Հայաստանը կարող է կամուրջ դառնալ ԵՄ-ի ու ԵԱՏՄ-ի միջև․ Անկի Բրուկերս-Քնոլ

Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Նիդեռլանդների Թագավորության Սենատի նախագահ Անկի Բրուկերս-Քնոլին,- այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության պաշտոնական կայքից։

Ըստ հաղորդագրության, հանդիպման ժամանակ Կարեն Կարապետյանը հեռանկարային է համարել գյուղատնտեսության, ճանապարհաշինության, ջրային կառավարման, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության, ադամանդագործության և այլ ոլորտներում գործակցության զարգացումը:

Նիդեռլանդների Սենատի նախագահը նշել է, որ իր երկիրը կարևորում է Հայաստանի հետ տնտեսական կապերի ընդլայնումը: «Հայաստանի աշխարհագրական դիրքը թույլ է տալիս կարևոր տեղ զբաղեցնել տարածաշրջանում ու տնտեսական առումով կամուրջ հանդիսանալ Եվրամիության ու ԵԱՏՄ-ի միջև: Ինչպես Հայաստանի հետ, այնպես էլ Հայաստանի միջոցով տարբեր երկրների հետ համագործակցելու և հարաբերություններ զարգացնելու հնարավորություններ կան», - ասել է Անկի Բրուկերս-Քնոլը: Սենատի նախագահը կարևորել է Կարեն Կարապետյանի՝ գործարար կապերի ակտիվացմանն ուղղված փոխայցեր կազմակերպելու առաջարկը և պատրաստակամություն հայտնել աշխատել այդ ուղղությամբ:

Կողմերը մտքեր են փոխանակել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:

Մեկնաբանություն
X