Թախծոտ եւ անհույս

Ձմեռը թակում է մեր դռները։ Եթե մի փոքրիկ՝ ապահովված խավի համար դա ռոմանտիկա է՝ ձյուն, սահնակ, դահուկ, Նոր տարի, տոնածառ ու Ձմեռ պապի, ապա բնակչության մի հսկայական մասի համար տագնապ հարուցող հոգսեր են՝ ցուրտ, չջեռուցվող բնակարաններ, Նոր տարվա չպատճառաբանված ծախսեր։ Հոգսեր, որոնք միայն դեպրեսիա ու տխրություն են առաջացնում, անհուսության զգացում, երկիրը լքելու մտածումներ։ Այս մտքերն ավելի են խորանում նրանց մոտ, ովքեր չունեն աշխատանք, կամ ում առջեւ կանգնել է վերահաս գործազրկության վտանգը։ Իսկ օպտիմալացման այն կուրսը, որը բռնել է մեր կառավարությունը, սպառնում է համալրել գործազուրկների շարքերը։ Այդ վտանգի առջեւ են կանգնած քաղծառայողների որոշ խմբեր, օրինակ՝ տեսչությունների կամ տարբեր ՊՈԱԿ-ների աշխատակիցները, հիմա էլ խոսում են դպրոցների հաշվապահների գործազուրկ դառնալու մասին։ Իսկ յուրաքանչյուր գործազուրկ պոտենցիալ գաղթական է, քանի որ նրանցից շատերը հաճախ փորձ էլ չեն անում կրկին աշխատանք գտնել հայրենիքում, նախընտրում են մեկնել երկրից։ Կրասնոդարի, Ռոստովի կողմերից վերադարձող մեր հայրենակիցները, օրինակ, պատմում են, որ հայաբնակ գյուղեր են գոյացել Ռուսաստանում, որտեղ բուն դրած հայերից մեկը քաշել-տարել է իր բոլոր համագյուղացիներին։ Եվ արդյունքում ստացվել է, որ ամբողջ գյուղով տեղափոխվել են Ռուսաստան եւ այնտեղ հող են մշակում։ Նաեւ պատմում են, որ եթե անցյալում հայ մարդն անպայման մի բարեկամ կամ ընկեր պետք է ունենար, որի մոտ առաջին օրերին հանգրվանելու հույսով էր արտագաղթում, ապա հիմա դա էլ պարտադիր չէ՝ մեկնում են դեպի անհայտություն, ապրում են կայարաններում, հանգրվանում բնակարան կոչվելուց շատ հեռու կացարաններում։ Ու պարզ չէ, թե այս ողբերգական վիճակը երբ է փոխվելու։

Մեկնաբանություն
X