Հայրիկյանից պրծա, հիմա էլ` «Լեւ գրուպը»

_Չեմ կարծում, որ ինձ ու Պարույր Հայրիկյանին մեր դատական քաշքշուկը հաճույք պատճառեց: _Մի բան էի գրել «Հրապարակում», Հայրիկյանին էլ թվացել էր` վիրավորել եմ իրեն, եւ դիմել էր դատարան: Դրանից հետո մի քանի անգամ գրել եմ այս թեմայով, մի քանի անգամ, ներառյալ դատարանում, բացատրել, որ չեմ վիրավորել, առավել եւս` անձնապես ծանոթ չեմ եղել Հայրիկյանի հետ: Դատարանը, հաշվի առնելով Հայրիկյանի` քաղաքական գործիչ, իսկ իմ` լրագրող լինելը, որոշում էր կայացրել, որ պետք է ներողությունով հարցը լուծվեր: Ի պատիվ Հայրիկյանի ասեմ նաեւ, որ նախապես նա դրամական պահանջ չէր ներկայացրել, ինչը եւս մեկ անգամ հաստատում է, որ նա քաղաքական գործիչ է եւ ոչ թե վաշխառու:

Միանգամայն այլ բան է, սակայն, Հայրիկյանի «փաստաբանական» շրջապատը, որ գլխավորում է «Լեւ Գրուպ» փաստաբանական կանտորայի ղեկավար Լեւոն Բաղդասարյանը: Երբ առաջին ծանուցագիրն ստացա այն մասին, որ Հայրիկյանն ինձ դատի է տվել, եւ տեսա, թե ով է ներկայացնելու նրա շահերը դատարանում, հասկացա, որ ինձ համար դժվար է լինելու: Բանն այն է, որ այդ նույն փաստաբանական գրասենյակի եւ գրասենյակի ղեկավարի հետ նախկինում առիթ եմ ունեցել շփվելու. ես` պատասխանող, իրենք` մեղադրող: Մինչեւ Հայրիկյանի գործը, այդ կանտորան հասցրել էր երեք անգամ պարտվել ինձ, եւ, ահա, հրաշալի առիթ էր ստեղծվել ռեւանշի հասնելու համար: Բարոյական չափանիշներն այդ գրասենյակին երեւի թույլ պետք է չտային 4-րդ, ապա եւ 5-րդ անգամ մեղադրել նույն լրագրողին, բայց, պարզվում է, բարոյականությամբ առաջնորդվելը ոմանց համար չորրորդական, հինգերորդական կարեւորության հարց է: Ինչեւէ:

Հայրիկյանի հետ մեր դատական գործում ինձնից 400 հազար ՀՀ դրամի պահանջն ավելացվել է հետո, որպես «հայցի ավելացում»: Հայրիկյանի դիմումի մեջ այդ մասին խոսք չկա, այդ պահանջն ավելացրել է «Լեւ Գրուպը»: Եթե ես սխալվում եմ, եւ Հայրիկյանն է եղել պահանջն ավելացնողը, ապա խնդրում եմ նրան հանդես գալ այդ մասին հայտարարությամբ, որովհետեւ այն, ինչ կասեմ ստորեւ եւ հետո վերաքննիչ դատարանում, որոշակիորեն կարող է շոշափել նաեւ Հայրիկյանի բարի համբավը:

Եվ, ուրեմն` ինչպես ծանոթացա Լեւոն Բաղդասարյանի հետ:

ՀՀ ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանը տարիներ առաջ ինձ դատի էր տվել եւ հերքումից բացի մի քանի միլիոն դրամի պահանջ ներկայացրել: Հիմա կոնկրետ թիվը չեմ հիշում, բայց դա էական չէ: Դու ԴԱՀԿ-ի ականջն այդպիսի բան գցիր: Եկան, կալանեցին ինչ ունեի-չունեի: Կալանք դրեցին նույնիսկ բանկային հաշիվներիս վրա, որոնցում 0-ից բարձր թիվ երբեք չի եղել: Ինձ արգելել էին նույնիսկ ապրանք ներմուծել եւ արտահանել: Կոմիկական իրավիճակին էլ չափ կա: ԴԱՀԿ-ն անցել էր բոլոր սահմանները:

Հայկ Բաբուխանյանին մեր անկախության առաջին օրերից եմ ծանոթ: Մի կողմից` լրագրողներ էինք, մի կողմից էլ՝ մի քիչ քաղաքականությամբ էինք զբաղվում: Ինքն այն ժամանակ ՍԻՄ փոխնախագահն էր: Ընկերություն չասեմ, բայց Հրանտ Խաչատրյանի բերումով կարգին ծանոթություն կար, բարեւ, բարիլույս… Զանգեցի իրեն: Խոսեցինք, երկուսս էլ ցավ հայտնեցինք, որ ուշ-ուշ ենք հանդիպում, այնքան, որ նույնիսկ իրար թերթով ու դատարանով բան ասելուն է հասնում գործը: Ես հարցրի` էս ի՞նչ պահանջ է, Հայկ, դու ո՞նց ես պատկերացնում, որ ես այդքան փող կարողանամ տալ քեզ: Եվ նա ինձ խորհուրդ տվեց կապվել իր փաստաբանի` Լեւոն Բաղդասարյանի հետ ու տվեց նրա հեռախոսահամարը:

Ինչպես հանդիպեցի մեղադրող կողմի փաստաբանին։

Բաբուխանյանի տված հեռախոսահամարով անմիջապես զանգահարեցի նրան: Ինձ համար շատ անսպասելի, Բաղդասարյանն անչափ բարեհամբույր մարդու տպավորություն թողեց: Չկարգավորվող հարց չկա, ասաց, կհանդիպենք, կխոսենք: Ես դրանից ոգեւորված` գնացի նրա գրասենյակը, որ այն ժամանակ «Մոսկվայի տան» հարկաբաժիններից մեկում էր: Սա հատուկ եմ նշում, որովհետեւ ս.թ. նոյեմբերի 9-ի թվագրությամբ նրա վերաքննիչ բողոքում այլ հասցե է նշված` Մհեր Մկրտչյան 8/1: Բաղդասարյանը եկավ ճիշտ ժամանակին, եւ մենք բարձրացանք նրա աշխատասենյակ: Խոսակցությունն սկսեցինք առանց նախաբանի, որովհետեւ երկուսս էլ գիտեինք, թե ինչի մասին էինք խոսելու: Այդ ընթացքում նա ինձ համոզում էր, որ վիրավորել եմ Հայկ Բաբուխանյանին, իսկ ես հակառակն էի պնդում:

Քանի որ ինձ հետ միասին դատի էր տրված նաեւ այն լրատվամիջոցը, որտեղ հրապարակվել էր հոդվածս, ես նրան ասացի, որ մեր պայմանավորվածության մասին պետք է խոսեմ գլխավոր խմբագրի հետ, որից հետո միայն կպատասխանեմ: Խոսեք` ասաց: Այդպես էլ բաժանվեցինք, բայց ես նրան այլեւս չզանգեցի, որովհետեւ ելքը, որ նա հուշել էր, անընդունելի էր թե՛ խմբագրության եւ թե՛ ինձ համար:

Հայկ Բաբուխանյանը, Լեւոն Բաղդասարյանը եւ նրա «Լեւ Գրուպ» կանտորան ինձ երեք դատ պարտվեցին եւ ստիպված եղան կարգին հարստացնել պետական բյուջեն: Ես լիուլի բավարարված էի: Բավարարված էի ոչ միայն ՀՀ դատարանի որոշումներով, այլեւ այն պատճառով, որ հաղթել էի` Բաղդասարյանի «խորհուրդներին» չհետեւելով:

Թե այն ժամանակ ինչ ենք խոսել Բաղդասարյանի աշխատասենյակում, ես առայժմ չեմ ասի, որովհետեւ խոսակցության թեման բավականին նուրբ հարցի էր վերաբերում: Հուսամ` նախ կկարողանամ դատարանին համոզել, որ մեղադրող կողմի պաշտպանի ու պատասխանողի հանդիպումը ճիշտ չէ շատ առումներով, եւ ապա՝ որ Հայրիկյանն իրոք տեղյակ չէ Լեւոն Բաղդասարյանի ինքնագլուխ որոշումից` վերաքննիչ բողոք գրել եւ պահանջել 400 հազար դրամ մի լրագրողից, որի հետ դատերում անփառունակ պարտություններ է միայն կրել: Նախապես ասեմ, որ այդ գումարը ոչ միայն չունեմ, այլեւ ունենալու դեպքում էլ չեմ տա: Դա բացառվում է: Եվ սա է իմ պատասխանը վերաքննիչ բողոքով դատարան մտնող Լեւոն Բաղդասարյանին:

Քանի դեռ դատարանից վերաքննիչ բողոքի ծանուցումը չի ստացվել, ես այս խնդրի վրա եմ հրավիրում նաեւ Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրությունը, որովհետեւ այնքան էլ հաճախ պատահող բան չէ, երբ փաստաբանական գրասենյակի կողմից ակնհայտ հալածանք է իրականացվում լրագրողի նկատմամբ: Վատ չէր լինի, եթե նաեւ Փաստաբանական պալատն զբաղվեր Լեւոն Բաղդասարյանի վարքով: Հետաքրքիր չէ՞, օրինակ, թե իրենց կոլեգան, որ երեւելի դատեր է պաշտպանում աղմկահարույց գործերով, ինչու է հանդիպման հրավիրել պատասխանող կողմին` ինքը լինելով մեղադրող կողմ: Կա՞ էթիկայի խախտում: Կարծում եմ` կա եւ այն էլ՝ լուրջ խախտում:

Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

Մեկնաբանություն
X