Սպասվելիք «աջաբսանդալի» լույսն ու ստվերը

Հայաստանում իշխանությունները փորձում են բավականին յուրօրինակ իրավիճակ ստեղծել ու մեզ էլ կամա-ակամա այդ իրականության մեջ պահել: Հասկանալով, որ երկրում փող չկա, նախ գնում ու փող են խնդրում Արեւմուտքից՝ կամավորաբար որոշակի հանձնառություններ ստանձնելով, հետո գալիս են Հայաստան, ստանձնած հանձնառությունները կյանքի կոչող օրենքների նախագծեր գրում եւ ներդնում հասարակության մեջ, ընդ որում, որպես կանոն, այնպիսի նախագծեր են դրանք լինում, ասել է թե՝ գնում օգնության դիմաց այնպիսի հանձնառություններ են ստանձնում, որ հանրային մեծ աղմուկ, դժգոհություն բարձրանա, ինչն էլ իր հերթին քաղաքական կապիտալի են վերածում եւ նույն Արեւմուտքի հետ սակարկում կամ, խոսակցական լեզվով ասած, «խուրդում»՝ իրենց իսկ ստանձնած հանձնառությունների ի կատար ածումը հետաձգելու կամ որպես «պլան մաքսիմում» չեղարկելու համար:

Ռուսաստանին էլ բացատրում են, թե Արեւմուտքի հինգերորդ էշելոնը տարբեր լրատվամիջոցների, լրագրողների կամ հանրային սեկտորը ներկայացնող կառույցների ձեռքով փորձում է սասանել Հարավային Կովկասում ռուսական վերջին «ֆորպոստ» Հայաստանի ներքին կյանքը եւ բերել Մայդանի: Ու այս ամբողջը մեն միայն մեկ բանի համար` անցնցում վարչապետացնել իշխող մեծամասնության առաջնորդ Սերժ Սարգսյանին, այսօրինակ բեմականացումներով արտաքին աշխարհին փորձել ապացուցել, որ միայն նա կարող է ապահովել ներքին կայունությունը եւ ուժերի բալանսը երկրի ներսում: Ու այստեղ խաղում են Արեւմուտքի եւ Ռուսաստանի այն տրամադրվածության վրա, որ նոր ավելորդ խնդիրներն այս պահին ոչ մեկին ցանկալի չեն, քանի որ եղածն էլ բավարար է: Դե իսկ այն, որ Կրեմլում «մայդան» բառը լսելիս արդեն պարանոյա են ունենում, դա ապացուցվեց էլեկտրականության դեմ թանկացման ակցիաների ժամանակ, երբ ռուսական լրատվամիջոցներն այն ներկայացրին որպես էլեկտրամայդան:

Եթե ուշադիր ուսումնասիրենք, ապա այդքան մեծ աղմուկ հանած ընտանեկան բռնության մասին օրենքի նախագիծն այս բեմականացման հերթական գործողությունն էր: Արդեն պարզ երեւում է նաեւ հաջորդ գործողության նախերգանքը։ Այն կապված է լինելու Քրեական օրենսգրքի փոփոխությունների եւ այդ համատեքստում խտրականության եւ բռնությունների դեմ նախատեսվող հոդվածներին: Արդեն կարելի է պատկերացնել, թե «հայու գեն»-ական ինչպիսի ցույցեր եւ երթեր են լինելու Երեւանում, ինչպես է հանրահայտ մորուքավորն իր համակիրների հետ, փրփուրը բերանին, «քարուքանդ» անելու «այլասերող» Եվրոպան, ինչպես են հայտնի սաքուլիկները «Վլադիմիրսկի ցենտրալ» երգի հնչյունների ներքո սափրագլուխների նման դուրս գալու փողոցներ՝ ռեյդերի եւ հաշվեհարդար տեսնելու նրանց հետ, ովքեր դույզն-ինչ տարբեր կարծիք կունենան, քան իրենք, եւ ինչպես է «Հայոց հնամենի հողում վերաարթնանալու նժդեհյան ոգին եւ հառնելու հանց փյունիկ թռչուն»` Պուտինի տիրախնամ սապոգի ապահով հովանու ներքո: Ու այս ամեն ինչի ֆոնին ոչ ոք չի էլ հարցնելու իշխող քաղաքական մեծամասնությանը՝ իսկ այդ ողջ «աջաբսանդալում» որքա՞ն է լինելու ձե՛ր պատասխանատվությունը:

Տիգրան ՎԱՀԱՆԵ

Մեկնաբանություն
X