին տեղեկություններ: Երեկ քաղաքը կրկին ալեկոծվել էր. սկզբում լուրեր էին շրջանառվում, թե բազայից փախել է մեկ զինվոր, հետո խոսքն արդեն երկուսի մասին էր: Նման ենթադրությունների տեղիք էր տվել այն, որ վերջին երկու օրերին Գյումրիում շրջում էին զինվորականներ, որոնք, երկու զինվորականների լուսանկարներ ձեռքներին, փողոցում անցորդներին եւ քաղաքում քիչ թե շատ հայտնի զվարճանքների հաստատություններում հարցուփորձ էին անում նշված անձանց մասին: Բազայից ողջ օրվա ընթացքում, չնայած լրագրողների զանգերին, որեւէ արձագանք չեղավ:

Գյումրու ավագանու անդամ Լեւոն Բարսեղյանն Ավետիսյանների դեպքից հետո առնվազն մի քանի անգամ Գյումրու քաղաքապետարանին առաջարկել է, որ ՀՀ իշխանությունները ՌԴ-ի հետ մանրամասն պայմանավորվեն եւ պայմանագրային հիմունքներով արձանագրեն Գյումրիում ռուսական զինվորականության, բազայի եւ զինվորներին առնչվող բոլոր նրբությունները: Մասնավորապես, որ բոլոր տեսակի դասալքությունների եւ հանցագործությունների մասին պետք է իրազեկվեն Հայաստանի պետական եւ համայնքային իշխանությունները, ապա իրազեկվի հասարակությունը, հետախուզական-որոնողական միջոցառումներ իրականացվեն: Ըստ որում՝ ռուսական բազայի զինվորների մեքենաների բոլոր տեղաշարժերի մասին նախապես իրազեկվեն համայնքային իշխանությունները: Մյուս առաջարկը՝ իրավապահ համակարգը բոլոր այդ տեղաշարժերն ուղեկցի տեսախցիկներով: Մի խոսքով, այդ ամենը հսկվի եւ տեսանկարահանվի այնպես, ինչպես հսկվում է արագաչափերի կենտրոնը:

«Ես մի քանի անգամ առաջարկել եմ, ուղերձի նախագիծ եմ պատրաստել, երեք անգամ տարել եմ ավագանու նիստին, որ դիմեն Սերժ Սարգսյանին: Բայց ավագանու հանրապետական անդամները մշտապես պնդել են, որ էդ ուղերձի կարիքը չկա, բերեք Սերժ Սարգսյանին չանհանգստացնենք»,- պատմեց Լեւոն Բարսեղյանը: Ըստ նրա՝ բազայի աշխատակիցների մոտ, Գյումրու նման աղքատ քաղաքի չափանիշներով, փող կա, եւ իրենք պարբերաբար լինում են քաղաքի ռեստորաններում ու զվարճանքի վայրերում: Իհարկե, ռազմաբազայի զինվորականության մասին պնդել, թե անկիրթ են, անդաստիարակ, Լեւոն Բարսեղյանը չի կարող եւ չունի նման ցանկություն։ Բայց նաեւ ասաց, որ այս տարիների ընթացքում նրանք հաճախ նկատվում են քաղաքի մակարդակով վթարների, տարբեր միջադեպերի ու պատմությունների մեջ:

Լ․ Բարսեղյանի ամփոփմամբ՝ այս իրավիճակը, որ ռուսական կողմն իրեն առհասարակ հաշվետու չի զգում այն երկրի իշխանությունների առաջ, որտեղ տեղակայված է բազան, հայաստանյան իշխանությունների թուլության պատճառով է:

Անի ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Մեկնաբանություն
X