Առողջ ընդվզում

Երբ նավը հին է ու խարխուլ, անգամ փոքրիկ քամին կարող է այն խորտակել։ Այս ճշմարտությունը լավ են ըմբռնել մեր իշխանությունները, եւ պատահական չէ, որ տագնապած են ուսանողների բողոքի ակցիաներից։ Անգամ եթե նրանք միանգամայն վստահ լինեն, որ ուսանողական ընդվզման ետեւում ոչ մի քաղաքական նպատակ եւ ուժ կանգնած չէ, այս կայծը կարող է մեծ հրդեհի պատճառ դառնալ՝ տարածվելով այլ դժգոհ խմբերի, հասարակության տարբեր շերտերի շրջանում։ Միայն ուժեղ եւ ինքնավստահ իշխանությունը կարող է հանգիստ վերաբերվել բողոքի նման ակցիաներին եւ կտրուկ միջամտության չգնալ։ Թույլ, երերուն իշխանությունը յուրաքանչյուր ցուցարարի ետեւում հեղափոխության ականջներն է տեսնում եւ իրար անցնում։ Ահա թե ինչու են գործի անցել ռեկտոր ու պրոռեկտոր, վարչապետ ու նախարար։ Նրանց վերաբերմունքը ուսանողական շարժմանը նաեւ երկրում խոսքի ու մտքի ազատության մակարդակի մասին է վկայում։

Եթե ազատ մտքի բաստիոն համարվող Մայր բուհում, որտեղից ժամանակին ղարաբաղյան շարժման ամենաըմբոստ մարտիկներն են ելել, այսօր ընդամենը մի քանի հարյուր ուսանող է ընդվզում, իսկ պրոֆեսորադասախոսական անձնակազմից, ռեկտորատի նիստի ժամանակ, ընդամենը 2 դեկան, դա ոչ մի լավ բանի մասին չի խոսում։ Ընդ որում՝ խնդիրը բոլորովին էլ օրենքի մեջ չէ, այլ ըմբոստանալու, սեփական կարծիք ունենալու, իշխանությանը միշտ զգոն պահելու կարողության։ Պարզ է, որ հանրապետական մեծամասնությունն անցկացնելու է զինապարտության օրենքի վիճարկվող դրույթը, բայց հասարակությունը չի կարող միաձայն եւ ուռռաներով ընդունել ցանկացած իշխանական որոշում, եւ շատ բնական է, որ կան դրա դեմ պայքարողներ։ Եթե մենք ուզում ենք առողջ եւ զարգացող հասարակություն ունենալ, ընդվզման փորձերը ոչ թե պետք է ճնշենք, այլ՝ խրախուսենք։

Մինչ հանրությունն ընդվզում է զինապարտության մասին օրենքում տարկետման վերացման դեմ, իսկ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն էլ կաշվից դուրս է գալիս ձնագնդի էֆեկտով ահագնացող բողոքի ալիքի դեմն առնելու համար, հայոց գեներալներն ընդհատակ են անցել եւ ոչնչով չեն աջակցում բանակին եւ ՊՆ ղեկավարությանը։ Մեր տեղեկություններով՝ Մանվել Գրիգորյանն այս ամսվա սկզբին մեկնել է Դուբայ՝ հանգստանալու, կվերադառնա հաջորդ շաբաթ, որպեսզի մասնակցի երեքշաբթի մեկնարկող ԱԺ քառօրյային։ Սեյրան Սարոյանը նույնպես մի քանի օր Հայաստանում մնալուց հետո վերադարձել է Մոսկվա՝ շարունակելու ցողունային բուժումը ոտքերի շրջանում։

Մեկնաբանություն
X