Իշխանության կցորդը

Ինչպե՞ս ստացվեց, որ տարեցտարի կրթությունն ու գիտությունը հետ մղվեցին, իրենց տեղը զիջեցին բիզնեսին ու քաղաքականությանը, եւ այսօր ոչ միայն քննարկվում է պարտադիր զինծառայության առաջնահերթությունը գիտության եւ կրթության նկատմամբ, այլեւ, անգամ՝ Գիտությունների ազգային ակադեմիայի շենքը սեփականաշնորհելու հարցը։ Ինչպե՞ս եղավ, որ գիտությունն այնքան երկրորդական ոլորտ դարձավ, որ խնայողություններն սկսեցին անել ոլորտի ֆինանսավորումը կրճատելու հաշվին, իսկ ԳԱԱ կառույցներին ու ինստիտուտներին թեեւ ձեռք չեն տալիս, որ աղմուկ չբարձրանա, բայց դրանց՝ տնտեսությանը տված օգուտների մասին այլեւս ոչ ոք չի խոսում։ Եվ, մեծ հաշվով, ԳԱԱ համակարգը մի հսկա բեռ է դարձել մեր պետության վրա։ Բայց չէ՞ որ ամբողջ աշխարհում բարեփոխումներն սկսվում են կրթական եւ գիտական համակարգից։ Միայն այս համակարգերի «պրոդուկտն» է ի զորու տեղից շարժել երկրի տնտեսությունը եւ, առհասարակ՝ պետությունը։ Որտե՞ղ է այդ «պրոդուկտը», եւ ինչո՞վ է այն նպաստում մեր առջեւ ծառացած խնդիրների լուծմանը։ Հենց բուհական ու գիտական էլիտան պետք է խթաներ պետական կառույցների զարգացումը, կարեւոր հարցադրումներ աներ ու պահանջներ ներկայացներ քաղաքական դաշտին։ Իսկ դուք հիշո՞ւմ եք մի դեպք, որ գիտական հանրությունը քննադատեր իշխանություններին, ստիպեր ինչ-որ հարցերի լուծումներ գտնել, նրանից հաշվետվություն պահանջեր կամ պրոցեսներ գեներացներ, բանավեճեր հրահրեր։ Իհարկե, մեր իշխանությունն ամեն ինչ արեց այս տարիներին գիտական, բուհական մտավորականությանը հիմնովին դիմազրկելու համար, բայց մտավորականության ուժն իշխանության ճնշումներին դիմադրելու, հակադրվելու, սեփական դեմքը պահպանելու մեջ է։ Հակառակ դեպքում մտավորականը դառնում է իշխանության շահերի սպասարկուն։

Արմինե Օհանյան

Մեկնաբանություն
X