Կբարեփոխվի՞ հայը

Չի կարելի 21-րդ դարում խնդիրները լուծել 20-րդ, երբեմն՝ անգամ 19-րդ դարի մեթոդներով ու մտածողությամբ։ Մարդկությունը նոր, ժամանակակից մոտեցումներ է ցուցաբերում, աշխատում խնդիրներին կրեատիվ լուծումներ գտնել։ Ասենք, 2017 թվականին պետություններն իրենց անվտանգությունն ապահովելու համար «կալաշնիկովներ» չեն արտադրում, այլ՝ ժամանակակից զենք։ Եթե 20-րդ դարի պատերազմներում հաղթում էր մարդաքանակը, ապա 21-րդ դարում հաղթողը տեխնիկան է, ժամանակակից տեխնոլոգիան։ Եվ, ընդհանրապես՝ հարցերը պատերազմների միջոցով լուծելու մեթոդն իրեն չի արդարացնում անգամ գերտերությունների պարագայում, ուր մնաց փոքրիկ երկրները կարողանային հաջողության հասնել։ Այս տեսանկյունից նայելու պարագայում չես կարող չեզրակացնել, որ 2017 թվականին ոչ թե պարտադիր զինծառայության եւ տարկետման հարցը պետք է քննարկվեր մեզանում, այլ ժամանակակից բանակի ստեղծման, անվտանգության խնդիրների լուծման նոր եղանակները։ Նոր սերնդի, նոր մտածողության առաջարկներ պետք է դրվեին շրջանառության մեջ։ Այդ մոտեցման պարագայում հնարավոր է, որ մյուս խնդիրների լուծման հարցում էլ տեղաշարժեր արձանագրվեին։

Նորովի դիտարկեինք «ԵԱՏՄ, թե Եվրամիություն» հարցը։ Վերանայեինք ցեղասպանության ճանաչման քաղաքականությունը, հարեւանության խնդիրները, սահմանների բաց կամ փակ լինելու հարցը, տնտեսական քաղաքականությունն ու հարկային դաշտը, եկեղեցու ու հավատքի նկատմամբ մեր վերաբերմունքը, միջազգային տարբեր նախագծերին մեր մասնակցության, տարբեր կառույցներում քվեարկությունների, կրթության համակարգի կառուցվածքի ու բովանդակության եւ շատ այլ հարցեր։ Գրեթե չկա մի ոլորտ, որտեղ կտրուկ եւ էական բարեփոխումների կարիք չլինի։ Իսկ մենք կառչած ենք «տրեխաարխալուղային» մեր մտածողությունից։

Մեկնաբանություն
X