Վիգեն ջան, սիրուն չէ

Մեր իշխանությունները քաղաքացիական պայքարի կարգավորման երկու տարբերակ են կիրառում։ Առաջինն այն է, որ քաղաքական տարբեր գործիքների ու մեխանիզմների կիրառմամբ քաղաքացիական շարժումը փորձում են դարձնել վերահսկելի՝ սահմանափակելով ու մեկուսացնելով այն, ինչպես նաեւ կանխելով դրա տարածման արեալը, իրենց ագենտներին ներդնելով։ Այսինքն՝ թողնում են, որ պայքարն ինքնահյուծվի, մաշվի ու մարի։ Այս տարբերակի վառ օրինակ էր «Էլեկտրիկ Երեւանը», որի դեմ կտրուկ մեթոդներ չկիրառվեցին, բայց նաեւ ինչ-որ կերպ վերահսկելի դարձրին, եւ այն, աստիճանաբար մաշվելով, անհետացավ։ Մանավանդ՝ կեսքայլ զիջում արվեց պայքարողներին։

Երկրորդ մոտեցումն այն է, երբ քաղաքացիական պայքարը դառնում է տարերային ու անվերահսկելի։ Իշխանությունն ամենից շատ վախենում է սրանից՝ երբ իրավիճակն իր կողմից անկառավարելի է ու անկանխատեսելի։ Նման իրավիճակներում նրանք պատրաստ են գնալ էական զիջումների։ Տրանսպորտի թանկացման դեմ պայքարի հաղթանակը երկրորդ տարբերակի լավագույն օրինակն է։ Հարց է ծագում, թե որ տարբերակը կկիրառվի ներկայումս թափ հավաքող ուսանողական պայքարի դեպքում։ Պայքարը հետաքրքրական է դառնում նաեւ նրանով, որ առջեւում 2018 թվականն է, եւ «վարչապետի» հիմնախնդիր կա առկախված։ Ստեղծված իրավիճակը շատ նման է Մաշտոցի պուրակի պայքարի շուրջ ստեղծված իրավիճակին։ Անլուծելի թվացող հիմնախնդիրը կարգավորվեց այն ժամանակ, երբ միջամտեց Սերժ Սարգսյանը։ Ո՛չ վարչական պատիժները, ո՛չ բռնի ուժի կիրառումը օգուտ չտվեցին։

Հիմա նույնպես ուսանողները կարծես թե աննահանջ են ու մարտական տրամադրված։ Եվ չի բացառվում, որ մի գեղեցիկ օր Սերժ Սարգսյանն իրեն բնորոշ հանդարտությամբ արտաբերի թեւավոր խոսքը․ «Վիգեն ջան, գեղեցիկ չէ»։ Եվ կգտնվի հարցի կարգավորման տարբերակը։

Մինչ հարյուրավոր ուսանողներ փողոցում իրենց բողոքի ձայնն են բարձրացնում ընդդեմ տարկետման իրավունքի վերացման, ՀՀԿ-ի հավերժ երիտասարդ, Երիտասարդական հիմնադրամի նախագահ Կարեն Ավագյանն իր երիտհանրապետականների հետ վերջին օրերին քեֆ-ուրախությունների մեջ է։ Երիտասարդության տոնի առիթով Ավագյանը փարթիներ է կազմակերպում, երեկ էլ մեծ շուքով կազմակերպված միջոցառման ժամանակ, որին մասնակցել են նաեւ շոուբիզնեսի ներկայացուցիչներ, պարգեւատրել է ոմանց։ Մանկավարժական համալսարանի լավագույն ուսանող մի աղջիկ, օրինակ, կմեկնի Մոնտենեգրո։

Մեկնաբանություն
X