Անձնականն ու պետականը

Ես հրաժարվում եմ հասկանալ նրանց, ովքեր իրենց ամեն լուման խնայում են, իսկ պետության միլիոններին վերաբերվում ինչպես «ջրի բերած, ջրի տարած»։ Տարրական խնայողություն չանելու եւ պետական միջոցները մսխելու վարքը համակել է ողջ պետական ապարատը, բոլոր պաշտոնյաներին։ Շքեղ հարդարանք ու ճոխ ընդունելություններ, թանկարժեք նվերներ ու առատ պարգեւատրումներ, բենզինի, հեռախոսավարձի, ջեռուցման ավելորդ շռայլություններ՝ ահա մեր պետական համակարգի առօրյան։ Մինչդեռ այդ վատնումներն ու անտնտեսվար վերաբերմունքն անգամ կուլտուրայի պակասի նշան չեն, այլ մարդկային որակների, բարոյականության մասին վկայող փաստեր։ Վստահ եմ, որ Հերմինե Նաղդալյանն անչափ ուշադիր է իր անձնական հեռախոսին եւ երբեք 3 G-ին միացրած չէր թողնի, ինչպես ինքն է բացատրում 2 միլիոն հեռախոսավարձի վատնումն ԱԺ միջոցներից, եթե այդ գումարները սեփական գրպանից վճարելու լիներ։ Նույնքան վստահ եմ, որ իրենց գրպանի փողով վճարված բենզինն էլ են խնայում մեր պաշտոնյաներն ու պատգամավորները, հոսանքն ու ջուրն էլ են իրենց տներում շատ ավելի խնայողաբար օգտագործում, ուրիշ բան է՝ պետականը, հանրայինը։ Մինչդեռ պետությանը «կթու կովի» տեղ դնող եւ «շնից մազ պոկելու» սկզբունքով հարաբերվող ազգը չի կարող երբեք լավ պետություն ունենալ։ Խնայողություններ անող, պետական միջոցները սեփականի նման ծախսող քանի՞ պաշտոնյա գիտեք։

Մենք սովոր ենք հակառակին, որ պաշտոնյան ողջ տարին պետության հաշվին «վոյաժների» մեկնի, իրեն վստահված պետական կերակրամանից ինչքան հնարավոր է օգտվի, պետական միջոցները շռայլի ու երբեք դրա համար պատասխան չտա։ Դա, այսպես ասած, պաշտոնին ուղեկցող արտոնությունների մեջ է մտնում։ Այ, եթե նա խնայողություն անի, կարող է անգամ կողքից ծաղրեն, ասեն՝ ապրել չգիտի։ Մեր տեղեկություններով՝ վարչապետ Կարեն Կարապետյան-բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյան «լիչնի նեպրիյազնը» հասել է գագաթնակետին. նրանք ոչ միայն միմյանց բարեւ չեն տալիս, այլեւ հարց լինելու դեպքում վարչապետը դիմում-շփվում է Արծվիկի տեղակալների հետ, ինչից Արծվիկը ցնցումների մեջ է ընկնում: Վերջինս երկու անգամ կուսակցությունում հարց է բարձրացրել` դիմում գրել՝ դուրս գալ, կուսակցությունում ասել են` ոչ, մենք նախագահի հետ ենք աշխատում: Դաշնակցականներն ուշիուշով ու անհամբեր սպասում են 18 թվին, երբ «նախագահը» կդառնա վարչապետ: Ինչ վերաբերում է «նախագահին», նա լուռ, հանդարտ հետեւում է ՀՅԴ-Կարեն Կարապետյան «տանդեմում» տեղի ունեցող զարգացումներին: «Բաժանիր, որ տիրես» սկզբունքն ամենաաշխատող սկզբունքներից է մեզանում։

Արմինե Օհանյան

Մեկնաբանություն
X