Ո՞վ կշահի իրավիճակից

Վանաձորի ավագանու հետ կապված ՍԴ որոշումից հետո կրկին ակտուալ է դարձել վանաձորյան դասալիքներին, մասնավորապես՝ ՕԵԿ-ին նիստերին բերելու հարցը։ Այսինքն՝ եթե ՀՎԿ-ն իր 5 անդամից գոնե 2-ին ուղարկում է ավագանու նիստերին, ապա ՀՅԴ-ՀՀԿ 15 անդամանոց կոալիցիան դառնում է 17, եւ լուծվում է չարաբաստիկ քվորումի խնդիրը: Չի բացառվում, որ հիմա Արթուր Բաղդասարյանի կուսակցությունը գնա այդ քայլին, ինչը հնարավոր չէր մինչեւ ապրիլի 2-ը՝ ընտրությունների պատճառով (ընտրություններից առաջ որեւէ կուսակցություն չէր ստորագրի «այդ դավաճանը մենք ենք» մահախոսականը), ու նաեւ ընտրություններից հետո, երբ կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը վիրավորված էր խորհրդարանում չհայտնվելու պատճառով, եւ տգեղ կլիներ այդ փուլում համաձայնության գնալը:

Իսկ այսօր սա լավ «բազառի» թեմա է, որին կարող է մասնակցել ոչ միայն ավագանու ՀՎԿ ղեկավար Արկադի Փելեշյանը՝ ստանալով փոխքաղաքապետի պաշտոնը, այլեւ ՀՎԿ ղեկավար, բոլոր պրոցեսներից դուրս մնացած Արթուր Բաղդասարյանը։ Դա է նաեւ պատճառը, որ վերջին շրջանում լուրեր են շրջանառվում իրավագիտության դոկտոր Բաղդասարյանին սրա դիմաց ՍԴ նախագահի պաշտոնը տալու մասին: Սա միակ հնարավոր տարբերակն է, քանի որ «Լուսավոր Հայաստանը» ու «Բարգավաճ Հայաստանը» միանշանակ պնդում են, որ բացառում են նիստերին ներկայանալու հնարավորությունը: Իսկ նոր ընտրության, որքան էլ արդարադատության նախկին նախարար Գեւորգ Դանիելյանը պնդի, թե դա է միակ ճիշտ ելքը, իշխանությունը չի գնա, քանզի այդ դեպքում վտանգ կա, որ ՀՀԿ-ն ուղղակի կկորցնի Վանաձորը, քանի որ «Լուսավոր Հայաստանի» փոխարեն այս անգամ ընտրություններին կմասնակցի «Ելքը»՝ արդեն ԱԺ ընտրությունների փորձառությունը ձեռք բերած եւ նոր հաղթանակների մեծ ծարավով։

Արմինե ՕՀԱՆՅԱՆ

Մեկնաբանություն
X