Թոնի Ֆադելի հանդիպումը ՏՀՏ հայկական համայնքի հետ

Երեկ ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի մրցանակի դափնեկիր, լիբանանյան ծագումով ամերիկացի գյուտարար, «Nest Labs» ընկերության հիմնադիր Թոնի Ֆադելն այցելել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխամասային գրասենյակ: Նա ութերորդն է ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի մրցանակին արժանացածների շարքում: iPod ապրանքանիշի հեղինակ, գյուտարար Ֆադելը, ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն, մրցանակաբաշխության հանձնաժողովի անդամ Ռալֆ Յիրիկյանը, մրցանակաբաշխության խորհրդի նախագահ, «Սինոփսիս Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանը, մրցանակաբաշխության հանձնաժողովի անդամ, «Վիասֆեր Տեխնոպարկ» ընկերության նախագահ Թոնի Մորոյանը պատասխանել են լրատվամիջոցների հարցերին:

Թոնի Ֆադելը ՏՀՏ (տեղեկատվական եւ հաղորդակցության տեխնոլոգիաների) հանրության ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում անդրադարձել է տարբեր թեմաների, այդ թվում՝ արհեստական բանականության, տեխնոլոգիաների զարգացման եւ հանրության ու հաջորդ սերունդների բարեկեցության վրա դրանց թողած ազդեցությանը: Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք բոլոր ոլորտներում ռոբոտների տարածումն սպառնալիք չի ներկայացնում մարդկության համար, նա ասել է. «Ես լավատես եմ մարդու եւ ռոբոտի համագոյակցության հարցում»:

Թոնի Ֆադելի խոսքով՝ գյուղատնտեսության ոլորտը հսկայական է, եւ տեխնոլոգիաները կարող են զգալիորեն խթանել ոլորտի եկամտաբերությունը՝ ի նպաստ աշխարհի տարբեր մասերում գտնվող գյուղատնտեսական համայնքների բարեկեցության: Ըստ գյուտարարի՝ գյուղատնտեսական տեխնոլոգիաներն այն ոլորտն է, որտեղ նա ցանկանում է ներդրումներ կատարել առաջիկա տարիների ընթացքում:

iPod-ի ստեղծող Թոնի Ֆադելը Հայաստան է այցելել ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի մրցանակն ստանալու նպատակով: Մրցանակաբաշխության արարողությունը կայացել է երեկ՝ ՀՀ նախագահի նստավայրում: ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի ամենամյա մրցանակը հիմնվել է 2009թ.՝ ՀՀ նախագահի հրամանագրով, եւ շնորհվում է ՏՏ ոլորտում բացառիկ ներդրումներ կատարած հեղինակավոր անհատների, ում ներդրումները ՏՏ ոլորտում բերել կամ բերում են հեղափոխական կամ համանման բնույթ ունեցող զարգացումների, որոնք դրականորեն են անդրադարձել կամ ներուժ ունեն դրականորեն անդրադառնալու պատմության ընթացքի վրա:

Թոնի Ֆադելն ութերորդն է ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի մրցանակին արժանացածների շարքում: Նախորդ մրցանակակիրներն են «Ինտել» կորպորացիայի տնօրենների խորհրդի նախկին նախագահ Քրեյգ Բարրեթը (2010թ.), «Էփլ Քոմփյութերս» կորպորացիայի համահիմնադիր Սթիվ Վոզնյակը (2011թ.), «Սինապտիկս» ընկերության պատվավոր նախագահ Ֆեդերիկո Ֆաջինը (2012թ.), Կիսահաղորդչային արդյունաբերության մասնագետների միության եւ «Թեքնո վիժն» ընկերության նախագահ Ցուգիո Մակիմոտոն (2013թ.) եւ «Cisco» ընկերության զարգացման գծով նախագահ Մարիո Մացցոլան (2014թ.), «Կասպերսկի լաբորատորիայի» գործադիր տնօրեն Եվգենի Կասպերսկին (2015թ.) եւ «Open-Root» կազմակերպության գլխավոր տնօրեն, համացանցի համահիմնադիր Լուի Պուզենը (2016թ.):

Անդրադառնալով ՀՀ նախագահի մրցանակին՝ Թոնի Ֆադելը մասնավորապես ասել է. «Ինձ համար մեծ պատիվ է ստանալ այս մրցանակը, եւ անկախ նրանից, թե որքան փոքր կամ մեծ է ձեր երկիրը, մեկ անհատ կամ մեկ թիմ կարող է հանգեցնել աշխարհում մեծ փոփոխության: Եվ կարիք չկա, որ դուք հասնեք Սիլիկոնյան հովիտ՝ արդեն հաջողված նախաձեռնությունը կրկնելու համար: 1991թ.՝ նույն թվականին, երբ Հայաստանը ձեռք բերեց իր անկախությունը, ես առաջին անգամ մեկնեցի Սիլիկոնյան հովիտ, եւ դա հրաշալի փորձառություն էր: Այնուամենայնիվ՝ ես որոշեցի, որ պետք է շրջագայեմ ամբողջ աշխարհով մեկ՝ իմանալու համար ավելին, թե ինչպես կարող է տեխնոլոգիան միավորել տարբեր համայնքների՝ դրանք ավելի լավը եւ ուժեղ դարձնելու համար: Ուստի ես քաջալերում եմ բոլոր նրանց, ովքեր գտնվում են Հայաստանի ՏՀՏ ոլորտում կամ ցանկանում են մուտք գործել այդ ոլորտ, որպեսզի ներարկեմ վստահություն առ այն, որ հնարավոր է արձանագրել մեծ հաջողություններ եւ դրանց հասնել սեփական ռեսուրսներով, պայմանով՝ եթե բաց եք աշխարհի առջեւ»:

«Երբ ութ տարի առաջ հիմնվեց այսանչափ կարեւոր մրցանակաբաշխությունը, քչերն էին հավատում, որ այն իրականանալի է, որ ՏՏ ոլորտի համաշխարհային լեգենդներն ամեն տարի կժամանեն Հայաստան՝ ստանալու այս պատվավոր մրցանակը։ Այսօր այն լիովին կայացած եւ միջազգային տեխնոլոգիական հանրության կողմից ընդունված պարգեւ է։ Ե՛վ ես, ե՛ւ իմ գործընկերներն անչափ հպարտ ենք այս հանգամանքով»,- ասել է Հովիկ Մուսայելյանը: «Զարգացած տեխնոլոգիաները տնտեսական զարգացման եւ առաջընթացի գրավականն են: Տեխնոլոգիական լուծումները ստեղծագործ մտքի, որակյալ մասնագիտական կրթության եւ նորարարությունը խթանող միջավայրի արգասիք են: Բարձր տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանն ունի չիրացված հզոր ներուժ: Որպես ՏՀՏ ոլորտի ներկայացուցիչ՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակաբար աջակցում է բարձր տեխնոլոգիաների ոլորտում ազգային կարեւորություն ներկայացնող ՏՀՏ ծրագրերի իրականացմանը՝ այդպիսով խրախուսելով ոլորտի հետագա առաջընթացը: Ութերորդ տարին անընդմեջ մենք մասնակցում ենք այս ծրագրի իրականացմանը՝ նախեւառաջ նպատակ ունենալով նպաստել հայ հասարակության եւ աշխարհի կողմից Հայաստանի՝ որպես ՏՀՏ ոլորտում զարգացման նշանակալի հեռանկար ունեցող երկրի վարկանիշի բարձրացմանը»,- ասել է Ռալֆ Յիրիկյանը:

«Այս տարի մենք մեծ պատիվ ունենք՝ ավելացնելու ՀՀ նախագահի մրցանակաբաշխության դափնեկիրների շարքին Թոնի Ֆադելին՝ գլոբալ ՏՏ ոլորտի հսկային, ով իր հայտնագործությունների շնորհիվ մեծ ազդեցություն է ունեցել մարդկության վրա։ Թոնին ստեղծել է iPod-ի ապրանքանիշը, որը է հիմնական բջջային հարթակներից մեկն է, եւ որն արդեն փոխել է գլոբալ արդյունաբերությունը, տնտեսությունը եւ մարդկության զարգացման ընթացքը»,- նշել է Թոնի Մորոյանը:

ՏՏ ոլորտում ՀՀ նախագահի մրցանակը կարեւոր է Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման հնարավորություների ստեղծման, ինչպես նաեւ Հայաստանն աշխարհի ՏՏ քարտեզի վրա որպես բարձր տեխնոլոգիաների ոլորտում զարգացման զգալի ներուժ ունեցող երկիր ներկայացնելու տեսանկյունից: ՎիվաՍել-ՄՏՍ-ի գործունեության հիմքում ընկած է համոզմունքը, որ հայ երիտասարդությունն ունի անհրաժեշտ որակներ եւ ինքնակատարելագործման ներուժ, որի լիարժեք բացահայտման համար անհրաժեշտ է հետեւողական աջակցությունը: Այս մրցանակը կարեւոր է նաեւ հայ երիտասարդների ուշադրությունը ՏՏ ոլորտի վրա հրավիրելու առումով՝ իբրեւ մասնագիտացման ոլորտ: Մրցանակաբաշխության աջակցությունն ընկերության կողմից իրականացվող ներդրումներից է՝ Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը նպաստելու առաքելության շրջանակում:

Մեկնաբանություն
X