100 տարի անց

Ի՜նչ շուքով կնշվեր Հոկտեմբերյան հեղափոխության 100-ամյակը, եթե Սովետական Միությունը գոյատեւեր։ Անպայման նոյեմբերի 7-ին մեծ շքերթ կանեին, աշխատավորները պաստառներով ու փուչիկներով կանցնեին հրապարակով, եւ Պոլիտբյուրոյի ընտրյալ ղեկավարությունը Լենինի հրապարակի պատվանդանից ձեռքով կողջուներ ու կժպտար հասարակ մահկանացուներին։ Ո՞վ կարող էր սովետական տարիներին կանխատեսել, որ 2017 թվականին՝ հեղափոխության 100-ամյակի օրերին, ապրելու ենք ոչ թե կոմունիզմի դարաշրջանում, ինչպես խոստանում էին ՍՄԿԿ ղեկավարները, այլ դաժան կապիտալիզմի։ Ո՞վ կսպասեր, որ հզոր Կոմկուսը ոչ միայն չի ղեկավարելու երկիրը, այլ խեղճուկրակ մի խմբակի է վերածվելու, որի անդամներն անգամ ընտրական 5 տոկոսի շեմը չեն հաղթահարելու։ Իսկ ՀԿԿ ղեկավարի հրաժարականը ոչ թե պարալիզացնելու է երկրի կյանքը, փոթորիկ է առաջացնելու քաղաքական դաշտում, այլ այնքան աննկատ է անցնելու, որ ընդամենը hraparak.am կայքը հպանցիկ գրելու է․ «Մեր տեղեկություններով` Հայաստանի կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից՝ առողջական խնդիրների պատճառով։ Այս տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց ՀԿԿ կազմակերպական բաժնի ղեկավար Բորիս Գյուրջյանը․ «Նա դիմում է գրել, իր դիմումը բավարարել ենք։ Նա նշել է, որ պատճառը հիվանդությունն է, այժմ Տաճատ Սարգսյանը գտնվում է Մոսկվայում»»։ Եվ վերջ։ Բայց սա դեռ ամբողջը չէ։ Մի՞թե կարող էինք 30 տարի առաջ ենթադրել, որ հեղափոխության 100-ամյակի առիթով ռուսական հեռուստատեսությամբ ֆիլմ կցուցադրվի, որտեղ բաց ու համարձակ կպատմեն, թե ինչպես է գերմանական իշխանությունը ֆինանսավորել Լենինին՝ Ռուսաստանում հեղաշրջում իրականացնելու համար։ Այո, պատմության անիվը չես շրջի։

Մեկնաբանություն
X